«Ոչ մի թիզ հողն» այլեւս հայեցակարգային չէ՞

07/02/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովը միայն երեկ որոշեց համապատասխան եզրակացություն ու հայեցակարգ ընդունել 2005թ. մարտի 29-30-ին ԱԺ-ում տեղի ունեցած ԼՂՀ հիմնահարցի շուրջ լսումների վերաբերյալ, որտեղ որեւէ անդրադարձ չկա վերջին ամիսների ընթացքում միջազգային տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարություններին, թե ԼՂՀ հիմնահարցի վերջնական կարգավորումը մեկ տարվա կամ մի քանի ամիսների խնդիր է: Հանձնաժողովի անդամներն այդ հայեցակարգը ոչ միայն ուշացած չեն համարում, այլեւ գտնում են, որ այն մեր պատմության մեջ նախադեպը չունեցող փաստաթուղթ է, թեկուզ ոչ իրավական:

Ուշագրավն այն է, որ այդ փաստաթղթում, ի տարբերություն նախկինում ընդունված ոչ «հայեցակարգ» կոչված փաստաթղթերի, որեւէ բառ չկա ազատագրված տարածքների վերադարձման անթույլատրելիության մասին: Մինչդեռ նախկինում նմանատիպ հայտարարություններում հատուկ ընդգծվում էր «Ոչ մի թիզ հող» ադրբեջանցիներին թեզը: Փոխարենն այդ եզրակացության մեջ պատգամավորները ներառել են հետեւյալ անորոշ դրույթները, որոնք հայկական կողմը պետք է բանակցային գործընթացում հետեւողականորեն պահպանի: Դրանք են` Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի ենթակայության բացառում, Լեռնային Ղարաբաղի անկլավային վիճակի բացառում եւ Հայաստանի հետ ցամաքային անվտանգ եւ ապահով սահմանի առկայություն, ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորում, համաշխարհային առաջադեմ գործընթացներին ԼՂՀ մասնակցության համար միջազգային երաշխիքների ապահովում, ադրբեջանահայության կրած նյութական եւ բարոյական վնասների, ներառյալ` հայրենիքի կորուստի, համարժեք փոխհատուցման ապահովում: ԱԺ «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Արամ Գ. Սարգսյանն այս առնչությամբ ասաց. «Ճիշտ է, այդ փաստաթղթում կոնկրետ տարածքների վերադարձման-չվերադարձման մասին խոսք չկա: Այս փաստաթղթում նման խնդիր չկա դրված, այնտեղ ուղղակի խոսքը գնում է այն մասին, որ ԼՂՀ-ն պետք է ունենա անվտանգ ապահովված սահմաններ, թե դրանք որո՞նք կլինեն` նշված չէ: Վերադարձ-չվերադարձ բառեր չկան»:

«Հակամարտության կարգավորումն ունի անվտանգ եւ ընդունելի միայն մեկ ճանապարհ: Դա հիմնախնդրի լուծմանը տանող, խաղաղ, միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող բանակցությունների արդյունավետ իրականացումն է: Որեւէ այլ ճանապարհ կամ բանակցային գործընթացը տանում է դեպի փակուղի` անորոշ ժամանակով երկարաձգելով հակամարտության կարգավորումը, կամ` դեպի նոր պատերազմ»,- նշված է եզրակացության մեջ: ԱԺ վերոնշյալ հանձնաժողովականներն իրենց «աննախադեպ» հայեցակարգում կարեւորում են եւս մեկ ուշագրավ, դարձյալ ուշացված հանգամանք: Այն է` «արդյունավետ եւ ամբողջական բանակցությունների կայացման անխուսափելի պայման է Լեռնային Ղարաբաղի որպես բանակցային իրավահավասար կողմի լիարժեք մասնակցության ապահովումը»: Ընդդիմադիր պատգամավորներից մեկն այս դրույթի վերաբերյալ հիշեցրեց շրջանառվող վարկածը, թե` Քոչարյան-Ալիեւ փետրվարյան հանդիպման ընթացքում, երբ կողմերին պարտադրվի ստորագրել համապատասխան փաստաթուղթ, Ռ. Քոչարյանը հրաժարվելու է` մեջբերելով հենց այս փաստարկը, թե «Հայաստանի ԱԺ-ի համար ընդունելի չէ լուծման ցանկացած տարբերակ, քանի դեռ բանակցային գործընթացում որպես կողմ ընդգրկված չէ ԼՂՀ-ն»: Մեր զրուցակցի հավաստմամբ, այս եզրակացություն-հայեցակարգի «աննախադեպությունը հենց դրանում է կայանում»:

ԱԺ հայեցակարգում նաեւ բերվում են պարզաբանումներ, թե ինչու է Հայաստանը եւ ոչ` ԼՂՀ-ն մասնակցում բանակցություններին. «Լեռնային Ղարաբաղը հակամարտության հիմնական եւ ինքնուրույն կողմ է: Հայաստանը իր եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառված տեւական ագրեսիայի պատճառով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մեջ ներքաշված կողմ է եւ հանդիսանում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման երաշխավորը: Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեռեւս միջազգայնորեն չճանաչված լինելու պատճառով, տարբեր միջազգային ատյաններում ներկայացնում եւ պաշտպանում է նրա շահերը, բայց չի կարող ամբողջովին փոխարինել նրան»:

Արամ Գ. Սարգսյանից հետաքրքրվեցինք` ընդդիմության համար ընդունելի՞ է այդ հայեցակարգը, ինչին ի պատասխան` նա ասաց. «Հիմնականում ընդունելի տարբերակ է: Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է, որպեսզի ԱԺ-ն ճանաչի ԼՂՀ լեգիտիմորեն ձեւավորումը, նրա անկախությունն Ադրբեջանից, ինչը ԼՂՀ-ին իրավունք է տալիս մասնակցելու բանակցային գործընթացին: Սակայն այս մասին որեւէ խոսք չկա եզրակացություն-հայեցակարգի մեջ: Սա վերջերս անուղղակիորեն շեշտեց նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ դը Գուխտը: Այնինչ մենք այս առաջարկն արել ենք տարիներ առաջ, սակայն ԱԺ-ն եւ ընդհանրապես իշխանություններն այն անտեսել են, ու հիմա նույնն իրենց Եվրոպան է ասում: Մենք հիմա նորից ենք դա պահանջելու»:

Ինչ վերաբերում է այս հայեցակարգի լրջությանը, ապա ընդդիմադիր պատգամավորի հավաստմամբ, «սրա հետ պետք է որ հաշվի նստեն իշխանությունները, իսկ եթե այն դրվեր նաեւ ԱԺ օրակարգում եւ ընդուներ, շատ ավելի հզոր ուժ կունենար»: Հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի տեղեկացմամբ, այն ներկայացվելու է ԱԺ խումբ-խմբակցություններին, որպես աննախադեպ փաստաթուղթ: «Այն աննախադեպ է, որովհետեւ, իրոք, առաջին անգամ է նման հայեցակարգային խնդիր բարձրացվում: Այսպիսի փաստաթուղթ առ այսօր նույնիսկ ԱԳՆ-ն չի մշակել»,- ասաց Արամ Գ. Սարգսյանը:

Իսկ ի՞նչ նշանակություն ու դերակատարում կարող է ունենալ այս փաստաթուղթը, եթե իշխանությունները շեղվեն դրանից` հարցին Արամ Գ. Սարգսյանը պատասխանեց. «Այդ դեպքում ԱԺ-ն, կարծում եմ, պետք է պարտադրված լինի` իր հանձնաժողովի կողմից մշակվածը քննարկի եւ համապատասխան որոշում կայացնի»:

Ավելացնենք, որ այս եզրակացությունն ուղարկվելու է նաեւ Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանատներին:

Հ.Գ. Ի դեպ, այս եզրակացության նպատակն անհասկանալի է նաեւ այն պատճառով, որ այնտեղ չկա որեւէ դրույթ, որն իշխանությունների կողմից երբեւէ հնչած չլինի եւ հակադրվի նրանց տեսակետներին: Խորհրդարանականներն այն ընդամենը փաստաթուղթ են դարձրել: Իսկ թե ի՞նչ նպատակով` կպարզվի առաջիկայում: