Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային հանձնաժողովի հայտարարությանը ծանոթանալիս, ինձանից անկախ բացականչեցի` «Վախ, արա, հորս արեւ» բառերը։ Ինձ համար ոչ հոգեհարազատ այս բառապաշարն արտաբերվեց ոչ թե զարմանքից եւ ոչ իսկ զայրույթից, այլ անսպասելի հարվածից, որ ստանում է նշյալ բառապաշարը կրող պատանին կամ երիտասարդն իր հասակակցից եւ «Վախ, արա, հորս արեւ»-ն օգտագործում է պատասխանի համար ժամանակ շահելու պարզ ու հասկանալի նպատակով։
Եվ հիմա, երբ առավոտյան սուրճ խմելու հետ թերթ կարդալուց անցել է ավելի քան ութ ժամ, այսինքն՝ մեկ աշխատանքային օր, ես դեռեւս չեմ կարողանում կենտրոնանալ ու ընթացք տալ սույն հոդվածում շարադրվելիք իմ ասելիքին, որովհետեւ վաղ մանկությունից սովոր եմ սեւին ասել սեւ, սպիտակին՝ սպիտակ։
Վաղ մանկությունից ինձ այդպես են սովորեցրել (կամ գուցե վարժեցրել են, չգիտեմ), եւ հիշում եմ, որ իրերն իրենց անունով չկոչելու համար միշտ արժանացել եմ հանդիմանանքի։ Օրինակ, երբ ցածր գնահատականի համար ստիպված եմ եղել մեղքը բարդել ուսուցչի վրա, ինձ, մեղմ ասած, չեն հավատացել ու ասել են. «Քեզ նայիր»։ Եվ տարիներ անց ես հասկացել եմ, որ ուսուցիչն ինչքան էլ վատ տրամադրված լիներ, ինչքան էլ փորձեր թերագնահատել քեզ, դասդ լավ սովորած լինելու դեպքում չէր կարող ոչինչ անել։ Գուցե մի հիստերիկ ճիչ արձակեր կամ գուցե արժանի թվանշանդ վանդակի մեջ խցկելիս խայթեր քեզ կամ վիրավորեր, բայց չէր կարող բոլորի աչքի առաջ հինգի պատասխանած դասդ գնահատել երեք կամ երկու։
Իսկ քաղաքականության մեջ սեւ ու սպիտակ չկա։ Քաղաքականությունը նրբերանգների արվեստ է, եւ, ասենք, մոխրագույնը ցանկության դեպքում կարելի է հայտարարել հանգամանքների բերումով` մթնած սպիտակ, իսկ ցանկության բացակայության դեպքում՝ քյոմուր սեւ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ հայտարարությունն անելով ինչ արդյունքի ես ուզում հասնել։ Եթե խախտումներով անցած ընտրություններն ուզում ես վավեր ճանաչել, ասում ես` «այո, բայց», իսկ եթե չես ուզում կամ շատ ծանրակշիռ պատճառ ունես մեկին պատժելու, ասում ես` «ոչ, երբեք»։
Հիմա, փաստորեն, ընդունելով, որ անցած տարվա նոյեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում նախատեսված հանրաքվեն չի կայացել, Եվրոպայի խորհուրդն ասում է ոչ թե «այո, բայց» կամ ոչ թե «ոչ, երբեք», այլ գտնում է հարցի կոնյունկտուրային լուծումը, որ եւ՛ եվրոպական արժեքները կուշտ լինեն, եւ՛ ոչխարները ողջ մնան։ Եվրոպայի խորհուրդն ասում է՝ ոչ, բայց։ Եվրոպայի խորհուրդն ասում է, թե ճիշտ է, ձեր հանրաքվեն չի կայացել, բայց քանի որ հանրաքվեի դրված սահմանադրությունը շատ լավն է, թեման փակենք։ Եվրոպայի խորհուրդը մեզ փաստորեն փրկում է լավ սահմանադրության կորստից՝ զոհաբերելով իր համար ամենաթանկագինը՝ մարդու ազատորեն եւ արդարաբար ընտրելու իրավունքը։
Հայաստանում կային ոչ մեծ թվով մարդիկ, ովքեր կանխատեսում կամ ենթադրում էին այս հանգուցալուծումը։ Հանրաքվեին նախորդած բուռն քարոզարշավի ընթացքում այդ մարդիկ այդպես էլ հնարավորություն չստացան ավելի մեծ լսարանների առջեւ իրենց կարծիքն արտահայտելու։ Այդ բանը շատ լավ գիտեր եւ տեսնում էր նույն Եվրոպայի խորհուրդը, բայց երբեք չասաց Հայաստանի ղեկավարներին, որ «Այո»-ից բացի կա նաեւ «Այո, բայց», «Այո, եթե», «Եթե, ուրեմն»։ Չասաց, որովհետեւ գիտեր, որ անշուն գեղ մտնելիս, կարելի է անփետ ման գալ։
Հայաստանի չկայացած հանրաքվեից երկու ամիս անց Պաղեստինում տեղի ունեցան ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ։ Հաղթեց «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կուսակցությունը, որը ոչ միայն դեմ է որեւէ տեսակի բանակցությունների, այլեւ նպատակ ու նշանակետ ունի աշխարհի երեսից վերացնելու Իսրայել պետությունը։ Ու քանի որ ընտրությունը եղել էր ազատ, արդար ու թափանցիկ, քանի որ արտահայտել էր Պաղեստինի ժողովրդի կամքը, եվրոպաներն ու ամերիկաներն անբիծ հաղթանակի համար պետք է շնորհավորեին համասականներին, բայց այստեղ էլ գործեց շան ու փետի մասին մի այլ ասացվածք. «Շան հետ ընկերություն արա, փետը ձեռիցդ մի գցիր»։
Ստացվում է, որ անշուն գեղում անփետ ման եկող Եվրոպան հանուն լավ օրենքի համաձայն է ընտրական իրավունքի ոտնահարմանը, իսկ փետը ձեռին շան հետ ման եկող Եվրոպան իր գլխավոր արժեքների իրականացմամբ իշխանության եկած «ՀԱՄԱՍ»-ին խելքը գլուխը հավաքելու համար երեք ամիս ժամանակ է տալիս։
Հետաքրքիր է, ի՞նչ պիտի անի երկվությամբ տառապող Եվրոպան, եթե հանրաքվեով չանցած «լավ» սահմանադրությունը Հայաստանում չգործի։ Դրա համար ո՞ւմ պիտի պատժի՝ իշխանությունների՞ն, թե՞ ժողովրդին, ով չուզեց ու չգնաց հանրաքվեի։ Ի՞նչ կերպ պիտի պատժի՝ օգնությունները կտրելո՞վ, թե՞ իր դռները մեր քթի տակ շրխկացնելով։
Հետաքրքիր է, ի՞նչ պիտի անի Եվրոպան, եթե ահաբեկչական «ՀԱՄԱՍ»-ը երեք ամսից չհրաժարվի իր քաղաքականությունից։ Ո՞ւմ պիտի պատժի՝ ժողովրդի՞ն, ով իր ընտրական իրավունքն է իրականացրել, թե՞ «ՀԱՄԱՍ»-ին, որը ճշտով առաջադրվել ու չորով հաղթել է ընտրություններում։ Կարծեմ արդեն ակնարկվում է դրսից եկող օգնությունների կասեցումը։
Երկու Եվրոպան էլ, ըստ էության, նույն բանն են ասում։ Ասում են՝ ընտրությունը կատարվում է այսպես-այսպես եւ այսպես, այսինքն՝ ազատ, արդար ու թափանցիկ, բայց ասում են նաեւ, որ դա չի նշանակում, թե ընտրելու ձեւն իմացողը կարող է եւ պետք է ընտրի այն, ինչ ինքն է ուզում։
Հիմա մենք ո՞ր Եվրոպային ենք ինտեգրվելու։ Այն, որ ունի համամարդկային բարձր արժեքներ ու դրանցով է ուզում միավորել պետություններին ու ազգերի՞ն, թե՞ այն, որ վարչահրամայական մեթոդներով իր ուզածն է պարտադրում։ Եթե առաջինին ենք ինտեգրվելու, ուրեմն պետք է հրաժարվենք երկրորդի պահանջից։ Եթե չենք հրաժարվում երկրորդի պահանջից, ուրեմն առաջինը չկա։
Ու ստացվում է, որ Եվրոպան էլ մեր հինավուրց Նաիրիի նման միֆ է, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն։ Մի տարբերությամբ միայն, որ մեր հինավուրց Նաիրին չկա ու չկա, իսկ Եվրոպան եւ կա, եւ չկա։