Կրոնական սենսացիաներ չկա՞ն

04/02/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Հայաստանում այսօր գրանցված շուրջ 55 կրոնական կառույցներից մոտ մեկ տասնյակն է, որ կրոնական գործունեությամբ է զբաղված՝ հավատացած է Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:

Վերջերս տարբեր առիթներով այս թեմայով նա ելույթներ ունեցավ, որոնք կարծես անարձագանք մնացին: Ամարյանի համոզմամբ՝ կրոնական կազմակերպությունների մեծ մասը կրոնի քողի տակ իրականացնում է այլ գործունեություն: «Նրանք իրար մեջ հատկապես լավ բաժանել են բիզնես-ոլորտները»,- պրն Ամարյանի հավաստմամբ, օրինակ, ոսկու եւ ադամանդագործության շուկան տնօրինում են Եհովայի վկաները, շինանյութերի բիզնեսը մորմոններինն է, կենցաղային քիմիայի բիզնեսում դերակատարում ունեն սատանայապաշտները, մսամթերքի արտադրությունից լավ գլուխ են հանում ավետարանչականները: Իսկ մարզերի քիչ թե շատ աչքի ընկնող շինություններն անպայման զանազան կապեր են ունենում այդ կրոնական կառույցների հետ. այդ են վկայում շաբաթ-կիրակի օրերին այստեղ տեղի ունեցող կրոնական զանազան կազմակերպությունների հավաքներն ու ծիսակատարությունները: «Վերցրեք Երեւանի բոլոր մշակութային օջախները՝ գրեթե բոլորը հանգստյան օրերին իրենց դահլիճները տրամադրում են կրոնական այդ հավաքներին, նույնիսկ Կ. Դեմիրճյանի անվան մարզամշակութային համալիրը զերծ չի»,- Ա. Ամարյանն այս ամենի մեջ հանցավորության տարրեր է տեսնում:

Նրա բնորոշմամբ՝ քայքայիչ պաշտամունք կամ քայքայիչ աղանդ համարվում են այն կրոնական ուղղությունները, որոնց գործունեությունը ոտնահարում է մարդու իրավունքները: Այս կրոնական կազմակերպություններն իրենց ծավալած գործունեության արդյունքում հնարավորինս շահագործում են իրենց հետեւորդներին, կրոնական քողի տակ խուսափում են հարկային, մաքսային տուրքերից, բարեգործության անվան տակ արտասահմանից ստանում են զանազան օգնություններ, որոնց 10-15 տոկոսով «թոզ են փչում» իրենց «եղբայրների ու քույրերի» աչքերին, իսկ մնացածը վերածում են «չոր» փողի, եւ այլն: Հայաստանում այսօր որեւէ մարմին չկա, որ վերահսկի այս կազմակերպությունների գործունեությունը, իսկ օրենսդրական դաշտն այնքան թերի է, որ օրինախախտության դեպքում անգամ այս կազմակերպություններին պատասխանատվության ենթարկելու որեւէ մեխանիզմ չկա: Իրավիճակից օգտվելով՝ կրոնական համարվող այս կազմակերպությունները ոչ միայն տնտեսական գործունեություն են իրականացնում, այլեւ թափանցել են զանազան ուժային եւ պետական կառույցներ: Մեզանում այսօր չկա նաեւ որեւէ կառույց, որը լիարժեք տեղեկատվություն կարող է տրամադրել այս կազմակերպությունների, նրանց կրոնական գաղափարախոսության վերաբերյալ առհասարակ: Ա. Ամարյանի պնդմամբ` աղանդավորական կազմակերպությունների հետ համագործակցում են նաեւ քաղաքական ուժերը՝ հատկապես նախընտրական շրջաններում: «Եթե նկատի ունենանք այն փաստը, որ այսօր նվազագույնը 200.000՝ 18-65 տարեկան քաղաքացիներ են հարում զանազան աղանդավորական կազմակերպությունների, ապա լրիվ հասկանալի կլինի քաղաքական գործիչների՝ նրանց հետ համագործակցելու շարժառիթները»,- պրն Ամարյանն առայժմ անուններ չի տալիս, սակայն վստահեցնում է, որ դրանք «վախենալու դեմքեր են», եւ նրանց «կպնելն» անհետեւանք չի մնա: Պրն Ամարյանը չի խրախուսում նաեւ այս կազմակերպությունների «ձեռք գցած» շենք-շինությունների ցանկի հրապարակումը. «Եղել են դեպքեր, երբ ինձ դիմել են երիտասարդներ՝ կոնկրետացնելու այդ տարածքները, սակայն ես միշտ խուսափել եմ, որովհետեւ դա լավ բանի չի բերի, այդ երիտասարդները պատրաստ են ուղղակի ջարդ իրականացնել այդ շինությունների հանդեպ, նրանք պայքարի այլ ձեւ չեն պատկերացնում»,- Ա. Ամարյանի կարծիքով` կառավարությունն այս ամենի հանդեպ անհասկանալի անտարբերություն է դրսեւորում: Պատճառաբանությունը, թե այս կառույցների հանդեպ մերժողական դիրքորոշումը հակասում է Եվրախորհրդին, Ամարյանին չի բավարարում. «Նույն Եվրախորհուրդն ունի տասնյակ որոշումներ, որոնցով սահմանափակումներ են նախատեսվում քայքայիչ աղանդների վերաբերյալ»: Կրոնական հողի վրա այսօր բազմաթիվ սպանություններ ու ինքնասպանություններ են կատարվում: «Հիշեք նախանցած տարի ինքնասպան եղած 12-ամյա Անուշ Ավակիմովային. հետմահու փորձաքննության արդյունքում հայտարարվեց, որ աղջնակը հոգեկան խնդիրներ է ունեցել, բայց ոչ ոք ուշադրություն չդարձրեց կամ ուղղակի անտեսեց այն փաստը, որ ինքնասպան եղած 12-ամյա այդ աղջնակի սենյակում կրոնական գրականությունից զատ ուրիշ ոչ մի այլ գիրք չի եղել: Նույնկերպ՝ 2003 թվականին Մանանդյան փողոցի վրա տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը որակվեց որպես սպանություն կենցաղային հողի վրա, մինչդեռ այն իր իրականացման ձեւով ու բնույթով բազմաթիվ ընդհանրություններ ուներ սատանայապաշտների ծիսակատարության հետ՝ գոնե կարելի էր հաշվի առնել այն, որ սպանության հեղինակի մականունը «Սատանա» է»,- մի խոսքով՝ Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը խիստ անհանգստացած է: ՀՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչությունում, սակայն, Ամարյանի չափ անհանգստացած չեն: Վարչության ռեֆերենտ Վ. Ասծատրյանը, թեեւ ինքն էլ է համաձայն, որ այս ոլորտը բավարար ուսումնասիրված չէ, եւ օրենսդրական դաշտն էլ թերի է, սակայն անհանգստության խիստ պատճառներ չի տեսնում, քանի որ բավարար հիմքեր չկան. «Հասարակությունը եթե անհանգստություն է դրսեւորում տարբեր կրոնական կազմակերպությունների ծավալած գործունեությունից, պետք է հստակորեն նշի՝ ինչն է հատկապես վտանգավոր համարում, որպեսզի ստուգման ենթարկվի, հակառակ դեպքում՝ առանց հիմնավորման մենք որեւէ մեկին մեղադրանք ներկայացնելու իրավունք չունենք»: Վարչությունը հիմնավորված չի համարում նաեւ Ա. Ամարյանի ներկայացրած փաստերը: «Եթե Ամարյանը լուրջ փաստեր ունի, անպայման պետք է ներկայացնի Դատախազություն»,- գտնում է Վ. Ասծատրյանը: Ամարյանի հավաստմամբ` միայն 2005թ. իրենց կազմակերպությունը 25 բողոք է ստացել կոնկրետ անձանցից, որոնք այս կամ այն կերպ տուժել են տարբեր կրոնական խմբավորումների գործունեությունից, սակայն իր ունեցած տեղեկությունները նա առայժ խորհրդավորության շղարշով է պատում, նույնիսկ գաղտնի է պահում «համապատասխան այն մարմինների» անունները, որոնք, իր հավաստմամբ, հրաժարվել են լուրջ վերաբերվել այդ տեղեկություններին: Կրոնի հարցերով զբաղվող վարչությունն էլ անհնար է համարում այս դաշտում առանց հասարակության եւ հասարակական կազմակերպությունների համագործակցության որեւէ նշանակալի հաջողություն: Իր նման վարքագիծը «զգուշավորություն» համարող Ա. Ամարյանը նման զգուշավորությամբ է տեղեկատվություն տալիս նաեւ իր ղեկավարած կազմակերպության մասին: Մասնավորապես կրոնական տարբեր կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրների բացահայտումը պահանջող Ամարյանը բոլորովին հակված չէ բացահայտել իր իսկ կազմակերպության ֆինանսավորման աղբյուրը: «Ամարյանը բազմիցս դիմել եւ համապատասխան տեղեկատվություն է ստացել նաեւ մեր վարչությունից, եթե նա կոնկրետ փաստեր ունի, ինչո՞ւ նաեւ մեզ հետ չի համագործակցում»,- կրոնի գործերով պետական լիազոր մարմնում համարում են, որ Ամարյանն ընդամենն ուզում է իր անձը կարեւորել եւ սենսացիա առաջացնել: Կրոնական խմբավորումների վտանգավորությունը չբացառելով՝ կրոնական հարցերով պետական մարմինը խոստովանում է, որ այսօր մենք պատրաստ չենք լիարժեք ուսումնասիրություններ կատարել այս ոլորտում՝ թեկուզ միայն այն պատճառով, որ մասնագետներ չունենք: «Եթե պետությունն ինչ-ինչ պատճառներով բավարար ուշադրություն չի դարձնում այս խնդիրներին, հասարակությունն ինքը պետք է այնքան հասու լինի, որ ձեռնարկի նման ինֆորմացիայի հավաքագրումը, այդ դեպքում հնարավոր չի, որ պետությունն անտեսի այդքան հասունացած հարցը»,- գտնում է Վ. Ասծատրյանը: