Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը դատապարտել է եվրոպական երկրների պարբերականներում տպագրված Մոհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք մեծ զայրույթ են առաջացրել մահմեդական աշխարհում: «Զանգվածները նվաստացվել են, եւ լուրջ հարված է հասցվել քաղաքակրթությունների միջեւ երկխոսության հաստատմանն ուղղված ջանքերին»,- ասել է Մութաֆյանը «Ասոշիեյթեդ Փրես» գործակալությանը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերին դանիական հանդեսներից մեկը տպագրել էր Մոհամեդ մարգարեի ծաղրանկարները, որոնք վերատպվել էին եվրոպական այլ երկրներում: Դա բողոքի ալիք է առաջացրել մահմեդական երկրներում: «Այդ նկարները չեն խախտում մամուլի կամ խոսքի ազատությունը, դրանք խաթարում են բարոյական արժեքները»,- ասել է Պոլսո պատրիարքը: