ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսն իր երեկվա ասուլիսի ժամանակ բավական ուշագրավ հայտարարություն արեց` դիվանագիտորեն «մատ թափ տալով» ՀՀ իշխանությունների վրա: ԱՄՆ դեսպանը Հայաստանի իշխանություններին նախազգուշացրեց, որ Իրանի հետ իր հարաբերությունները կառուցելիս չի կարելի անցնել չափը, քանի որ այդպիսով անուղղակիորեն օժանդակում են ահաբեկչությանը:
Հակառակ դեպքում, պարոն Էվանսը սպառնաց, որ բոլոր այն երկրները կամ կազմակերպությունները, որոնք խոշոր չափերի հասնող ներդրումներ կկատարեն Իրանի էներգետիկ ոլորտում, ԱՄՆ-ի կողմից պատժի կենթարկվեն: Երեկվա ասուլիսի ընթացքում, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ամենամյա ուղերձը, Ջոն Էվանսն ասաց, որ ԱՄՆ-ը շատ կարեւոր է համարում ամբողջ աշխարհում խաղաղության ու կայունության հաստատումը: Սակայն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմեդինեջադի` միջուկային զենքի ծրագրի վերաբերյալ վերջին շրջանում հաճախակի դարձած հայտարարությունները անհանգստացրել են ԱՄՆ-ին: «Իրանն աջակցում է ահաբեկիչներին, այդ երկրում արդեն 20 տարի անընդմեջ խախտվում են մարդու իրավունքները, եւ որ ԱՄՆ-ին անհանգստացնում է միջուկային զենքի ծրագիրը»,- ասաց Ջ. Էվանսը: Դեսպանն ընդգծեց, որ ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ը ակնկալում է իր դաշնակիցների աջակցությունը: «ԱՄՆ օրենսդրության համաձայն` այն երկրները կամ կազմակերպությունները, որ նշված չափից ավելի ներդրումներ են կատարում Իրանի էներգետիկ ոլորտում, կպատժվեն»,- ՀՀ իշխանություններին նախազգուշացրեց ԱՄՆ դեսպանը: Սակայն Ջ. Էվանսը շտապեց հավելել, որ Հայաստանն առայժմ չի անցել իր չափը, բայց եւ չպետք է մոռանա այդ մասին: «ԱՄՆ-ը ըմբռնումով է վերաբերվում ՀՀ էներգետիկ իրավիճակին եւ այն հանգամանքին, որ ՀՀ-ն ձգտում է դիվերսիֆիկացնել իր էներգետիկ աղբյուրները: Մինչեւ հիմա ՀՀ-ի կատարած քայլերը, Իրանի հետ աշխատանքներն ամերիկյան օրենսդրության պահանջներին չի հակասել»,- ասաց Էվանսը` ավելացնելով, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպումների ժամանակ բազմիցս նախազգուշացրել է չափը չանցնելու մասին: Իսկ թե ԱՄՆ-ի այդ պահանջը չկատարելու դեպքում ինչպիսի՞ պատժամիջոցներ կկիրառվեն ՀՀ-ի նկատմամբ, դեսպանը չմանրամասնեց, քանի որ, նրա խոսքերով, ճիշտ չի լինի, եթե այս պահին ձեւակերպի ԱՄՆ-ի դիրքորոշումը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն անդրադարձավ նաեւ Վերին Լարսում հունվարի լույս 22-ի գիշերը տեղի ունեցած գազատարի պայթյունին ու դրա հետեւանքով առաջացած էներգետիկ ճգնաժամին: «Գազատարի պայթյունի հետ կապված վերջին ճգնաժամը ցույց տվեց, որ անհրաժեշտ է Հարավային Կովկասի համար էներգետիկ ռեսուրսների ապահովման կայուն միջոց գտնել»,- իր կարծիքը հայտնեց Ջ. Էվանսը: Դեսպանի խոսքերով, իրենց երկիրն ուշադրությամբ հետեւում է գազի շուրջ ծավալված իրադարձություններին: «Ես միայն կասեմ, որ Միացյալ Նահանգների կարծիքով` էներգետիկ ռեսուրսների գինը պետք է շուկան որոշի եւ ոչ աշխարհաքաղաքականությունը»,- հայտարարեց ԱՄՆ դեսպանը: Վերջինս շուկային է ապավինում հայ-իրանական գազամուղը տարանցիկ դարձնելու հարցը: Սակայն քանի դեռ այդ հարցում իրական առաջընթաց չկա, դեսպանը չցանկացավ արտահայտել իրենց երկրի վերաբերմունքը: «Միացյալ Նահանգները ազատ շուկայի կողմնակից է եւ նախընտրում է, որ լուծումներ գտնեն ազատ շուկայի պայմաններում»,- ասաց Էվանսը` ընդգծելով Կովկասի համար էներգառեսուրսների կայուն աղբյուր գտնելու անհրաժեշտությունը:
ԱՄՆ դեսպանը հատուկ ընդգծեց, որ ԱՄՆ-ը ամբողջ աշխարհում սատարում է ժողովրդավարական բարեփոխումներին: «Մենք աջակցում ենք աճող, զարգացում ապրող ժողովրդավարություններին, սակայն նկատելի է, որ ժողովրդավարությունները ազգային, մշակութային եւ այլ առանձնահատկություններ ու դրսեւորումներ են ունենում: Ժողովրդավարության մի հստակ մոդել չկա, որ ամեն տեղ հնարավոր լինի կիրառել կամ պարտադրել»,- ասաց դեսպանը:
Ի դեպ, երեկվա ասուլիսի ժամանակ ԱՄՆ դեսպանը հնարավորինս շրջանցում էր ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերը` մեկնաբանելով, որ իրենք չեն զբաղվում խնդրի կարգավորմամբ: «Այս հարցում մենք համագործակցում ենք Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ եւ մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ համանախագահներն ամեն ինչ անում են խնդրի խաղաղ կարգավորման համար,- ասաց նա` ավելացնելով,- երկու կողմերի մոտեցումները տարբերվում են: Հարցի կարգավորմամբ զբաղվող դիվանագետների եւ երկու երկրների նախագահների համար ամենադժվար խնդիրները երկու կողմերի համար ընդունելի լուծում գտնելն է»: Ինչ վերաբերում է հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայմանն ու խաղաղապահների կազմին, ապա Էվանսի խոսքերով. «Այսօր վաղաժամ է խոսել, թե ինչ կազմով կներկայանան խաղաղապահ ուժերը, այն պարագայում, երբ այդ ուժերը տեղակայելու մասին համաձայնություն կայացված չէ»:
Հ.Գ. Ի դեպ, անդրադառնալով 2005թ. ՀՀ-ում տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ու դրա վերաբերյալ իրենց գնահատականներին, Ջոն Էվանսն ասաց, որ իրենք այդ հարցին ժամանակին անդրադարձել են: «Իսկ վերջերս հազարամյակի մարտահրավերների կորպորացիայի տնօրեն դեսպան Դանիլովիչը նամակ էր ուղարկել Քոչարյանին, որտեղ հստակ արտահայտված էին մեր մտահոգությունները հանրաքվեի վերաբերյալ»,- ասաց Ջ. Էվանսը: Ի դեպ, դեսպանը տեղեկացրեց, որ մոտ մեկ ամսից պատրաստ կլինի ԱՄՆ Պետքարտուղարության` մարդու իրավունքների մասին զեկույցը, որտեղ անդրադարձ կլինի նաեւ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությանը: