Միջազգային կազմակերպությունների կողմից Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ վերջին շրջանում հաճախակի դարձած լավատեսական տրամադրությունները գնալով կարծես մարում են: Եթե նախկինում հայտարարում էին, թե 2006թ. ի վերջո կարելի է լուծում ակնկալել, ապա վերջերս արդեն խոսում են «պատուհանի» կամ «ճեղքում արձանագրելու համեստ հնարավորության» մասին: Այս մասին է մեր հարցազրույցը ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի նախկին խոսնակ, Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) վերլուծաբան, քաղաքագետ Լեւոն Զուրաբյանի հետ:
– Ես անձամբ չեմ կիսում միջազգային կառույցների եւ բանակցող կողմերի արտահայտած լավատեսությունը: Կարծում եմ, մինչեւ բանակցությունների ֆորմատը չհամապատասխանի կոնֆլիկտի կառուցվածքին, այսինքն` ԼՂՀ-ին չներգրավեն որպես բանակցող կողմ, դժվար է ակնկալել որեւէ արդյունք: Բացի այդ, խնդիրն ինքնին շատ դժվար է, եւ նրա լուծումը գնալով բարդանում է: Մեկ բան էր` լուծել այն 1994-ին, մեկ այլ բան` 1997-ին, եւ բոլորովին այլ բան` հիմա: Եվ ճիշտն ասած` այստեղ նաեւ լիդերների խնդիր կա: Նման ծանրագույն փոխզիջման գնալու համար բանակցող կողմերին ղեկավարող լիդերները պետք է լինեն շատ մեծ մասշտաբի պետական գործիչներ: Պետք է լինեն ֆիգուրներ` հավասար ասենք` Շառլ դը Գոլին, Րաբինին:
– Ի՞նչ ակնկալիքներ ունեք փետրվարի 10-ին Փարիզում կայանալիք Քոչարյան-Ալիեւ հանդիպումից: Այդ հանդիպման արդյունքում որքանո՞վ եք հավանական համարում խնդրի լուծման փաստաթղթի ստորագրումը:
– Չեմ կարծում, որ փաստաթուղթ ստորագրվի: Այնտեղ խոսվում է մեկ էջանոց մի փաստաթղթի մասին, որը պետք է դառնա ուղեցույց` հետագա բանակցությունների համար: Բնականաբար, նման փաստաթղթերը չեն ստորագրվում, այլ ուղղակի համաձայնեցվում են: Եթե կողմերը համաձայնեցնեն այդպիսի փաստաթուղթ, ապա դա արդեն մեծ առաջընթաց է: Բայց դա խաղաղության պայմանագիր չի:
– Իսկ հնարավո՞ր է Արեւմուտքի ճնշման տակ մինչեւ տարեվերջ որեւէ փաստաթղթի ստորագրում:
– Ճնշելն էլ պետք է ինչ-որ բանով իմաստավորված լինի: Բազմաթիվ դեպքերում եւ Արեւմուտքը, եւ այլ միջնորդ առաքելություն ունեցող երկրներ համոզվել են, որ ճնշումները շատ հաճախ կարող են բերել հակառակ արդյունքի եւ ավելի խորացնել կոնֆլիկտը: Օրինակ, տեսեք` ինչ եղավ Արաֆաթի եւ Բարաքի քեմպ-դեյվիդյան բանակցություններից հետո: Այնպես որ, չեմ կարծում, որ միջնորդները գնան շատ կոպիտ ճնշումների, եթե խաղաղության են ձգտում:
– Շատերի գնահատմամբ, այսօր բանակցությունների սեղանին դրված են այն սկզբունքները, որոնց մասին իրենց հայտարարություններում ու զեկույցներում ասում են ՄՃԽ-ը, Jane՚s Group-ը եւ այլ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ: Եվ նրանք այդ ամենը հրապարակում են, որպեսզի շոշափեն հասարակության կարծիքը:
– Չեմ կիսում այդ տեսակետը: Բնականաբար, երբ իրական քաղաքական պրոցես գոյություն ունի, եւ երբ կողմերն ու միջնորդները ոգեւորված խոսում են հանգուցալուծման մասին, մեծանում է նաեւ ՀԿ-ների հետաքրքրությունը, եւ դրանք փորձում են նպաստել այդ գործընթացին, այդ թվում նաեւ` իրենց վերլուծություններով, հակամարտող կողմերի հասարակությունների միջեւ երկխոսության կազմակերպման միջոցով: Բայց կտրականապես դեմ եմ այն տեսակետին, թե նրանք իբր գերտերությունների խոսափողն են եւ փորձում են ինչ-որ տեսակետներ պարտադրել հասարակությանը: Նրանք ընդամենը փորձում են իրենց կարողությունների շրջանակներում մշակել խնդրի լուծման ձեւեր եւ միգուցե անգամ դրանք հուշել իսկական վճիռ կայացնողներին:
– ՄՃԽ զեկույցները միանշանակ չընդունվեցին ոչ ՀՀ-ի, ոչ ԼՂՀ-ի կողմից` որակվելով որպես «ոչ հայանպաստ»: Ինչո՞վ են պայմանավորված այդ գնահատականները:
– Անընդհատ ասում են` «ոչ հայանպաստ», իսկ «ոչ ադրբեջանանպաստ» չե՞ք լսել: Շատ բնական է դա: Ընդհանրապես, խաղաղության որեւէ ծրագիր իդեալական ու բոլոր կողմերի համար ընդունելի չի կարող լինել, որովհետեւ հիմնված է լինելու փոխզիջման վրա: Բնականաբար, թերություններ ունի նաեւ ՄՃԽ ծրագիրը: Սակայն ես կարծում եմ, ամենակարեւորն այն է, որ վերջերս ստեղծված անբարենպաստ դիվանագիտական ֆոնի վրա, երբ մոռացվել էր Ղարաբաղի գործոնը եւ խոսք էր գնում Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիայի մասին, ՄՃԽ-ի զեկույցները հիշեցրեցին միջազգային հանրությանը հակամարտության իրական բնույթի մասին եւ առաջին հեղինակավոր միջազգային փաստաթուղթը ստեղծեցին, որով, ըստ էության, լեգիտիմացվում է ԼՂՀ-ի անկախության գաղափարը: ՄՃԽ-ի ամենակարեւոր առաջարկն այն կետն է, որով նախատեսում է ԼՂՀ-ի համար անկախության հասնելու մեխանիզմ:
– Իսկ հնարավո՞ր է անկախության հասնի:
– Ոչ` այսօրվա քաղաքականության պայմաններում, բայց ինչո՞ւ ոչ` ապագայում: Այսօր միակ հնարավորությունը հետաձգված ստատուսն է, որը թույլ է տալիս Ղարաբաղին պահպանել իր փաստացի անկախությունը Ադրբեջանից, ստանալ միջազգայնորեն ճանաչված անցումային ստատուս (ինչն, ի դեպ, նույնպես հստակորեն նշված է ՄՃԽ-ի ծրագրում) եւ արդեն խաղաղության պայմաններում պայքարել լիարժեք անկախության համար:
– Այսօրվա իշխանությունները, չընդունելով ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փուլային տարբերակը, այսօր, այնուամենայնիվ, ստիպված են վերադառնալու դրան:
– Հարցին եթե մոտենանք ֆորմալ առումով, ապա նորից քննարկվում է փուլային տարբերակը, որովհետեւ փաթեթային տարբերակ նշանակում է լուծում, որով միանշանակ եւ անմիջապես համաձայնեցվում է ԼՂՀ կարգավիճակը: Սակայն հիմա այլեւս փաթեթային տարբերակ չի քննարկվում:
– Եթե հարցի լուծումն այսպես շարունակվի, ապա որքանո՞վ եք հավանական համարում պատերազմի վերսկսումը:
– Շատ պարզ հաշվարկներ կան, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանի ռազմական ծախսերն օրեցօր աճում են եւ ռացիոնալ օգտագործման դեպքում կարող են տարիների ընթացքում ապահովել Ադրբեջանի ռազմական առավելությունը` Հայաստանի եւ ԼՂ-ի նկատմամբ: Բնականաբար, դա շատ վտանգավոր է: Նաեւ ակնհայտ է, որ Ադրբեջանը չի հրաժարվելու իր նկրտումներից, եւ պատերազմի հավանականությունը տարեցտարի կմեծանա: Իսկ արդյո՞ք դա կբերի պատերազմի, դժվար է կանխագուշակելը, թեեւ ամենահավանական ընթացքը դա է: Ի վերջո, պատերազմների ընթացքը միայն զուտ ռազմական տեխնիկայի գերակշռությամբ չի որոշվում եւ չի կարող միանշանակ կանխատեսելի լինել: Սակայն արկածախնդրություն է հույսը կապել նման անորոշ, փխրուն եւ վտանգավոր հեռանկարների հետ:
– Իսկ որքանո՞վ է հավանական, որ պատերազմ սկսվի գերտերությունների հրահրմամբ: Մասնավորապես, շատ է խոսվում այն մասին, որ եթե ԼՂՀ-ում տեղակայվելիք խաղաղարարների մեջ չլինեն ռուսներ, ապա ՌԴ-ն շահագրգռված կլինի պատերազմի վերսկսմամբ:
– Չեմ կարծում, որ խաղաղարար ուժերի կազմը հիմա ամենախնդրահարույց հարցն է: Իհարկե, գերտերություններն իրենց հաշվարկներում համարում են դա կարեւոր հարց, բայց, ի վերջո, բանակցությունները կոնկրետ խաղաղության պլանի մասին են: Իսկ հակամարտող կողմերի համար դա ավելի երկրորդական է: Հակամարտող կողմերի համար կարեւոր է լուծումը` եւ ԼՂ-ի կարգավիճակի, եւ այլ նման հարցերի առումով: Պետք է սկզբում լուծում գտնել կոնֆլիկտի համար, իսկ հետո արդեն լուծում` միջազգային խաղաղարար ուժերի կազմի համար, որոնք ընդամենը կլինեն գործիք` խաղաղության պայմանագիրն ապահովելու համար:
– 1998թ. ՀՀ-ում տեղի ունեցած հեղաշրջման համար պատրվակ բերվեց ԼՂՀ հիմնահարցը: Եթե այսօրվա իշխանությունները գնան լուծման էապես ավելի վատ պայմաններով, քան նախկին իշխանությունները կարող էին անել 1997թ., ապա վերջիններս ի՞նչ են մտադիր անելու:
– Ես կարող եմ իմ անձնական կարծիքն ասել: Վճիռը պետք է հիմնված լինի բացառապես քաղաքական հաշվարկի վրա եւ բխի երկրի գերագույն շահերից: Էապես ավելի վատ պայմանների համար չեմ կարծում, որ նախկիններն աջակից կլինեն, սակայն եթե նախկինում որդեգրած սկզբունքներին քիչ թե շատ համապատասխանող լուծումներ լինեն, կարծում եմ, որ պետք է հրաժարվել քաղաքական շահարկումներից եւ օգնել խաղաղության գործընթացին:
– ԼՂՀ հիմնախնդրի շուրջ ընթացող պրոցեսներն ինչպիսի՞ ազդեցություն կունենան ՀՀ ներքաղաքական կյանքի վրա, եթե հանգուցալուծում լինի:
– Բուռն ազդեցություն կունենան: Չեմ ցանկանում կանխատեսել, բայց դրանք բուռն վերադասավորումներ կառաջացնեն եւ երկրում իսկապես կառաջացնեն նոր քաղաքական իրավիճակ, բաժանելով երկիրը խաղաղության կողմնակիցների եւ հակառակորդների: Անիմաստ եմ համարում դա քննարկելը, քանի որ նման զարգացման համար որեւէ լուրջ նախադրյալ դեռեւս չեմ տեսնում: