Վահե Գրիգորյանն` ընդդեմ Հայաստանի Հանրապետության

07/02/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ «Երեւան» հյուրանոցում «ՀՀ իշխանությունների վերաբերմունքը իրավապաշտպան գործունեության նկատմամբ» թեմայով կլոր սեղանի մասնակիցները, դատապարտելով իշխանություններին, պահանջեցին դադարեցնել իրավապաշտպանների հանդեպ ճնշումները, մասնավորապես՝ պահանջում էին ընդունել փաստաբան Վահե Գրիգորյանի քաղբանտարկյալի կարգավիճակը եւ անհապաղ ազատ արձակել նրան: Հիշեցնենք, որ Երեւանի Փ. Բուզանդ փողոցի բնակիչների սեփականատիրական իրավունքների պաշտպան Վահե Գրիգորյանը կալանավորվել էր քրեական մեղադրանքով: Վ. Գրիգորյանի փաստաբաններն ու նրա պաշտպանությունը հայցած Բուզանդ փողոցի բնակիչները, սակայն, մեղադրանքը շինծու են համարում եւ որակում որպես քաղաքական հետապնդում: 2005թ. հոկտեմբերի 7-ին կալանավորված փաստաբանը 2005թ. դեկտեմբերի 30-ից պահվում է ԱԱԾ մեկուսարանում: Ինչպես տեղեկացրեց երեկ Վ. Գրիգորյանի փաստաբան Արթուր Գրիգորյանը, իրենք դիմել են Եվրոպական դատարան եւ «Վահե Գրիգորյանն` ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործն արդեն ընդունվել է Եվրոդատարանի վարույթ: Վ. Գրիգորյանի հանդեպ կատարվածը իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական հետապնդում է բնութագրում նաեւ Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: «Ես միշտ խուսափել եմ կոշտ բանաձեւումներից, սակայն եթե Մարդու իրավունքի պաշտպանի գործունեությունն է բնորոշվում որպես «դավաճանություն» կամ «կեղտոտ տակաշորը աշխարհին ցուցանել», եւ ըստ այդմ քաղաքական հետապնդումներ են իրականացվում Մարդու իրավունքի պաշտպանի ինստիտուտի հանդեպ, ապա այս դեպքում՝ կատարվածը միանշանակ կարելի է քաղաքական հետապնդում որակել: Սա խոսում է մեր իշխանությունների քաղաքական տհասության եւ վարչահրամայական իրենց մեթոդներից չհրաժարվելու միտումների մասին»,- գտնում է Լ. Ալավերդյանը: Այս ընթացքում Վ. Գրիգորյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումները վիճարկելու եւ նրան ազատ արձակելու ուղղությամբ բոլոր քայլերն ապարդյուն են եղել: «Քանի որ դատարաններն ամբողջությամբ կախվածության մեջ են գտնվում գործադիր իշխանությունից եւ դատախազությունից»,- գտնում է փաստաբան Արթուր Գրիգորյանը: «Վահե Գրիգորյանի հանդեպ կատարվածը ցայտուն օրինակ է այն բանի, որ մեր երկրում պրոֆեսիոնալ լինելու համար մարդը պետք է վճարի, Վահե Գրիգորյանն այսօր վճարում է այն բանի համար, որ ուզեցել է՝ այս երկիրը լինի իրավական երկիր»,- ՀՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերով վարչության պետ Հրանուշ Խառատյանի համոզմամբ` բոլոր այն իրավապաշտպաններին, ովքեր երբեւէ կցանկանան գործել առանց «վերեւների» ցուցումի, կվիճակվի Վ. Գրիգորյանի ճակատագիրը: «Վահե Գրիգորյանի դեպքից դաս քաղելով՝ ՀՀ որեւէ քաղաքացի այլեւս չպետք է հուսա իրավապաշտպանության մասին»,- եզրափակեց Հ. Խառատյանը:

ՀՀ Մարդու իրավունքի պաշտպանի 2005թ. տարեկան զեկույցում, որն, ըստ Լ. Ալավերդյանի, մեր իրավունքների պաշտպանվածության աստիճանը վերլուծելու է ոլորտ առ ոլորտ՝ «ավելի առարկայական եւ ավելի հասցեական դարձնելու համար», նշանակալի տեղ է հատկացված նաեւ ՀՀ քաղաքացիների սեփականատիրական իրավունքների ոտնահարման խնդիրներին: 2005թ. տարեկան զեկույցի տիրաժավորման եւ տարածման համար Լ. Ալավերդյանն ակնկալում է հասարակական կազմակերպությունների աջակցությունը: 2004թ. տարեկան զեկույցը, Լ. Ալավերդյանի բնորոշմամբ, «իսկական բեստսելլեր դարձավ». «Զեկույցի էլեկտրոնային տարբերակը մենք, իհարկե, կսփռենք, սակայն անցած տարվա փորձը ցույց տվեց, որ հասարակության լայն խավեր հասու չեղան նրանում արծարծված խնդիրներին, որովհետեւ հրատարակվել էր ընդամենը 500 օրինակով, եւ հատկապես այսօր՝ պետության աջակցության բացակայության պայմաններում, մենք ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների աջակցությունը»: