Պայմանավորված խաղեր Բելգիայում

09/02/2006

Բելգիական «VRT» հանրային հեռուստաալիքի հավաստմամբ, Բելգիայի ֆուտբոլի առաջնության պայմանավորված հանդիպումների ետեւում կանգնած է չինական մաֆիան, որը վերահսկում է նաեւ ինտերնետով խաղադրույքներ վերցնող որոշ բուքմեյքերական ընկերություններ։

 «Անցյալ տարի չինական մաֆիայի պատվերով բարձրագույն խմբում անցկացվել է 8 պայմանավորված հանդիպում»,- նշել է հեռուստաալիքը՝ ավելացնելով, որ դրանցից վեցը եղել են «Լա Լուվիեր» ակումբի մասնակցությամբ։

«Սպորտ էքսպրեսի» հաղորդմամբ, Բելգիայի քննչական մարմիններն այս առիթով արդեն գործ են հարուցել։

Ոստիկանության ուշադրությունը գրավել են երկու հանդիպումներ, որոնց վրա բավական մեծ գումարների հասնող խաղադրույքներ են կատարվել։ Այսպես, «Սենտ-Տրույդեն»-«Լա Լուվիեր» հանդիպման վրա, որն ավարտվել է 1-3 հաշվով, կատարվել է 600 հազար եվրոյի խաղադրույք, իսկ նոյեմբերի 5-ին տեղի ունեցած «Բրյուգգե» – «Սենտ-Տրույդեն» հանդիպման վրա՝ 230 հազար։ Այդ խաղում «Բրյուգգեն» առավելության է հասել 2-1 հաշվով։

Այս փաստն ուշագրավ է նրանով, որ Բելգիայի առաջնության առանձին հանդիպումների վրա կատարվող խաղադրույքները սովորաբար չեն գերազանցում 25 հազար եվրոն։

«Լա Լուվիերի» եւ «Սենտ-Տրույդենի» խաղացողներին կաշառելու մեջ մեղադրվում է չինացի մի գործարար, որը ներկայումս բնակվում է Ֆրանսիայում։