Վախթանգ Դարչինյանը պայմանագիր ստորագրեց Գարի Շոուի հետ

07/02/2006

«168 Ժամ»-ի նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, որ հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը պատրաստվում է պայմանագիր ստորագրել ամերիկացի ճանաչված պրոմոուտեր Գարի Շոուի հետ։ Պայմանագիրն արդեն ստորագրված է։ Երեկ այս թեմային անդրադարձել է բռնցքամարտի ոլորտի ամենահեղինակավոր էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը՝ SecondsOut.com-ը։ Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

IBF եւ IBO վարկածներով մինչեւ 50.8կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը ռինգ դուրս կգա Կալիֆոռնիայի «Չումաշ» կազինոյում մարտի 3-ին՝ ֆիլիպինցի Դիոսադո Գաբոյի հետ մարտում իր տիտղոսը պաշտպանելու համար։ Շոուի հետ պայմանագիր կնքելով՝ Հայաստանում ծնված եւ ներկայումս Ավստրալիայի քաղաքացի հանդիսացող բռնցքամարտիկն այժմ ավելի հեշտությամբ կարող է ԱՄՆ-ում կազմակերպել եւ անցկացնել իր մենամարտերը։

«Վիկը կարող է չեմպիոն դառնալ մի քանի քաշային կարգերում։ Պարզապես այժմ նրա մասին ոչ ոք չգիտի, սակայն երբ իմանան, ամեն ինչ կփոխվի»,- ասել է Շոուն։

Դարչինյանը մինչ այժմ իր անցկացրած բոլոր 24 մենամարտերն ավարտել է հաղթանակով, որից 19-ը՝ նոկաուտով։

Շոուն չափազանց գոհ է, որ աշխատելու է Վ. Դարչինյանի պես բռնցքամարտիկի հետ եւ հայտարարել է. «Վիկի հետ պայմանագիր կնքելն ավելի արժեքավոր բան է, քան ադամանդ գտնելը»։

Չնայած իր հաջողություններին, 30-ամյա բռնցքամարտիկը դեռ ոչ մի լուրջ պրոմոուտերի հետ չի աշխատել։ Դարչինյանն այժմ ցանկանում է մենամարտել WBO վարկածով աշխարհի չեմպիոն Խորխե Արսեի հետ։

«Ես ցանկանում եմ ռինգ դուրս բերել Վիկին եւ Արսեին։ Վստահ եմ, որ Վիկը կհաղթի։ Ես ուզում եմ, որ Վիկը դուրս գա Արսեի դեմ, եւ արդեն նախնական համաձայնություն եմ ձեռք բերել Արսեի պրոմոուտերի՝ Բոբ Արումի հետ։ Հետագայում Վիկի մրցակիցները կարող են լինել նաեւ այլ քաշային կարգերում հանդես եկող բռնցքամարտիկները, օրինակ՝ Բրայան Վիլորիան, Լուիս Պերեսը, Մարտին Կաստիլիոն եւ Ֆերնանդո Մոնտիելին։ Աստղ դառնալու համար նրան բավական կլինի ընդամենը 1 մարտ, եթե հաղթի Արսեին։ Սակայն մինչ այդ նա պետք է կենտրոնանա մարտի 3-ին Գաբիի հետ կայանալիք մրցամարտի վրա։ Դրանից հետո մենք ավելի շատ ասելիք կունենանք»,- հայտարարել է Շոուն։

Նշենք, որ Գարի Շոուն այնպիսի աշխարհահռչակ բռնցքամարտիկների պրոմոուտերն է, ինչպիսիք են ֆիլիպինցի Մեննի Պակիանոն եւ ամերիկացի Ջեֆֆ Լեյսին։ Ի դեպ, վերջինս Վախթանգի հետ շատ նմանություններ ունի. երկուսն էլ աշխարհի գործող չեմպիոններ են IBF եւ IBO վարկածներով, երկուսն էլ ներկայացրել են իրենց երկիրը 2000թ. Սիդնեյի օլիմպիական խաղերում եւ վերջապես երկուսն էլ պրոֆեսիոնալ ռինգում դեռ ոչ մի պարտություն չեն կրել։

«Վիկը պատկանում է չճանաչված լավ բռնցքամարտիկների թվին, ինչպիսին էր Մեննի Պակիանոն մի քանի տարի առաջ,- ասել է Շոուն։ -Երբ մարդիկ տեսնեն, թե ինչպես է նա իրեն դրսեւորում ռինգում, իսկույն կարթնանան։ Այդպես եղավ նաեւ Մեննիի դեպքում։ Վիկը ներկայումս շատ թերագնահատված բռնցքամարտիկ է։ Հիանալի է, որ նա այժմ իմ թիմի մի մասն է։ Կարծում եմ՝ մենք միասին մեծ բաների կհասնենք»։