«Ինձ թվում է, որ ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմը ջանում է ժամանակ շահել ղարաբաղյան հակամարտության հարցում: Հայերը համարում են, որ որքան շատ ժամանակ անցնի, որքան երկար իրադրությունը նույն վիճակում մնա, այնքան շատ հույս կլինի, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը դե ֆակտո կարգավիճակից կվերածվի դե յուրեի: Իսկ Ադրբեջանը համարում է, որ տնտեսական իրավիճակը երկրում յուրաքանչյուր տարի բարելավվում է նավթի բարձր սակագներից ստացվող եկամուտների հաշվին»,- հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի Կովկասի գծով ծրագրային տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս ասել է Լեռնային Ղարաբաղին «Ադրբեջանի կազմում ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ տրամադրելու իր պատրաստակամության մասին», սակայն հստակ չի բացատրել, թե կոնկրետ ինչ է պետք հասկանալ «ինքնավարության ամենաբարձր կարգավիճակ» տերմինի տակ:
Սաբինա Ֆրեյզերն անդրադարձել է նաեւ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցին: Նրա խոսքերով, ՄՃԽ-ն պնդում է, որ խաղաղապահ ուժերը ղարաբաղյան հակամարտության գոտում չպետք է լինեն ԱՄՆ-ից, Ռուսաստանից կամ Թուրքիայից: «Մենք գտնում ենք, որ խաղաղապահ ուժերը պետք է պատկանեն եվրոպական հանրությանը»,- հայտարարել է Ս. Ֆրեյզերը: Ի դեպ, ՄՃԽ ներկայացուցիչն ընդգծել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միակ չճանաչված տարածքային միավորն է, որին ԱՄՆ-ը օգնություն է տրամադրում: Եվ ըստ Ս. Ֆրեյզերի, 1998-2004թթ. ԱՄՆ օգնության չափն այդ «հանրապետությանը» կազմել է 17 մլն դոլար:
Ա.Գ