«Ֆրանսիայում Հայաստանի տարվան հաջորդելու է Թուրքիայի տարին»,- Թուրքիա կատարած պաշտոնական այցի ավարտին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազին: Երկօրյա այցի ընթացքում Թուրքիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հանդեպ Թուրքիայի որդեգրած դիրքորոշումը, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, Եվրամիության ընդարձակմանն ու Հայոց ցեղասպանությանը վերաբերող հարցեր: Խոսելով Ֆրանսիայում ընդունված հայերի ցեղասպանությունը դատապարտող օրինագծի մասին, Ֆիլիպ Դուստ-Բլազին ասել է, որ այդ խնդիրը մարդկանց հուզում է նույնքան, որքան պատմաբաններին: «Ֆրանսիան գնահատում է թուրքական հասարակության մեջ այս հարցի շուրջ ծավալվող երկխոսությունը: Հստակ է, որ 2001 թվականին Ֆրանսիայում ընդունված օրենքն արտացոլում է հասարակության վերաբերմունքը՝ 1915 թվականին տեղի ունեցած ողբերգության նկատմամբ»: