Երեկ առաջին անգամ ակտիվացել են «Nyxem.e» համակարգչային վիրուսի ոչնչացնող գործառույթները: Այս մասին նախազգուշացրել էին հակավիրուսային ծրագրեր պատրաստող ընկերությունները: Վիրուսը ստուգում է համակարգիչների ընթացիկ ամսաթիվը եւ յուրաքանչյուր ամսվա 3-րդ օրը վերացնում է ֆայլերը հետեւյալ ընդլայնումներով` dmp, doc, mdb, mde, pdf, pps, ppt, psd, rar, xls, zip: Ոչնչացված տվյալները վերականգնել հնարավոր չէ: Վիրուսը նաեւ փորձում է հակազդել հակավիրուսային ծրագրերի գործունեությանը: «Nyxem.e»-ից հուսալիորեն պաշտպանվելու համար հակավիրուսային ծրագրեր օգտագործողներին անհրաժեշտ է տեղադրել նորագույն հակավիրուսային բազաներ: Երեկվա համար կանխատեսված համակարգչային այս «աղետը», բարեբախտաբար, ծանր հետեւանքներ չի ունեցել: Մասնագետների կարծիքով, սակայն, պետք է զգուշանալ` հատկապես յուրաքանչյուր ամսվա 3-րդ օրը: Իսկ ինչո՞վ է պայմանավորված վերջին հանգամանքը: Այս դեպքում վիրուսի ազդեցությունը զանգվածային բնույթ է կրում, ուստի այս տարբերակը նախընտրելի է համակարգչային հանցագործների համար: Մասնագետները գտնում են, որ վերջիններիս արարքի նպատակը հիմնականում հաճույք ստանալն է: Երբեմն նույնիսկ նրանք վնաս չեն պատճառում, այլ պարզապես սպառնում են: Հաճախակի են նաեւ տարբեր կազմակերպությունների կողմից պատվերով վիրուսների դեպքերն առանձին շրջաններում: Վիրուսները տարբերակվում են նաեւ իրենց ազդեցությամբ: Օրինակ, տարիներ առաջ Չեռնոբիլում վիրուսային պանդեմիան անմիջապես փչացրել էր բոլոր համակարգիչները:
Կ. Թ