Խանջյան փողոցում գտնվող «2X2» բար-դիսկոտեկը, որը պատկանում է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Պուրտոյանին, կառուցվելուց ի վեր չի համապատասխանում քաղաքաշինության նորմերին, ինչի արդյունքում այն դարձել է խիստ վտանգավոր շենքի բնակիչների համար: Այն գտնվում է բարձրահարկ շենքի նկուղային հարկում, եւ անհրաժեշտ հենասյուներ չունենալու պատճառով սկսել է կամաց-կամաց իջնել:
Բար-դիսկոտեկի սեփականատեր պատգամավոր Պուրտոյանը դեռ 2001-ին է պարտավորվել համապատասխան միջոցառումներ իրականացնել եւ ամրացնել շենքի հիմնասյուները, սակայն անտեսել է, ու, քանի որ նա 2003 թվականից արդեն ունի նաեւ պատգամավորական մանդատ, այդ խնդիրն այլեւս նրա համար դարձել է ոչ էական: Սկզբում «2X2»-ը միայն բար-սրճարան էր, այնուհետեւ դարձավ նաեւ դիսկոտեկ եւ, ըստ բնակիչների բողոքի, դրանից հետո շենքն ավելի արագորեն է «վայրէջք» կատարում, քանի որ այնտեղ անընդհատ բարձր «դմփդմփոցներով» անհասկանալի երաժշտություն է հնչում: Շենքի բնակիչների բողոքներն անգամ պատգամավոր Ա. Պուրտոյանին չեն ստիպել զբաղվել շենքի ամրացման աշխատանքներով, եւ բանը հասել է նրան, որ բնակիչները սկսել են դիմում-բողոքներ ուղարկել Ազգային ժողովի տարբեր խումբ-խմբակցություններին, քաղաքաշինության նախարարին ու այլ պետական մարմինների ներկայացուցիչներին:
ՀՀ քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը մեզ հետ զրույցում հաստատեց Խանջյան փողոցում գտնվող վերոնշյալ բնակելի շենքի անմխիթար վիճակի մասին բնակիչների հայտարարության իսկությունը` ասելով, թե ինքը միջնորդություն է ներկայացրել քաղաքապետարանին` համապատասխան շենքի ամրացման աշխատանքներն ավարտին հասցնելու պահանջով: Սակայն Ա. Հարությունյանի խոսքերով, այդ միջնորդությունը դարձյալ անարդյունք է եղել. «Հունվարի դրությամբ, մեր նախարարության տեսչության կողմից նորից ստուգվել է եւ պարզաբանվել է, որ ամրացման աշխատանքները չեն հասցրել ավարտին: Նորից կրկնակի միջնորդություն ենք ներկայացրել քաղաքապետարանին, նորից ենք միջնորդել, որ այդ աշխատանքները հասցնեն ավարտին»,- ասաց Ա. Հարությունյանը` հավելելով, թե այն միջոցառումները, որոնք նախատեսված են եղել քաղաքապետարանի կողմից շենքի ամրացման աշխատանքների համար, տարբեր պատճառներով մինչեւ վերջ չեն կատարվել:
Մեր դիտարկմանը, թե այդ աշխատանքները պետք է կատարված լինեին դեռեւս 2001թ., քանի որ «2X2» բար-դիսկոտեկի սեփականատիրոջը նման հանձնարարական տրվել է 2001թ., Ա. Հարությունյանը պատասխանեց, «Դժվարանում եմ կոնկրետ ամսաթիվ ասել, թե երբ է պարտավորվել, սակայն ասում եմ, որ մենք այսօր առօրյայում ունենք այդ խնդիրը: Ի դեպ, ամրացման աշխատանքների ընթացքում քաղաքապետարանից ինֆորմացիա ստացվեց, որ բնակիչներն են սկզբում խոչընդոտել այդ աշխատանքների կատարմանը: Սակայն մենք համոզված ենք, որ այդ աշխատանքներն` անկախ ամեն ինչից, պետք է ավարտին հասցվեն»: Մեր հարցին` հանդիպե՞լ եք «2X2» բար-դիսկոտեկի սեփականատեր պատգամավոր Արմեն Պուրտոյանին, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Ես պատգամավորի հետ չեմ խոսել, չգիտեմ` ումն է դա, ուղղակի ունեմ քաղաքաշինական հետաքրքրության օբյեկտ, որը ենթակա է ամրացման: Այստեղ անձերի խնդիր չկա, խնդիրն այն է, որ շենքը պետք է ամրացվի»: Ի դեպ, քաղաքաշինության նախարարից նաեւ հետաքրքրվեցինք` նման դեպքերում ինչպիսի՞ պատժամիջոցներ են կիրառվում, եւ ինչո՞ւ նույն պատգամավորը պատասխանատվության չի ենթարկվում: «Ամրացման աշխատանքներ կատարված են, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա բավարար չէ եւ հասցված չէ ավարտին»,- ասաց Ա. Հարությունյանը: Ստիպված եւս մեկ անգամ հիշեցրինք, որ պատգամավորին նման զգուշացում արվել է դեռեւս 5 տարի առաջ. «Չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել մինչ այդ»,- եղավ Ա. Հարությունյանի պատասխանը, որը խոստացավ այս անգամ հետեւողական լինել մինչեւ վերջ: