Մի քանի օր առաջ մեծ աղմուկ բարձրացավ արտասահմանյան մուլտֆիլմերի հայտնի «թարգմանության» վերաբերյալ: Լիովին համաձայն եմ բոլոր նրանց հետ, ովքեր դատապարտում էին այդ տեսաերիզների շուկայում հայտնվելու փաստը: Սակայն բոլորին էլ պարզ է, որ շուկայական հարաբերություններն ունեն իրենց օրենքները: Այսինքն, եթե կա պահանջարկ` կա տեսաերիզ: Եվ տվյալ պարագայում պրոբլեմն «ախմախ թարգմանված մուտֆիլմերը» չեն, պրոբլեմը պահանջարկն է: Բայց, ինչպես միշտ, մեր Լեզվի տեսչությունը կամ հերթական «գրանտակեր» հասարակական կազմակերպությունները, «կրակը հանգցնելու փոխարեն», փորձում են մաքրել «այդ կրակի ծխով լցված սենյակը»: Իսկ սենյակը լցված է ոչ միայն ծխով, այլեւ գարշահոտությամբ: Ես երբեւիցե չեմ նկատել, որ նմանատիպ կազմակերպությունները քննադատեն, ասենք, ՀՀ Ազգային ժողովի որեւէ պատգամավորի, որի խոսակցական «ժարգոնը» շատ քիչ է տարբերվում այդ մուտֆիլմերի թարգմանություններից (իսկ որոշ դեպքերում էլ, այդ թարգմանությունը, վերոհիշյալ ժարգոնի համեմատ, գրաբար է թվում):
Մեծ հաշվով, հայերն այսօր սովորում են անգլերեն, համակարգիչ եւ «սապոնվել»: Ընդ որում, անգլերեն սովորում են, որ կարողանան «սոտովիի մենյուն» կարդալ, համակարգիչ` որ «պոռնո սայթերը» հեշտ գտնեն, իսկ «սապոնվելը»` որ «մարդ դառնան»:
Եթե ուշադիր հետեւենք մեր ուսուցիչներին` նրանց միակ առաքելությունը երեխաներին ցածր գնահատական դնելն է: Որից հետո ծնողները «ոտ ու ձեռ ընկած» իրենց երեխաներին տալիս են «պարապելու»: Դժվար է ասել, թե ի՞նչ են պարապում երեխաների հետ ուսուցիչները, սակայն փաստը մնում է փաստ, որ երեխան տարվա վերջում ունենում է բարձր գնահատական, բայց նրա ուղեղում, բացի «Շրեկներից» եւ «Մադագասկարներից», ուրիշ ոչինչ չի լինում: Փաստորեն, դպրոցում ոչինչ չեն սովորեցնում: Իսկ ի՞նչ են սովորեցնում, ասենք, մեր հեռուստաալիքները: Լրատվական հաղորդումները սովորեցնում են խաբել առանց ամաչելու: Սպորտային հաղորդումները դիտելիս հասկանում ես, որ Հայաստանում սպոտը ոչ թե զբաղվելու, այլ դիտելու համար է (որովհետեւ զբաղվողին ստիպում են մրցաշարի կեսից փախչել), երաժշտական հաղորդումներն ավելի շատ հիշեցնում են կամ «Բանգլադեշի յարմարկան», կամ «գեյ-կլուբներ» (իսկ որոշ դեպքերում էլ` Խորհրդային Հայաստանի գյուղամեջի ակումբներ): Իսկ զվարճալի հաղորդումներով զվարճանում են միայն այդ հաղորդումների հեղինակներն ու նրանց եթեր տրամադրած «լիցենզիա շահած տղերքը»: Իհարկե, կան հաղորդումներ, որոնք շատ պրոֆեսիոնալ են պատրաստվում եւ որոնցից կարելի է նաեւ ինչ-որ բան սովորել: Բայց այդպիսի հաղորդումներն այնքան քիչ են, որ կորչում են մնացած աղբի մեջ:
Վերջերս մամուլում քննադատում էին «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Վահան Բաբայանին: Իսկ ի՞նչ պետք է սովորեր այդ երիտասարդը մեր, այսպես կոչված, «քյարթու» քաղաքական գործիչներից: Այն` ինչ տեսել է: Օրինակ, եթե ուշադիր հետեւեք, թե ինչպես են իրար հետ «շփվում» «Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը եւ Հմայակ Հովհաննիսյանը, կամ, ասենք, ԱԺ նախագահի եւ վարչապետի կուսակցության անդամները միմյանց հետ, ապա ամեն ինչ միանգամից հասկանալի կդառնա: Սա էլ դեռ վերջը չէ: Դարեր շարունակ, երբ մենք պետականություն չենք ունեցել, մեր եկեղեցին եղել է ոչ միայն համայն հայության հոգեւոր առաջնորդը, այլեւ, ի տարբերություն շատ այլ եկեղեցիների, կրթել է իր ազգի զավակներին եւ պահպանել մշակութային արժեքները: Իսկ այսօր այդ նույն եկեղեցու առաջնորդն ում ասես մեդալ է բաժանում: Հասկանում եմ, որ այսօրվա մեր հոգեւորականները մեծացել են բրեժնեւյան ժամանակաշրջանում, բայց դա չի նշանակում, որ նրանք առաջին պատահածին պետք է պարգեւատրեն տարբեր շքանշաններով: Հետո էլ զարմանում են, թե աղանդներն ինչո՞ւ են այսքան տարածում գտել Հայաստանում: Ճիշտն ասած, ես միշտ մտածել եմ, որ ամենալավ ուսուցիչը գիրքն է: Եվ ես կարծում եմ, որ մեր պետական եւ հոգեւոր այրերը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի ազգը նորից սկսի գիրք կարդալ: Այդ թվում` նաեւ գրքերի գիրքը` «Աստվածաշունչը»: Երեւի թե, այդ դեպքում, գոնե հաջորդ սերունդը կիմանա, որ մարդուն սպանել չի կարելի, որ գողությունը հանցագործություն է, որ ծնողներին (մեծերին) պետք է հարգել, որ չի կարելի «բուդկա դնելու» համար ծառ կտրել, որ Դ՚Արտանյանը հայ չէ, բայց դա չի նշանակում, որ թուրք է, որ լսարանում, թատրոնում եւ եկեղեցում բջջային հեռախոսը պետք է անջատել, որ, թեեւ «ջենթլմենը» հայկական բառ չէ, բայց, այնումենայնիվ, կնոջը պետք է հարգել: Որովհետեւ կարծում եմ, որ ոչ թե տարատեսակ անգրագետ մանկավարժներն են ինչ-որ բան սովորեցնում մեզ, այլ գրքերը: Կարդացեք: Առավել եւս, որ մեր ազգի միակ հարստությունը մարդկային ներուժն է: