Որպեսզի եղունգներն ամուր լինեն եւ չկոտրվեն, հարկավոր է թրջոցներ դնել հետեւյալ խառնուրդով` 5 գ շիբ, 25 գ գլիցերին եւ 70 գ ջուր։
Եղունգների ներկը արագ կչորանա եւ ավելի երկար կմնա, եթե քսելուց հետո եղունգները մի քանի րոպե ընկղմեք սառը ջրի մեջ։
Առողջ եղունգը պետք է հարթ լինի, թույլ կարմրավուն փայլ ունենա։ Եղունգներն աճում են անդադար, 1 օրում` 0,1 մմ, ընդ որում, ավելի արագ` մանուկ եւ ծեր հասակում։
Որոշ հիվանդությունների կամ սխալ սննդի դեպքում եղունգները բարակում են եւ կոտրատվում։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում եղունգներին քսել կիտրոնի հյութ կամ մերսել հետեւյալ քսուքով. 30 գ յոդի թուրմ, 30 գ գլիցերին եւ 30 գ 70օ գինու սպիրտ։ Օգտակար է նաեւ 20-30 օրվա ընթացքում եղունգները 10-15 րոպե պահել մի փոքր տաքացրած բուսական (ձիթապտղի, նշի, գերչակի) յուղի մեջ։
Խորհուրդ է տրվում վիտամիններով հարուստ սնունդ. մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք։ Բժշկի դեղատոմսերով կարելի է ընդունել A վիտամին։
Գորտնուկներ
Խստիվ արգելվում է գորտնուկներից ազատվել տնային պայմաններում։ Անպայման հարկավոր է դիմել մաշկային բժշկի։
Չի կարելի գորտնուկներին քսել ազոտային կամ աղային թթվատուներ, լյապիս (դժոխաքար)։ Դա առաջացնում է այրոցք, որը հետո հարկ կլինի բուժել։
Գորտնուկների առաջացումը կարելի է կանխել։ Դրա համար անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենա, ձեռքերի եւ ոտքերի մաշկը միշտ մաքուր պահել։ Մի հագեք ուրիշի կոշիկ, գուլպա, ձեռնոցներ, մի օգտվեք ուրիշի մանիկյուրից եւ սափրվելու սարքից, մի խոսքով` հարդարման իրերից։
Գորտնուկներն ինֆեկցիոն բնույթի մաշկի բարորակ նորագոյացություններ են։ Դրանք առաջանում են ֆիլտրող վիրուսի միջոցով, վարակիչ են։ Կարող են տարածվել ողջ մարմնի վրա։
Գորտնուկների քանակը եւ դրանց չափսերը տարբեր մարդկանց մոտ տարբեր են։ Գորտնուկները հայտնվում են հիմնականում երեխաների ու պատանիների մոտ։
Գորտնուկները կարող են անհետանալ առանց որեւէ բուժման։ Պետք է խուսափել ազոտային, քացախային, եռքլորքացախային թթուներով այրումից։ Եղել են դեպքեր, երբ այրումը հանգեցրել է բարդությունների, առաջացրել բորբոքումներ։
Շատ օգտակար է գորտնուկների վրա քսել կանթեղախոտի թարմ հյութ։ Պետք է քսել օրը 2 անգամ, եղջերաշերտը փափկացնելուց հետո։ Կարելի է նաեւ օրը 4-5 անգամ քսել խատուտիկի կոթունի թարմ հյութ, ինչպես նաեւ` նոր կտրած սխտոր կամ նորահաս կարտոֆիլ։
Վայրի սինձը տրորել եւ գիշերը դնել գորտնուկների վրա, կապել եւ առավոտյան լվանալ։ Գործողությունները բավական է կրկնել 8-10 անգամ, որպեսզի գորտնուկները վերանան։