ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի Ադրբեջան կատարած այցի գլխավոր նպատակն Ադրբեջանին զենք եւ զինամթերք վաճառելու ձգտումն էր: Միեւնույն ժամանակ Մոսկվան ուզում է Ադրբեջանի միջով տրանսպորտային միջանցք ունենալ դեպի Իրան: «Թուրանի» հարցազրույցում այդ մասին հայտնեց Բաքվի բարձրագույն ռազմածովային ուսումնարանի նախկին ղեկավար, պրոֆեսոր Ջանմիրզա Միրզոեւը:
Նրա խոսքերով, Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումը գրավել է Ռուսաստանի ուշադրությունը: «Մինչ օրս Ադրբեջանը զենք, ռազմամթերք եւ ռազմական տեխնիկա գնել է երրորդ երկրներից՝ Ուկրաինայից, Չինաստանից, Արեւելյան Եվրոպայից: Այդ պատճառով Ռուսաստանն առաջարկել է ռազմատեխնիկական ոլորտում ստեղծել միջպետական հանձնաժողով»,- ասաց Միրզոեւը:
«Ադրբեջանի միջով Իրանի հետ Ռուսաստանի տրանսպորտային կապերի վերականգնումն ակտիվացնում է ռուսաստանյան տարատեսակ բեռների առաքումը Իրան: Լարվածության անընդհատ եւ աստիճանական ծավալումը՝ մի կողմից ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ, մյուս կողմից՝ Իրանի, կհանգեցնի նրան, որ ՌԴ-ից բեռների առաքումն Իրան կտրուկ կաճի: Անչափ կաճի Կասպիցի ծովային ուղիների նշանակությունը, եւ այդ դեպքում Մոսկվան Բաքվի համաձայնության կարիքը կունենա: Սակայն Կասպիցի որոշ հատվածներ դիտարկվում են ԱՄՆ-ի ռադարային կայաններից, որոնք կնշագրեն Իրանի ուղղությամբ ցանկացած շարժում: Այդ պատճառով Ռուսաստանը կաշխատի օգտագործել Ադրբեջանի ցամաքային տրանսպորտային ուղիները»,- կարծում է Միրզոեւը:
«Զերկալո», Ադրբեջան