Ավանդույթի համաձայն, արդեն որերորդ անգամ, երբ Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության կարգավորման հարցում էական առաջընթաց արձանագրելու հնարավորության մասին խոսակցություններն ակտիվանում են, իրենց գոյության մասին սկսում են հիշեցնել խիստ հայրենասիրական անուններով տարատեսակ հասարակական կազմակերպություններ, որոնց հիմնական ասելիքն այն է, որ քննարկվող հավանական փաթեթի սկզբունքային կետերն իրենց համար անընդունելի են, որ չի կարելի ոչ մի թիզ հող զիջել թշնամուն, որ թուրքը մնում է թուրք եւ այլն:
Բացառություն չեղավ նաեւ այս անգամ: Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների փետրվարյան հանդիպման նախօրեին, համանախագահների լավատեսական հայտարարություններին զուգահեռ, թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմից հնչում են հայտարարություններ, որոնք պետք է որ մտահոգեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Օրերս Ադրբեջանի կառավարության ընդլայնված նիստում այդ երկրի ղեկավար Իլհամ Ալիեւը հայտարարել էր, թե ԼՂ հարցում Ադրբեջանը Հայաստանին ոչ մի զիջում չի անի, եւ, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը քննարկման առարկա լինել չի կարող: Իսկ թե այս հայտարարությունից հետո ինչի՞ շուրջ բանակցելու նպատակով է Ալիեւը մեկնում Ֆրանսիա, նա չի ասել: Ադրբեջանի ղեկավարի այս հայտարարությունը պետք է որ հիասթափեցներ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, քանզի դրանով եւս մեկ անգամ ապացուցվում է, որ այսօր կողմերի դիրքորոշումներն իրականում միմյանցից շատ հեռու են: Միաժամանակ Բաքվում դարձյալ ակտիվացել են, այսպես կոչված, «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» ներկայացուցիչները, ովքեր պնդում են, թե համանախագահները կողմնակալ են եւ, որ հակամարտության կարգավորման քննարկվող փաթեթն անընդունելի է ադրբեջանցիների համար: Եվ ահա երեկ էլ Գիտությունների ազգային ակադեմիայում կլոր սեղան էր հրավիրել 1996-ին ստեղծված «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» անունը կրող եւ իր մեջ մի շարք հասարակական եւ քաղաքական կազմակերպություններ ներառող կազմկոմիտեն: Կլոր սեղանը, որին մասնակցել են նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանը, մտավորականների ֆորումի ավագանու անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը եւ այլք, լրագրողների համար փակ է եղել: Կլոր սեղանից հետո կազմկոմիտեն, որի նախագահը Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանն է, ասուլիս էր հրավիրել: Սակայն ասուլիսին արդեն ներկա չէին ո՛չ Վ. Հարությունյանը, ո՛չ Ա. Բազեյանը: Ինչեւէ, ասուլիսի ընթացքում կազմկոմիտեի նախագահը տեղեկացրեց, որ կլոր սեղանը նվիրված է եղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին: «Մենք մտահոգված ենք, որ ԼՂ հիմնահարցի գործընթացում առկա են նոր զարգացումներ եւ դրանք մեզ համար շատ հարցերում անընդունելի են»,- տեղեկացրեց Արամ Գ. Սարգսյանը: Վերջինիս խոսքերով՝ իրականում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները բանակցություններ չեն, այլ պարզապես հանդիպումներ են: Ա. Սարգսյանը պնդում է նաեւ, որ այսօր բանակցություններ չկան: Կազմկոմիտեի անդամներն իրենց տեսակետները հայտնելիս հիմնվում էին, իրենց իսկ խոսքերով, մամուլ հեղեղած տեղեկություններից իրենց արված ենթադրությունների վրա: Եվ ըստ այդմ, երկու երկրների ղեկավարների հանդիպումների ընթացքում «արծարծվող սկզբունքներն» «Ի պաշտպանություն ԼՂՀ-ի» կազմկոմիտեն որակում է որպես հայկական կողմի համար անընդունելի: «Խոսքը չորս հիմնարար սկզբունքների մասին է, որոնցով ասվում է, թե պետք է լուծվի տարածքների հարցը, եւ անընդհատ խոսքը գնում է միայն հայկական կողմի զիջման մասին, որ ադրբեջանցի փախստականները պետք է վերադառնան, որ այդ տարածքներում պետք է տեղակայվեն խաղաղապահ ուժեր, եւ հետաձգված հանրաքվեն»,- մանրամասնեց կազմկոմիտեի ղեկավարն ու շեշտեց, թե դրանք իրենց համար անընդունելի են: Այնուհետեւ Արամ Գ. Սարգսյանը ներկաներին, կարելի է ասել, մի գլուխկոտրուկ առաջարկեց: Ըստ Ա. Սարգսյանի, իրենք առաջարկում են, որպեսզի ՀՀ-ն ճանաչի ԼՂ անկախությունն Ադրբեջանից, ինչը, նրա պնդմամբ, չի նշանակում, թե իրենք առաջարկում են, որպեսզի ՀՀ-ն ճանաչի ԼՂ անկախությունը: Ահա բառացիորեն ողջ գլուխկոտրուկը, փորձեք ինքներդ գլուխ հանել, թե ինչ էր ասում կազմկոմիտեի նախագահ Ա. Սարգսյանը. «Այս փուլում, որպեսզի ԼՂՀ-ն դառնա բանակցությունների լիիրավ կողմ, անհրաժեշտ է, որ ՀՀ ԱԺ-ն ճանաչի ԼՂՀ՝ լեգիտիմորեն ձեռք բերված անկախությունն Ադրբեջանից: Դա չի նշանակում, որ մենք ԼՂ-ն ճանաչում ենք որպես անկախ պետություն: Միայն այդ դեպքում ԼՂՀ-ն որպես բանակցությունների սուբյեկտ իրավունք է ստանում մասնակցելու այս բանակցություններին որպես կողմ»: Այս մասին, ըստ նրա, օրերս ակնարկել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ պարոն Դը Գուխտը, երբ հայտարարել է, թե այսօր ԼՂ-ն բանակցությունների կողմ չի կարող լինել, որովհետեւ ճանաչված չէ: «Դա ամենակարեւոր քայլն է, որը պետք է Հայաստանն անի: Առանց Հայաստանի այդ քայլի ոչ մի այլ պետություն նման հայտարարությամբ երբեւիցե հանդես չի գա»,- պնդում է կազմկոմիտեի նախագահը: Ավելին՝ կլոր սեղանի մասնակիցները նաեւ այն կարծիքին են, որ «մինչեւ ԼՂ-ն չվերականգնի իր կարգավիճակը որպես բանակցությունների կողմ, Հայաստանը պետք է հրաժարվի այս երկկողմ հանդիպումներից»: Միեւնույն ժամանակ Արամ Գ. Սարգսյանը նշում է, թե հաշտեցման համընդհանուր գործընթացը չի կարող հաջողությամբ պսակվել մինչ այն պահը, երբ երկու ժողովուրդների միջեւ չվերանա առկա թշնամանքը, իսկ վերջինս էլ, նրա կարծիքով, ավելի հստակ հրահրվում է Ադրբեջանի կողմից: Եվ հավանաբար որպեսզի ադրբեջանական կողմից այդ հարցում հետ չմնանք, նկատի ունենալով ադրբեջանցի սպայի կողմից Բուդապեշտում հայ սպայի դաժան սպանությունը եւ Նոր Ջուղայի վայրագությունները՝ Ա. Սարգսյանը կարծիք հայտնեց, թե «եղեռնագործ ազգը դեռ չի վերադարձել քաղաքակիրթ աշխարհ»:
Իսկ թե ինչպես պետք է «ԼՂ-ի անկախությունն Ադրբեջանից» ճանաչելով, երկկողմ հանդիպումներից հրաժարվելով` երկու ժողովուրդների հաշտեցման համընդհանուր գործընթաց տանել, դա էլ երեւի հաջորդ գլուխկոտրուկն է: Ինչեւէ, կազմկոմիտեի ղեկավարի խոսքերով՝ եթե Հայաստանը ստորագրությամբ տարածքներ վերադարձնի, դա կվկայի միայն մեկ բանի մասին, այն մասին, որ Հայաստանն ագրեսոր է, որովհետեւ ինքն է վերադարձնում, այսպես կոչված, օկուպացված տարածքները: Միեւնույն ժամանակ նա ընդգծում է, թե Ադրբեջանից ԼՂ անկախությունը ճանաչելը միայն առաջին փուլն է: «Երկրորդ փուլն այն է, որ ԼՂ ժողովուրդը, օգտագործելով իր ինքնորոշման իրավունքը, կորոշի՝ վերամիավորվո՞ւմ է Հայաստանի հետ, թե՞ մնում է որպես անկախ պետություն»,- կարծում է Ա. Սարգսյանը: Իսկ ի՞նչ պետք է անել, եթե երկու երկրների ղեկավարներն առաջիկա հանդիպումների ժամանակ վերը նշված այդ չորս անընդունելի կետերի շուրջ հանկարծ համաձայնության գան: «Այդ դեպքում պետք է դեմ տալ այն հանգամանքը, որ մեր նախագահը 2003-ից լեգիտիմ չէ, եւ նրա ստորագրածը մենք կարող ենք եւ չընդունել, պարտավորված չենք ընդունել»,- կարծում է քննարկման մասնակից ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը:
Հ.Գ. Երեկ Ա. Սարգսյանը նաեւ կարծիք հայտնեց, թե Միջազգային ճգնաժամերի խումբը լոբբիստական կազմակերպություն է, եւ այդ կառույցը ոչնչով չի նպաստելու ԼՂ հարցի «հայանպաստ, արդարացի» լուծմանը: