ԱՄՆ-ի հայերը, ամերիկյան ապահովագրական ընկերությունների դեմ հաջող դատավարություններից հետո, դատի են տվել Deutsche Bank -ին եւ Dresdener Bank -ին, նրանց մեղադրելով 1915 թվականի տեղահանության ժամանակ զոհված հայերի բանկային հաշիվները յուրացնելու մեջ: Ամերիկահայերի դատապաշտպանները խոստովանեցին, որ գլխավոր նպատակը «ցեղասպանությունը» օրակարգ մտցնելն է: Հայերի հերթական գրոհի առնչությամբ «Հյուրիեթ» թերթի գլխավոր խմբագիր Օքթայ Էկշին ասաց, որ նրանք «հետեւողական առաջ են գնում», ինչպես նաեւ` առօրյա գործածության մեջ մտցրեց «հայկական զրպարտիչ միավորումներ» բառախաղը: Ընդ որում, նա ընդգծեց, որ այդ միավորումներն իրականում շատ լավ են աշխատում: Ինչպես նաեւ ուշադրություն հրավիրեց այն բանին, որ թուրքական Արտաքին գործերի նախարարության շրջանցող արտահայտությունները «միայն արգելակում են գործընթացը», բայց՝ ոչ ավելին:
Հնարավոր է, որ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությանը հաջողվում է հակազդել, բայց մի՞թե Էրդողանն ու Գյուլը միասին չընդունեցին «բոլոր հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների կարգավորման եւ զարգացման» մասին Եվրամիության պայմանները, ներառյալ՝ Հայաստանի: Եվ մի՞թե դա չի նշանակում, որ սկզբում պետք է բացել սահմանը, վերացնել էմբարգոն, իսկ հետո կատարել Հայաստանի բոլոր պահանջները, այդ թվում` «ցեղասպանության» մասին զրպարտանքը:
Այդ ի՞նչ «մտավորականություն» է:
Թուրքիայի ներսում «զրպարտիչ միավորումների» մասին հայտնի դարձավ Ֆրանսիայից, որը հենց հանդիսանում է ողբերգության մեղավորը: Դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատին ներկայացվել էր ԵՄ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին 78 էջանոց ծավալուն զեկույց, որը պատրաստել էին մի խումբ սենատորներ՝ 2005թ. սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 1-ը մեր երկիր կատարած այցի արդյունքների հիման վրա:
Ստամբուլից եւ Անկարայից բացի, սենատորները եղել են միայն Կարսում, որտեղ հանդիպել են միայն ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ քաղաքապետի հետ, որը պայքարում է Հայաստանի հետ սահմանը բացելու համար: Եվ (ինչպիսի պատահականություն) նրանք այցելել են նաեւ Անիի ավերակներ՝ հայերի գլխավոր նպատակներից մեկը: Սենատորները, հավանաբար քաղաքավարությունից դրդված, հանդիպել են նաեւ տեղի նահանգապետի հետ:
Արդեն կարելի է պատկերացնել, թե ինչպիսի զեկույց կարող էին նրանք գրել: Մի կողմ թողնենք նրանց «հիմնավորումները» թուրքական բանակի, դավանության ազատության, քրդական հարցի մասին, եւ անդրադառնանք միայն «խոսքի ազատությանը» եւ «հարեւան երկրների հետ հարաբերություններին»: Ըստ ֆրանսիացի սենատորների, մեր մտավորականների զգալի մասը կարեւոր քայլեր է կատարել «հայերի ցեղասպանությունը ճանաչելու» ուղղությամբ:
Նշանակում է, «հետեւողական քայլերով» առաջ են գնում ոչ միայն հայկական սփյուռքը եւ «զրպարտիչ միավորումները»: Առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել մեր շրջապատում «առաջխաղացմանը»:
Եկեք «խոսքի ազատության» դրսեւորում համարենք Փամուկի եւ նրա կողմնակիցների ճառերն այն մասին, որ «մենք սրի ենք քաշել հայերին, սպանել ենք քրդերին»՝ երկյուղելով, որ «մեզ համար կփակվի Եվրոպա տանող ճանապարհը», շարունակենք ոտնահարել մեր օրենքները եւ արգելենք դատել ժողովրդին եւ պետությանը վիրավորող մարդկանց: Իսկ Բողազիչը համալսարանը թող պահանջի Քրեական օրենսգրքից ընդհանրապես հանել 301-րդ հոդվածը: Եկեք վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի օժանդակությամբ «ցեղասպանության մասին գիտաժողով» կազմակերպենք եւ աշխարհին ցույց տանք, թե որքան ենք «ժողովրդավարացվել»: Եվ, ամենագլխավորը, համաձայնենք Եվրամիության պայմաններին եւ Թուրքիայի Քրեական օրենսգրքում ցեղասպանության մասին հոդված մտցնենք եւ դրանով թեթեւացնենք զրպարտանքի «առաջխաղացումը»:
Ինչ ցավալի է, որ մենք «դաստիարակչական փորձաշրջան» ենք անցնում, որպեսզի քայլ առ քայլ ընդունենք ցեղասպանության մասին զրպարտանքը…
www.mediadialogue.org