Եթե Վրաստանում դիտավորյալ առաջ բերված էներգետիկ ճգնաժամն ուղղված էր նախագահ Միխայիլ Սահակաշվիլու եւ նրա թիմի դեմ, ապա պետք է ասել, որ դրա հեղինակները մասամբ հասան իրենց նպատակին: Պետության ղեկավարի վարկանիշը բավականին ընկել է, իսկ ինչ վերաբերում է թիմի վարկանիշին, այն առանց այդ էլ վերջին ժամանակներս ցածր էր: Նախագահի հերթական քայլը, որ արտահայտվեց Դավոսի համաժողովից վաղաժամ վերադառնալով, ժողովրդի մեջ կծու մեկնաբանությունների առիթ դարձավ: «Ոնց որ միասին լինես մահվան պահին, ավելի լավ է, թող նա մեզ համար կյանքի տանելի պայմաններ ստեղծի»,- հեռուստախցիկների առաջ բողոքեց մի տարեց թբիլիսցի, որը վաղ առավոտից կերոսինի հերթ էր կանգնած. իշխանությունները խոստացել էին բնակչությանը կերոսին տրամադրել արտոնյալ գներով: Քչերին բախտ վիճակվեց էժան գնով կերոսին ստանալ:
Քանի դեռ երկրում չկար գազ (այն հիմա էլ չկա) ու էլեկտրաէներգիա, իշխանության ներկայացուցիչները Ռուսաստանի հասցեին չարախոսելու մրցույթի էին ելել: Քանի որ անցած շաբաթ լույս գրեթե չկար, արդեն դժվար է հիշել, թե չինովնիկներից որ մեկն էր ասել. «Ռուսները գիտեին, որ դեպի Վրաստան է շարժվում ձնաբուքը, դրա համար էլ պայթեցրին գազամուղն ու էներգամատակարարման գծերը»: Ենթադրենք, թե այդպես է: Բայց հո ռուսնե՞րը չեն արգելել քաղաքային իշխանություններին փողոց դուրս բերել բավարար թվով ձյուն մաքրող տեխնիկա կամ մայթերին ու փողոցներում աղ շաղ տալ, որ մարդիկ ոտուձեռը չջարդեն: Ճիշտ է, որոշ տեղերում ինչ-որ չափով աղ լցրեցին, բայց դա քիչ է: Արդյունքում Թբիլիսիի վերգետնյա տրանսպորտը փաստորեն կաթվածահար էր եղել, փոխարենը վնասվածքաբանները լարված աշխատում էին: Եվ ի՞նչ: Ոչինչ: Ներկայիս իշխանությունները նրանով են աչքի ընկնում, որ ցանկացած իրավիճակում փորձում են իրենց համար առավելագույն օգուտ քաղել: Նրանք չեն արդարանում իրենց ընտրողների առաջ, գոնե ամաչելով չեն լռում, նրանք պնդում են, որ միայն բոլոր ծառայությունների անձնազոհ աշխատանքն է փրկել երկիրը «համընդհանուր աղետի տոնախմբությունից»: Նրանք ասում են, որ ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել, ավելացնում են, որ առանց բարեկամների օգնության` Ադրբեջանի, որը մեծացրել էր արտահանվող գազի ծավալները, եւ Թուրքիայի, որը նույնն էր արել էլեկտրաէներգիայի հարցում, վիճակն անմխիթար կարող էր լինել: Իշխանություններն ասում են, որ այսուհետ առաջնահերթ խնդիրը Վրաստանի էներգետիկ անկախությունն ապահովելն է, ինչն էլ նշանակում է` գտնել ոչ ռուսական գազ ու էլեկտրականություն: Բայց նրանք, չգիտես ինչու, չեն խոսում այն մասին, թե ինչ են անելու, եթե վաղը կրկին Վրաստանում ձյուն տեղա: Նրանք լռում են այն մասին, թե կարո՞ղ է արդյոք ոտքն ու ձեռքը ջարդած մարդը դատական հայց ներկայացնել քաղաքային իշխանությունների դեմ, որը չի ապահովել երթեւեկության անվտանգությունը, ինչպես, օրինակ, տողերիս հեղինակը, որը հենց այդ պատճառով այսօր սովորականից կարճ է գրել… Իսկ մինչեւ տաքերը դեռ ամենաքիչը մի ամիս կա: