Երեւանն ունի 5400 բազմաբնակարան շենքեր եւ դրանց հետ կապված անթիվ հոգսեր: Այդ հոգսերը սրվում են հատկապես անձրեւային եղանակներին եւ ձմռանը՝ խիստ ցրտին: Արդեն հասկանալի է, որ այդ հոգսերը կապված են շենքերի ծակ տանիքների, անդուռ մուտքերի եւ նկուղներում ջրի սառցակալվող խողովակների հետ:
Վերջին օրերի սառնամանիքից սառել, սառելուց նաեւ պայթել են մայրաքաղաքի բազմաթիվ շենքերի խողովակները: Պատասխանատուները մեղադրում են միմյանց: Քաղաքապետարանից կոմունալ վարչության պետ Ֆրունզ Բասենցյանի հավաստմամբ, քաղաքապետարանը շենքերի պահպանման համար որեւէ պատասխանատվություն եւ պարտականություն չունի: Դա համարում է թաղապետարանների եւ համատիրությունների, իսկ ավելի շուտ` շենքի բնակիչների պարտականությունը: Նույն կարծիքին են նաեւ «Երեւանի ջրմուղ-կոյուղի» (ԵՋԿ) ընկերությունում: Իսկ բնակիչները մեղադրում են արդեն գոյություն չունեցող բշտ-ներին, կիսատ-պռատ ձեւավորված համատիրություններին ու թաղապետարաններին:
«Մենք դեռ տարվա սկզբին բոլոր թաղապետարաններին զգուշացրեցինք, որ ուժեղ ցրտեր են սպասվում,- ասում է Ֆ.Բասենցյանը: -Նրանք համատիրությունների ու բնակիչների հետ միասին պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեին: Ո՞վ է մեղավոր, որ շենքի նկուղն ու մուտքերը դուռ ու լուսամուտ չունեն, խողովակներն էլ ջերմամեկուսացված չեն, ու սառնամանիքն իր գործն անարգել անում է: Խորհրդային կարգերն էլ չկան: Շենքերը հանձնված են բնակիչներին, նրանք պետք է որոշեն՝ ի՞նչ անել: Համատիրությունները պետք է լավ աշխատեն»:
«Ուղղակի ահազանգի դեպքում մենք գնում ենք դեպքի վայր եւ բնակիչներին օգնում ենք հալեցնել-բացել խողովակները,- ասում է ԵՋԿ-ի լրատվության պատասխանատու Մուրադ Սարգսյանը: -Ճիշտ է, դա մեր ֆունկցիաների մեջ չի մտնում, բայց երբեմն անում ենք»:
Սկզբում մի քիչ տարօրինակ թվաց ԵՋԿ-ի այս մեծահոգությունը, բայց դա հասկանալի դարձավ, երբ Դավիթաշենից տեղեկացրին, որ խողովակները սառել են հենց ԵՋԿ-ի պատճառով, որովհետեւ ժամանակ առ ճամանակ ջրերը կտրում են: Անընդհատ հոսող ջուրը չի սառում: Իսկ ԵՋԿ-ի հրապարակած գրաֆիկով Դավիթաշենը վաղուց շուրջօրյա ջրամատակարարում ունի: «Ջրմուղին զգուշացրել ենք, որ ջուրն էլ չկտրի,- ասում է Դավիթաշենի 2Լ-1 համատիրության նախագահ Տիգրանը: -Մենք մի շենքում սառույցը հալեցնում ենք, ջրերը բացվում են, ու մինչեւ մյուս շենքի խողովակներն ենք բացում, երկու ժամվա մեջ այդ բացած խողովակները նորից փակվում են: Հնարավոր չէ դեմն առնել»:
Տիգրանը նաեւ տեղեկացրեց, որ այդ շենքերի նկուղներում ջրատար ու կոյուղատար խողովակները ջերմամեկուսացված չեն: Նա ավելացրեց, որ այդ հաճույքն առանց աշխատանքի արժե մոտ 40.000 դրամ: Իսկ համայնքի թաղապետարանից ասացին, որ իրենք գումարներ հատկացնում են շենքերի կտուրները վերանորոգելու եւ մուտքերին ու նկուղներին դուռ ու լուսամուտ տեղադրելու համար: «Այդքան միջոցներ չունենք, որ խողովակները ջերմամեկուսացնելու համար ստեկլովատ առնենք,- պատասխանեցին թաղապետարանի կոմունալ բաժնից: -Դա էլ թող բնակիչներն ու համատիրություններն անեն»:
Տիգրանն էլ ասաց, որ բնակիչները դժգոհում են ու դրա համար գումար չեն հատկացնում: Նախ բնակիչները դժգոհում են, որ համատիրություններն իրենց հատկացրած գումարներն ամբողջությամբ նպատակին չեն ծառայեցնում: Եվ հետո, գաղտնիք չէ, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո Երեւանի բնակֆոնդը հայտնվեց խղճուկ վիճակում: Սկզբում նախ հստակ չէր, թե ո՞վ է շենքի տերը եւ ո՞վ պետք է զբաղվի նման հարցերով: Հետո երբ պետությունը շենքերը սպասարկելու հոգսը իր վրայից վերցրեց՝ բնակարանները սեփականացրեց բնակիչներին, ստեղծվեցին համատիրություններ, այդ հոգսն ընկավ բնակիչների, մասամբ` նաեւ թաղապետարանների վրա: Շենքերը պարբերաբար սպասարկելու աշխատանքները մեկը մեկի վրա գցելու արդյունքում Երեւանի բնակֆոնդը հայտնվեց աղետալի վիճակում: Հիշենք 2003թ. դեկտեմբեր-հունվար ամիսները, երբ խիստ սառնամանիքի արդյունքում սառցակալել ու փակվել էին 370 բազմաբնակարան շենքերի ջրատար ու կոյուղատար խողովակները: Հավանաբար դա դարձավ պատճառը, որ եղած համատիրությունները թաղապետարանների եւ բնակիչների հետ միասին նոր-նոր փորձում են ինչ-որ բան անել, քանի դեռ ուշ չէ՝ վիճակը շտկել: Եվ ոչ մի տեղից հնարավոր չեղավ պարզել, թե Երեւանում կոնկրետ ջերմամեկուսացված ջրատար ունեցող քանի՞ շենք կա: ԵՋԿ-ից տեղեկացրեցին, որ Համայնքների զարգացման ծրագրերի արդյունքում մոտ 1000 շենքերի նկուղային ջրատարները ջերմամեկուսացվել են: Թաղապետարաններից ու մի քանի համատիրություններից էլ ասացին, որ իրենք ունեն նկուղային հարկերում եւ՛ ջերմամեկուսացված, եւ՛ մերկ խողովակներով շենքեր: Եվ բոլոր կողմերը միաբերան հավատացնում են, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ կշտկվի, շենքերի՝ բնակարաններից դուրս ընկած հատվածները կվերանորոգվեն: Բայց հոգատարությունը դեռ բավարար մակարդակի չի հասել: Համայնքի պատասխանատուները պատճառ են բերում նյութական բավարար միջոց չունենալը, նույն պատճառը բերում են նաեւ բնակիչները: Իսկ բնակարանների տերերը դեռ չեն ազատվել խորհրդային մտածելակերպից եւ իրենց բնակարաններից դուրս՝ վերելակի, նկուղի, կտուրի ու մուտքերի վատ վիճակն իրենցը չեն համարում: Իրենցը դրսի դռնից ներս ընկած մասն է: Իսկ այս օրերին մայրաքաղաքում սառած ջրատարները բացող խմբեր են շրջում, որոնք 6000 դրամով հալեցնում են սառցակալած ցանկացած խողովակ, ոչինչ, որ երկու ժամ հետո նույն խողովակը նորից կսառի: