Նոր ձեւով

04/02/2006

«18+1» կամ «18+8»-ն ընդդիմադիր ֆորմատ չէր: Դա ձեւավորված թիմ էր, որը սահմանադրական հանրաքվեի նկատմամբ ուներ իր տեսակետը»,- նման կարծիքի է ՀԱԱԿ ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Ըստ նրա, իրենք ասում էին, որ պետք է բոյկոտել հանրաքվեն, եւ հավաքվեց այդ թիմը («18+1»-ը), որպեսզի այդ խնդիրը փորձի լուծել: «Միամիտ չեմ, որ ասեմ, թե հասարակությունը մեր հորդորով չեկավ հանրաքվեի, բայց գոնե մի մասը` 5-10-15%-ը մեր կոչով չգնաց հանրաքվեի»,- ընդդիմության իր գործընկեր միամիտներին հակադարձեց նա: Ավելին` Հ. Հովհաննիսյանը համոզված է, որ լուրջ քաղաքական խնդիրներ լուծելու համար ստեղծված թիմը պետք է ձեւավորված լինի գաղափարական հենքի վրա: «Պետք է լինի թիմ, որն ունի 90%-անոց գաղափարական ընդհանրություն եւ որը տեսնում է, թե երկրի ապագան որտեղ է, եւ տեսնում է, թե այս ամբողջ գործընթացները ոնց են գնալու: Այսինքն` ընդհանրությունը շատ պետք է լինի, գոնե 90%: Պետք է ընդունենք, որ այդ «16+1»-ի կամ «18+1»-ի մեջ դա չկա»,- նկատում է պրն Հովհաննիսյանը: Վերջինս շեշտում է նաեւ, որ ընդդիմությունը շատ ժամանակ չունի եւ առաջիկա 1-2-3 շաբաթվա ընթացքում պետք է հասարակությանը ներկայանա նոր ձեւով, որն իրական այլընտրանք կլինի իշխանություններին: ՀԱԱԿ ղեկավարն ընդունում է, որ այսօրվա ընդդիմությունը թույլ է, սակայն նշում է, որ «ընդդիմությունն ունի փայլուն լիդերներ, կան փայլուն կուսակցություններ, կան փայլուն մարդիկ», իսկ թուլությունն այն է, որ ընդդիմությունը փորձում է մեր երկրում ժողովրդավարության օրենքներով շարժվել, մինչդեռ երկիրը վաղուց դուրս է եկել այդ ուղուց: Միեւնույն ժամանակ` Հ. Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ թույլ է ոչ միայն ընդդիմությունը, այլեւ իշխանություններն ու պետությունը, որոնք «իրենց իմունիտետը կորցրել են», եւ իրականում երկրի քաղաքական իրավիճակը շատ լարված է, ու այդ խաղաղությունը թվացյալ է:

Ռ.Թ.