Ռ. Քոչարյանն այլեւս հույսը չի դնում կոալիցիայի թեկնածուների վրա` աչքի տակ ունենալով Լարիսա Ալավերդյանի փաստը: Իսկ Ա. Հարությունյանը նրա վստահելիների ցուցակում է, ու նրա հավատարիմ ծառայող լինելն այլեւս կասկածի տակ չէ. նա անձամբ է դրանում համոզվել` Ա. Հարությունյանին բազմաթիվ փորձարկումների ենթարկելուց հետո: Եվ եթե Ա. Հարությունյանն այդ հարցում այլեւս կասկածներ չի հարուցում Ռ. Քոչարյանի մոտ, ապա կոալիցիան դեռեւս ապացուցելու խնդիր ունի:
Այսպիսով, կոալիցիան հենց փետրվարի 6-ին` ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին նիստում կկատարի Ռ. Քոչարյանի պահանջն ու Արմեն Հարությունյանի թեկնածությունը կներկայացնի խորհրդարանականների հաստատմանը: Այս առնչությամբ արդեն իսկ լուրջ աշխատանքներ են տարվում խորհրդարանում, եւ կոալիցիոն ուժերը խումբ-խմբակցությունների դռներն ընկած համոզում են նրանց քվեարկել հօգուտ Ա. Հարությունյանի: «Մի հատ թուղթ ձեռքները ման են գալիս, ով ասում է` այո, «պտիչկա» են դնում: Բայց դեռեւս բացի իրենցից ոչ ոք «հա» չի ասել»,- ասաց ոչ կոալիցիոն պատգամավորներից մեկը` վստահեցնելով, որ Ա. Հարությունյանին օմբուդսմեն դարձնելը բավական ծանր է լինելու կոալիցիայի համար, քանի որ նրա վրա «Ռոբերտ Քոչարյանի մարդ լինելը դաջված է»:
Սակայն կոալիցիայի հույսն այն է, որ ԱԺ «Արդարություն» խմբակցությունն օմբուդսմենի իր թեկնածուն չունի եւ ԱԺ առաջին նիստի ընթացքում չի ներկայացնելու որեւէ մեկի թեկնածությունը: Բանն այն է, որ «Արդարությունն» իր երեկվա մեկուկես ժամ տեւած նիստում որոշել է ոչ թե կոնկրետ թեկնածու առաջադրել, այլ պահանջել, որպեսզի ԱԺ-ն հնարավորություն տա Լարիսա Ալավերդյանին ներկայացնել իր հաշվետվությունը, ինչից էլ իրենք կկողմնորոշվեն` պաշտպանել Լ. Ալավերդյանի՞ թեկնածությունը, թե՞ Ռուբեն Թորոսյանի, որը նաեւ «Ազգային Միաբանություն» խմբակցության թեկնածուն է: Ի դեպ, երեկ Արտաշես Գեղամյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ իր գլխավորած կուսակցության բոլոր անդամները մեկառմեկ ստորագրել են Ռ. Թորոսյանի թեկնածությունն առաջադրելու թղթի տակ եւ իրենք անպայման ԱԺ առաջին նիստի ընթացքում կառաջադրեն նրա թեկնածությունը: Իսկ ինչ վերաբերում է կոալիցիայի թեկնածու Ա. Հարությունյանին, ապա Ա. Գեղամյանն ասաց. «Ես կարող եմ Ռ. Թորոսյանի հասցեին հիմնավորումներ բերել, այն էլ՝ շատ: Իսկ կոալիցիան, կարծում եմ, Ա. Հարությունյանի մասին կկարողանա նույնն ասել: Մարդկայնորեն եւ անձնապես ես Արմենին շատ դրական եմ վերաբերվում»:
«Մեզ համար շատ ընդունելի է Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը: Մենք գտնում ենք, որ նա կատարել է իր աշխատանքը եւ այս կարճ ժամանակահատվածում ամեն ինչ արել է, որպեսզի կայանա մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը: Բայց նաեւ շեշտել էինք, որ մեզ համար ընդունելի է նաեւ Ռուբեն Թորոսյանի թեկնածությունը»,- «Արդարություն» դաշինքի նիստից այսպիսի մանրամասներ փոխանցեց Ռուզան Խաչատրյանը: Իսկ եթե ԱԺ-ն Լ. Ալավերդյանին հաշվետվություն ներկայացնելու հնարավորություն չտա, ո՞րն է լինելու իրենց հետագա գործողությունը: Այս հարցին ի պատասխան, Ռ. Խաչատրյանն ասաց. «Մենք հարցը կբարձրացնենք, եթե չընդունվի` տեղյակ կպահենք՝ ինչ ենք անելու: Չընդունող կողմը պետք է շատ լուրջ փաստարկներ դնի, իսկ նման փաստարկներ պարզապես չեն կարող լինել: Խոսքը օրենքի պահանջի կատարման մասին է»: Արմեն Հարությունյանի թեկնածության մասին ՀԺԿ-ական Ռ. Խաչատրյանն ասաց, թե այն մարդը, ով քաղաքական հստակ կողմնորոշում ունի, չի կարող օմբուդսմեն լինել:
«Նա այս տարիների ընթացքում ներկայացրել է կոնկրետ ուժի եւ կոնկրետ անձի` Ռոբերտ Քոչարյանի շահերը: Նա էր Քոչարյանի ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագծի համահեղինակն ու ներկայացնողը: Բացի այդ, նա երբեւիցե այդ ոլորտում չի աշխատել, եւ միայն այն, որ նա իրավաբան է, դեռեւս մեզ համար փաստարկ չէ, թե նա կարող է նաեւ լավ օմբուդսմեն լինել: Այս հանգամանքները հաշվի առնելով, գտնում ենք, որ նա մեզ համար անընդունելի թեկնածու է»,- ասաց Ռ. Խաչատրյանը:
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանի հավաստմամբ, իրենց համար օմբուդսմենի թեկնածուի խնդիրը սկզբունքային հարթության վրա է, ոչ թե անձնավորված: «Մեզ համար սկզբունքային հարցադրում է, թե ինչո՞ւ իշխանությունն իր իսկ նշանակած օմբուդսմենին` Լ. Ալավերդյանին, որոշեց փոխել: Հետեւաբար, մենք ցանկություն ունենք եւ պահանջելու ենք, որպեսզի նախկին օմբուդսմենին՝ Լարիսա Ալավերդյանին, հաշվետվություն ներկայացնելու հնարավորություն տրվի, որպեսզի հասարակությունն ու քաղաքական ուժերը հասկանան ու գնահատեն, թե ինչու են ուզում նրան փոխել,- ասաց Ա. Բազեյանը։ -Մեզ համար նաեւ սկզբունքային հարց է, թե ինչո՞ւ է գործող իշխանությունը անպայման ցանկանում իշխանական շրջանակներից մեկին առաջադրել եւ ընտրել մարդու իրավունքների պաշտպան: Դա կարող է լինել անկախ որեւէ մեկը՝ իրավապաշտպան կամ նույնիսկ ընդդիմության շրջանակներից: Չէ՞ որ այդ նույն օմբուդսմենն առավելապես պաշտպանելու է հասարակության կամ ընդդիմության ոտնահարված շահերը, ոչ թե իշխանության: Մեր երկրում այնպիսի իրավիճակ է, որ իշխանությունը պաշտպանության եւ օմբուդսմենի կարիք առանձնապես չունի»: Ա. Բազեյանը մեզ հետ զրույցում նաեւ վստահեցրեց, որ իրենց համար անընդունելի է լինելու այն թեկնածուն, որն իշխանության շրջանակներից է, իսկ Ա. Հարությունյանը, Ա. Բազեյանի խոսքով, «ակնհայտ է, որ իշխանության շրջանակներից է, իշխանության հետ է եւ պաշտպանել է իշխանության ներկայացրած սահմանադրության նախագիծն ու այն ներկայացրել է»:
Նույն սկզբունքային հարցը հուզում է նաեւ դաշինքի անդամ ՀԴԿ կուսակցության նախագահ, պատգամավոր Արամ Գ. Սարգսյանին, որը, իր իսկ խոսքերով, որեւէ մեկի` այդ թվում նաեւ Ա. Հարությունյանի հետ անձնավորված խնդիր չունի. «Ինչո՞ւ է այսօր մերժվում Լարիսա Ալավերդյանը, որը նշանակված էր նախագահի կողմից: Թող Լ. Ալավերդյանը ներկայացնի իր հաշվետվությունը, դրանից հետո կկողմնորոշվենք, եթե նա շատերին համոզի, որ ինքն, իրոք, արել է այն, ինչ անհրաժեշտ է, ապա հարց կառաջանա՝ ինչո՞ւ ենք մենք մերժում նրան ընդհանրապես: Երկրորդ՝ եթե պարզվի, որ նա, իրոք, իր տեղում չի եղել, այդ դեպքում դաշինքը կամ ես կորոշենք` ինչ դիրքորոշում ունենալ այս կամ այն թեկնածուի հարցում: Մենք` որպես ընդդիմադիր ուժ, կուզենայինք այս պահին այդ պաշտոնում տեսնել մեկին, որն ավելի սկզբունքային կլինի եւ կառչած չի լինի նույն իշխանական համակարգից»:
Իսկ «Հանրապետություն» կուսակցության անդամ Գեղամ Հարությունյանին ամենից շատ հետաքրքրում է այն, թե ինչո՞ւ է իշխանությունը հրաժարվում Լ. Ալավերդյանի հետագա ծառայություններից, եւ թե նրա մատուցած ծառայություններից ինչը նրանց դուր չի եկել: «Ընդդիմության համար սա սկզբունքային հարց է, քանի որ մեզ մոտ այն տպավորությունն է, որ` եթե իշխանական օղակում որեւիցե մեկը, թեկուզ իրենց կողմից նշանակված, փորձում է ինքնուրույնություն եւ կամք դրսեւորել իր աշխատանքում, նա պարզապես դուրս է մղվում համակարգից: Սա այսօրվա իշխանական համակարգի արատներից մեկն է, ինչը եւ դրսեւորվում է այս փուլում»,- ասաց Գեղամ Հարությունյանը: Նա հիշեցրեց նաեւ Սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ հնչող ամպագոռգոռ հայտարարությունները, թե դրանք ընդունելու դեպքում կմեծանան ԱԺ լիազորություններն ու, տվյալ պարագայում, օմբուդսմենի թեկնածուին առաջադրելու հարցը կվերապահվի ոչ թե նախագահին, այլ ԱԺ-ին: «Սակայն մենք հասկանում ենք, թե Արմեն Հարությունյանի թեկնածությունը որտեղից է գալիս: Այն նորից գալիս է նախագահի նստավայրից, ինչին դարձյալ ԱԺ-ն միահամուռ ծափահարում է: Այսինքն` սա ցույց է տալիս, որ այն, ինչ մի քանի ամիս թմբկահարվում էր իշխանության կողմից՝ մասնավորապես կոալիցիայի, թե սահմանադրությունը նոր իրավիճակ է ստեղծելու երկրում, ընդամենը դատարկ խոսքեր էին: Իրականում ոչ մի բան չի փոխվել երկրում եւ իշխանության ընդհանուր մոտեցումներում,- ասաց Գ. Հարությունյանը` հիշատակելով եւս մեկ դրվագ այն հայտարարություններից, որոնք արվում էին հանրաքվեից առաջ,- շատ էին նաեւ ասում, թե Սահմանադրության առավելություններից մեկն էլ այն է, որ մարդու իրավունքների պաշտպանության դաշտն ընդլայնվում է: Բայց մենք գիտենք եւ ականատես ենք, որ արդեն մեկուկես ամիս է` Հայաստանի քաղաքացիները զրկված են այնպիսի ինստիտուտի պաշտպանության իրավունքից, ինչպիսին օմբուդսմենի ինստիտուտն է: Իշխանություններն օմբուդսմենի գրասենյակն ապօրինի հրամանագրով լուծարել են, եւ այն այսօր չի գործում»: Գ. Հարությունյանը մեկ այլ դիտարկում էլ ներկայացրեց` ասելով. «Իշխանությունն օմբուդսմենի առաջադրումը պետք է գիտակցված վերապահեր ընդդիմությանը, որովհետեւ մարդու իրավունքները պաշտպանվում են հենց իշխանության տարբեր օղակների ապօրինություններից: Եվ այս պարագայում, երբ իշխանությունն է դարձյալ իր թեկնածուին նշանակում օմբուդսմեն, ապա արդեն իսկ ակնհայտ է, չէ՞, որ ինքն իրեն չի վերահսկելու: Հասկանալի է, որ այդ պարագայում թեկնածուին ինչ-որ պահից սկսած կաշկանդելու են այնպես, ինչպես Լ. Ալավերդյանի դեպքում էր»:
Եվ այս ամենն իմանալով հանդերձ, նույն ընդդիմադիրները դեռեւս շարունակում են միամտորեն հույսեր փայփայել, թե փետրվարի 6-ին նույն իշխանությունները կատարելու են իրենց պահանջը, եւ այլեւս անկաշկանդ Լ. Ալավերդյանին` հանուն ընդդիմության կողմնորոշման, թույլատրելու են բարձրանալ ԱԺ ամբիոն ու ներկայացնել իր հաշվետվությունը:
Հ.Գ. ՀԺԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը երեկ տեղեկացրեց նաեւ, որ իրենք համապատասխան 27 ստորագրություններով դիմում-բողոք են ներկայացրել ՍԴ` պահանջելով լսել Բուզանդից ապօրինի վտարանդիների խնդիրը: Հիշեցնենք, որ նույն հարցով ՍԴ էր դիմել նաեւ Լարիսա Ալավերդյանը: