Գազը՝ քաղաքական ճնշամիջոց

07/02/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Իսկ այդ քննարկումների արդյունքում սպառողներն արդեն ինչ-որ չափով համակերպվել են կյանքի սպասվող թանկացմանը եւ նույնիսկ հաշվարկներ են անում, թե ինչի սպառումը պակասեցնել կամ ինչի վրա քիչ գումար ծախսել, որպեսզի կարողանան դիմակայել վերահաս վտանգին: Մինչդեռ մեր իշխանությունները շարունակում են հուսադրել ժողովրդին, թե միգուցե գազը 110 դոլարի չի՞ հասնի, եթե հասնի էլ, իրենք սոցիալական ճգնաժամ թույլ չեն տա եւ անապահով խավերին փոխհատուցելու համար ներքին որոշ ռեսուրսներ կգտնեն: «Գազի դիմաց փողից բացի այլ բան պետք չէ տալ, գույքով փոխհատուցելն այնքան էլ հարմար չէ»,- արդեն գլխի են ընկել մեր իշխանությունները: Իսկ թե ներքին ռեսուրս ասելով` պարոն վարչապետն ի՞նչ նկատի ուներ, դժվար է գուշակել, մանավանդ, որ բյուջեն մինչ այդ հաստատված էր, եւ այնտեղ գազի նոր գնի մասին ոչինչ չկար: Միգուցե նա՞ էլ դաշնակցական Վահան Հովհաննիսյանի նման ընդունում է, որ մեր տնտեսությունը ստվերայնության լուրջ հատված ունի եւ, մաքսային ու հարկային մեխանիզմները կատարելագործելով, կարելի է կրճատել ստվերը, գումարները բերել օրինական դաշտ ու այդպիսով փոխհատուցել գազի գնի հնարավոր բարձրացումը: Չի բացառվում: Ավելին, նույնիսկ ողջունելի է, որ մեր իշխանություններն, ի վերջո, որոշել են թափանցիկ աշխատել եւ կրճատել ստվերային շրջանառությունը: Նաեւ կարծիք եղավ, որ ներքին ռեսուրս ասելով` նկատի ունեն օլիգարխների միջոցները: Բայց հասարակ սպառողներին այս երկու տարբերակներն էլ քիչ հավանական են թվում, որովհետեւ դժվար է նրանց հավատացնել, թե մեր հարկային ու մաքսային կառույցները բենզինի ու շաքարավազի բիզնեսը հարկման դաշտ կբերեն: Որովհետեւ նրանք գիտեն, որ այդ եւ այլ ապրանքների ներկրման մենաշնորհը նույն օլիգարխների ձեռքում է: Կամ՝ ստվերից դուրս գալով՝ հարկային ու մաքսային պաշտոնյաներն ինչի՞ հաշվին պետք է կատարեն իրենց ստվերային մուծումները: Իսկ միգուցե ներքին ռեսուրսն այն է, որ մեր իշխանությունները հերթով կկանչեն մեր օլիգարխներին ու կստիպեն հանուն հայրենիքի որոշ գումա՞ր մուծել: Այս տարբերակն էլ շարքային սպառողներին չի ուրախացնում, որովհետեւ նրանք գիտեն, որ օլիգարխներն իրենց փողերից հենց այնպես բաժանվել չեն սիրում, մանավանդ, եթե դրա դիմաց ոչինչ չեն ստանա, նույնիսկ քվե: Նրանք հետո իրենց բիզնեսի ոլորտներում տված փողերի փոխհատուցումը կհանեն նույն սպառողի գրպանից՝ թանկացնելով առաջարկած ապրանքը: Կամ էլ բոլորովին այլ տեխնոլոգիաներ կմտածեն: Համենայնդեպս, «թանկացած գազի գնի փոխհատուցումը ներքին ռեսուրսներով» հայտարարությունն այնքան էլ հավատ չի ներշնչում:

Իսկ ԱԺ պատգամավոր, «Արդարություն» դաշինքի անդամ Թաթուլ Մանասերյանը թեեւ խիստ չի գնահատում Ռուսաստանի այդ քայլը, այնուամենայնիվ էներգետիկ ոլորտում անկախություն եւ այլ աղբյուրներ ձեռք բերելու համար մի տասնյակից ավելի ուղիներ է առաջարկում: Էլեկտրաէներգիա ստանալու համար պետք է օգտագործել ջրային ռեսուրսները, արդյունաբերական թափոնները, վառելիքի հիմնական տեսակների համար նոր պահեստարաններ կառուցել, մշակել եւ կիրառել վառելիքի, էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումներ, ստեղծել մի վառելիքից մյուսին անցնող ճկուն մեխանիզմներ, ձեւավորել միասնական ունիվերսալ վառելիքաէներգետիկ համալիր, եւ այլն, եւ այլն: Պարոն Մանասերյանի կարծիքով, Հայաստանին մատակարարվող ռուսական գազի սակագնի բարձրացումը չափից ավելի շատ է քաղաքականացվում, եւ նա գտնում է, որ Հայաստանին ճնշելու քաղաքական դրդապատճառներ չկան, ավելի շատ տնտեսական մոտիվներ կան: Նա գրեթե նույն տեսակետն ունի, ինչ որ ունեն մատակարար երկրի եւ ընկերության ղեկավարները: «Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ՌԴ-ին իր շարքերն ընդունելու պայման է դրել` բարձրացնել էներգակիրների գինը, եւ որեւէ մեկին արտոնյալ գնով գազ վաճառելը կդիտվի որպես խտրական վերաբերմունք»,- ասում է Թ. Մանասերյանը:

Տնտեսագետը կարծում է, որ Հայաստանը Ռուսաստանից գազի գնի թանկացման համար փոխհատուցում պետք է ակնկալի տնտեսության այլ ոլորտներից:

«Թեկուզ «Գույք` պարտքի դիմաց» գործարքը: Այդ ձեռնարկությունները ոչ միայն չեն աշխատում, այլ բազմաթիվ պարտքեր են կուտակել: Տնտեսական դիվիդենտներ կարելի է ստանալ նաեւ ռազմավարական դաշնակցի կարգավիճակից, կարելի է հայկական որոշ ձեռնարկություններ ինտեգրել ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրին,- գտնում է տնտեսագետ պատգամավորը եւ ավելացնում,- պետք չէ շահարկել ռազմաբազաների հարցը: Տվյալ պարագայում մենք ունենք իսկապես ռազմավարական դաշնակից: Թող որեւէ այլ երկիր փաստի, որ ավելի վստահելի պարտնյոր է Հայաստանին, այդ դեպքում թող Հայաստանը ընտրություն կատարի: Պետք է բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել, բայց փչացնել այդ հարաբերությունները` միայն գազի հետ կապված, ձեռնտու չէ մեզ»:

Իսկ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը գտնում է, որ Ռուսաստանը գազն օգտագործում է Հայաստանին եւ այլ պետություններին ճնշելու համար: «Եթե Ռուսաստանն ուզում է շահույթ ստանալ եւ գազի թանկացումը տնտեսական պատճառներով է հիմնավորում, ապա թող բարձրացնի մինչեւ 70-80 դոլար,- գտնում է պարոն Աղաջանովը: -Այս դեպքում էլ «Գազպրոմը» քիչ շահույթ չի ստանա»:

Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարելիք այցից հետո ռուսական մամուլում հրապարակումներ եղան այն մասին, թե գազը չի թանկանա, եթե Հայաստանն ընդունի առաջարկած պայմանները: Այսինքն, Ռուսաստանն ԱՀԿ-ից ու Եվրամիությունից այնքան էլ չի վախեցել եւ կարող է իր ռազմավարական դաշնակցին էժան գազ տալ, եթե նա իրեն փոխանցի Իրան-Հայաստան գազամուղի 45 տոկոս բաժնեմասը, Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցման վերահսկողությունը, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը: Այս մասին հայտարարություն էր արել նաեւ «Գազպրոմի» ներկայացուցիչ Դենիս Իգնատեւը: Ճիշտ է, հայկական կողմը հերքեց, թե Ռ. Քոչարյանն ընդունել է առաջարկված պայմանները: Սակայն գազի նախկին գինը պահպանելու համար Ռուսաստանի առաջարկած պայմանները դժվար թե կարելի է տնտեսական համարել: Դա հասկանալու համար բոլորովին էլ պարտադիր չէ տնտեսագետ լինել: Բայց քաղաքական գործչի ռուսամետ մղումները կարելի է հասկանալ: