Շերն ինքը չի սիրում հիշատակել իր հոր մասին, ում հետ իրականում ծանոթացել է 11 տարեկան հասակում, քանի որ հայրը հեռացել էր ընտանիքից այն ժամանակ, երբ Շերը դեռ մանուկ էր: Ամերիկայում Ջոն Սարգսյանն աշխատել է ֆերմայում եւ բեռնատար ավտոմեքենաներ վարել: Շերն իր հարցազրույցներում հիշել է, որ իր հայրը հարբեցող եւ խաղամոլ է եղել: Իսկ հոր մահվան լուրն իմանալով՝ ասել է. «Երեւի ես պետք է տխրեմ, բայց շատ դժվար է ցավել մի մարդու համար, ում գրեթե չեմ ճանաչել»: Հայտնի է, որ Շերի մայրը, ում երակներում հնդկական չերոկի ցեղի արյուն էր հոսում, լքել է Ջոն Սարգսյանին, երբ նա կազինոյում մեծ գումար է կորցրել:
Որտե՞ղ է ծնվել Ջոն Սարգսյանը եւ որտե՞ղ է անցկացրել իր պատանեկությունը. պարզ չէ: Ամերիկայում նա հայտնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Հնարավոր է, որ նա Հայաստանից է: Համենայնդեպս, դրանում համոզված է երեւանցի Վարազդատ Սարգսյանը, ով պարզել է, որ ինքը Շերի հարազատ եղբայրն է: «Երեւան այցելելով` Շերը հայտնել էր, որ իր հարազատներին է փնտրում: Հետո ես ռուսական հաղորդումներից մեկում տեսա, որ Շերն իր հոր լուսանկարն է ցույց տալիս ու խնդրում էր իր հարազատներին արձագանքել իր որոնումներին»,- ասում է նա: Նա հեռուստաալիքի եւ հաղորդման անունը ստույգ չի հիշում, սակայն լուսանկարը լավ է հիշում: Վարազդատ Սարգսյանը Շերի ցուցադրած լուսանկարում իր հորն է ճանաչել եւ «աստղին» այդ մասին տեղեկացնելու փորձեր արել: «Ես ոչ հասցե, ոչ էլ հեռախոսահամար ունեմ, բայց ռուսական «Ժդի մենյա» հաղորդմանը նամակ ու լուսանկարներ եմ ուղարկել»,- ասում է իրեն Շերի ավագ եղբայրը համարող Վ. Սարգսյանը: Ըստ նրա` Ջոն Սարգսյանը մինչ Ամերիկա մեկնելն ապրել է Աբովյանի շրջանում գտնվող Սուխոյ ֆանտան գյուղում, ունեցել է ընտանիք եւ երեխաներ, հետո 40-ական թվականներին պատերազմ է մեկնել եւ անհայտ կորել է: Վ. Սարգսյանը համոզված է, որ Ջոն Սարգսյանն իր հայր` Թաղիանոս Սարգսյանն է: Ու թեեւ նրա ընտանիքը «մահվան թուղթ» է ստացել, Վ. Սարգսյանն իր սեփական հետաքննությունն է անցկացրել եւ պարզել է, որ իր հայրը եղել է Կերչում, հետո մեկնել է Եվրոպա, իսկ դրանից հետո` Ամերիկա, որտեղ եւ Ջոն է դարձել: «Ուզում եմ հանդիպել իմ քրոջը` Շերին, ուզում եմ հարցնել նրան մեր հոր կյանքի մասին: Ինձ նրանից ուրիշ բան պետք չէ: Ուզում եմ հանդիպել, գրկել նրան, խոսել: Մենք նույն արյունն ունենք: Իսկ արյունը երբեք ջուր չի դառնում»,- ասում է ջրմուղագործ Վարազդատ Սարգսյանը, ով համոզված է, որ Շերը լավ երգչուհի է դարձել իր հոր գեների շնորհիվ: «Մեր հայրը աշուղ էր, քյամանչագործ, դրա համար էլ Շերը լավ երգում է»,- ասում է նա: Ընդ որում` Վ. Սարգսյանը Շերի միակ «եղբայրը» չէ:
ձախից՝ Թաղիանոս Սարգսյան, ավագ քույրը, Վարազդատ Սարգսյան
2004 թվականին, երբ Շերը հյուրախաղերի Մոսկվա էր ժամանել, նրան օդանավակայանում մի տարեց մարդ է մոտեցել, ով, ցույց տալով երգչուհուն զինվորական հագուստ հագած մարդու լուսանկարը, հայտարարել է, որ ինքը Շերի զարմիկն է, եւ իրենց հայրերը հարազատ եղբայրներ էին: Այդ մարդը Մանվել Սարգսյանն էր, ով հետագայում ռուսական եւ հայկական թերթերին հարցազրույցներ տվեց եւ վստահեցրեց, որ Շերի հոր իսկական անունը Կարապետ էր: Եվ Կարապետ Սարգսյանն իր հորեղբայրն է, ով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ամերիկա է տեղափոխվել եւ Ջոն է դարձել: Շերի հետ բարեկամական կապերն ապացուցելու համար Մանվել Սարգսյանը պատրաստ էր նույնիսկ գենետիկական անալիզ անցկացնել: Սակայն Շերն օդանավակայանում արհամարհեց իր «եղբոր» հայտնության նորությունը, ավտոմեքենա նստեց եւ հեռացավ: Ոչ Մանվել Սարգսյանը, ոչ էլ Վարազդատ Սարգսյանը Շերի հոր զինվորական նկարից բացի այլ ապացույցներ չէին ներկայացնում, իսկ Շերն իր հոր կյանքի մասին մանրամասներ իմանալու եւ վերագտնված եղբայրների գոյության վարկածների մասին լսելու ցանկություն չի հայտնում: Որքանով են այդ վարկածները հիմնավոր, ոչ ոք ասել չի կարող: Սակայն Շերի «եղբայրների» թվի աճը հետաքրքիր մտորումների առիթ է տալիս: Սարգսյան ազգանունը Հայաստանում շատ է տարածված, գրեթե նույնքան, որքան մեծ է փառքի հասած ամերիկացի երգչուհու (իսկ ինչո՞ւ միայն նրա, նաեւ` մեծահարուստ Գյուլբենկյանի կամ, ասենք, Քըրքորյանի) հարազատը համարվելու տենչանքը: Ժամանակին հայտնի վեպում նման համառությամբ հայտնվում էին նաեւ լեյտենանտ Շմիդտի զավակները: Հնարավոր է, իհարկե, որ Շերի կարիերայում ոչ մի դեր չունեցող Ջոն Սարգսյանն այլ ժառանգներ ու բարեկամներ նույնպես ունեցել է: Եվ նրա տոհմածառը վերականգնել ցանկացողների համար պետք է բոլորին էլ գտնել: Սակայն հասկանալի է, թե ինչու են Ջոն Սարգսյանի «ժառանգներն» իրենց հոր կյանքի ուղին պարզելու համար հենց Շերին դիմում: Փառքը սարսափելի հզոր ուժ է: