Երեկ ժամը 19։30-ի սահմաններում, մեր աղբյուրների հավաստմամբ, երկու զինված անձինք հարձակվել են «Հայինկասացիայի» աշխատակից Ալեքսան Արտուշի Դավթյանի (ծնված 18.08.1957թ.) վրա, երբ վերջինս դուրս գալիս է եղել «Յունիբանկի» Արաբկիրի մասնաճյուղի շենքից։ Վերջինս, ամենայն հավանականությամբ, դիմադրություն է ցույց տվել, քանի որ հարձակվողները գործի են դրել հրազենը։ Ստացված վնասվածքներից ինկասատորը տեղում մահացել է, իսկ հարձակում գործած անձինք առեւանգել են «Հայինկասացիային» պատկանող ավտոմեքենան (ՎԱԶ 21-06 մակնիշի 222 SL 01)։ 20 րոպե անց դեպքի վայր են հասել Ոստիկանության աշխատակիցները, իսկ ոստիկանության տարածքային բաժիններին հրահանգվել է անցնել ուժեղացված ծառայության: Թե որքան գումար է եղել մեքենայի մեջ եւ ինչ քայլեր են ձեռնարկվել հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ, առայժմ հայտնի չէ։ Զարմանալին այն է, որ «Հայինկասացիայի» աշխատակիցը, մեր տվյալներով, միայնակ է եղել մեքենայի մեջ, մինչդեռ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ինկասատորները երբեք մենակ չեն աշխատում։ Դեպքի վայրում անձամբ եղել է ՀՀ Ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: Դեպքի առթիվ Արաբկիրի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Մեր տեղեկություններով, երեկ կողոպտել են Արաբկիրում գտնվող եւս 15 տարադրամի փոխանակման կետ: Մեր ունեցած նախնական տվյալներով, կողոպտված ընդհանուր գումարը կազմում է 70-80 հազար ԱՄՆ դոլար: Դեռեւս օրեր առաջ էինք մեր մտահոգությունը հայտնել այն մասին, որ վերջին շրջանում կատարվող գողությունների (հրազենի գործադրմամբ) եւ նմանատիպ հանցագործությունների քանակը հիշեցնում է 1992-94 թվականները: Ի դեպ, 2005թ. բազմաթիվ դեպքեր են արձանագրվել տարադրամի փոխանակման կետերից: Հետաքրքիրն այն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում նման հանցագործություններում նկատվում է մի ձեռագիր, երբ գողություն կատարողները ոչ թե վախեցնում են, այլ սպանում: