Ինչպես բազմիցս ասել եմ ու գրել, Հայաստանը կարող է գոյություն ունենալ իբրեւ անկախ պետություն միայն միջազգային փոխշահավետ կապերի գլոբալիզացիայի շրջանակներում, եւ առաջին հերթին գիտատեխնոլոգիական եւ տեղեկատվական համագործակցության, ռազմատեխնիկական ու ռազմական ոլորտներում: Սակայն ինքը` ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՆ ավելի լայն սպեկտր ունի եւ ըստ ամերիկացի սոցիոլոգ Է.Հիդդենսի` հինգ հիմնական չափում ունի` տնտեսական, տարածքային-քաղաքական, ռազմական, ինդուստրիալ եւ մշակութային: Դրանց ես կավելացնեի նաեւ տեղեկատվական գործոնը: Հիդդենսն ընդգծում է, որ գլոբալիզացիան մի կողմից հանգեցնում է սոցիալական պրակտիկաների տրանսազգային ձեւերին (ազգ-պետություն ձեւը դարձել է չափազանց փոքր կյանքի մեծ պրոբլեմների եւ շատ մեծ` դրանց փոքր պրոբլեմների համար), մյուս կողմից` մեծանում են լոկալ ինքնավարության եւ տեղական մշակութային նույնականության պահանջմունքները: Տեսնում ենք, որ գլոբալիզացիան իրենից ներկայացնում է համաշխարհային ու լոկալ չափումների բարդ փոխհարաբերություն: Սակայն դրան ավելանում է եւս մի ոչ պակաս կարեւոր գործոն. հայ ժողովրդի գրեթե 80%-ն ապրում է սփյուռքում, եւ աշխարհի հակասականությունները, նրա բոլոր առավելություններն ու թերությունները դառնում են Հայաստանի սեփականությունը: Ինչպե՞ս քեզ պահպանես աշխարհում, եթե հասկանում ես, որ մեր ճանապարհը երկրների ու ազգերի կոնֆիգուրացիայի մեջ ֆունկցիոնալ ինտեգրումն է, որտեղ գործելու են խաղի գլոբալ կանոնները: Աշխարհում բազմաթիվ միջազգային տեղական միություններ են գործում, որոնք միավորված են գլոբալիզացիայի կարեւորագույն հիմնահարցերում` տնտեսական, տարածքային-քաղաքական, ռազմական, ինդուստրիալ, մշակութային ու տեղեկատվական: Աշխարհում 53.000-ից ավելի տրանսազգային ընկերություններ կան, որոնք 450.000 դուստր-ընկերություններ ու մասնաճյուղեր ունեն: Այդ մեծ ուժը կարող է ոչնչացնել պետության անկախությունը կամ անվտանգությունը, բայց կարող է նաեւ ճիշտ օգտագործման դեպքում դրական դեր խաղալ այնպիսի երկրի ու ազգի համար, ինչպես հայերն են ու Հայաստանը:
Հասկանալի է, որ տնտեսվարող սուբյեկտների, Հայաստանի օլիգարխների մեծ մասը իրենց վերաբերմունքն են ունենալու գլոբալիզացիայի նկատմամբ ֆինանսատնտեսական ոլորտում: Մեծ մասը կողջունի դրանց հայտնվելը, քանի որ համագործակցության հեռանկարներ են բացվում, որտեղ մրցակիցներ չկան, որովհետեւ Հայաստանը չափազանց փոքր շուկա է ու նրա համար ոչ ոք առանձնապես չի պայքարի: Հայաստանի մեծ կապիտալը կարող է հանգիստ քնել, քանի որ այստեղ էլ կարող են դրական փոփոխություններ տեղի ունենալ, ու թեեւ եկամուտը դանդաղ կավելանա, բայց արդեն ինտեգրված կլինի, հետեւաբար` նաեւ օրինական: Մյուս կողմից` գլոբալիզացիան իր հետ բերում է պատրաստի ենթակառուցվածքներ, որ դժվար կլինի ստեղծել մեծ բիզնեսի համար, որը զուրկ է ինտելեկտից, ինչը Հայաստանի զարգացման համար մեծ խոչընդոտ է: Թեեւ ամենաէականը հասարակական կարգի կարեւորագույն պարամետրերի, ինչպիսին արդարությունն ու օբյեկտիվությունն է, հասարակության զարգացման տակտիկան ու ռազմավարությունը` իբրեւ ազգային ու պետական անվտանգության խնդիրներ, դեֆորմացված ընտրասերումն է: Այստեղից էլ գալիս է ոչ օբյեկտիվ վերաբերմունքն իշխանության նկատմամբ, որին ժողովուրդը չի ընտրում, այլ որը մանիպուլյացիայի ուժով փաթաթվում է ժողովրդի վզին: Հիվանդությունը խորանում է նաեւ նրանով, որ այդ հարաբերությունների դեֆորմացված լինելը կարող է երկար տեւել, քանի որ հայ հասարակությունը չափազանց անհամասեռ է, չունի հակադարձ կապի քաղաքացիական ավանդույթներ: Այստեղից է գալիս իշխանության, օրենքների վրա հսկողության բացակայությունը, օրենքներ, որ ընդունվում են ու չեն դառնում հասարակության կյանքի մաս: Այսպիսով, գլոբալիզացիան կարող է ամեն ինչ իր տեղը դնել, բայց կարող է նաեւ պայմաններ ստեղծել դրանց բարգավաճման համար: Հայաստանն այսօր էլ գտնվում է այն ծուղակի մեջ, որ գլոբալիզացիան առաջարկում է որպես մեծ աշխարհի մի մաս, բայց այդ առաջարկներն իրական հիմք չունեն ու ստրկական բնույթ են կրում, քանի որ երկիրը զարգացման ռազմավարություն չունի հասարակության ներսում եւ չունի երկիրը պետությունների կոնֆիգուրացիայում տեսնելու ռազմավարություն, որտեղ պարզ կերեւար Հայաստանի դերը, նրա գերակշռող դերը: Իսկ հնարավորությունները քիչ չեն: Առաջին հերթին` հենց ժողովրդի վիճակը, որը չափազանց մեծ հետաքրքրություն ունի պատմության ու իր պատմական հայրենիքի ճակատագրի նկատմամբ: Ժողովրդի ինքնագիտակցությունը, նրա տեղեկացվածության բարձր մակարդակը կարեւոր դրական դեր են խաղում գլոբալիզացիայի նոր պայմաններում: Երկրների կոնֆիգուրացիան ընտրելիս, որտեղ Հայաստանը կընտրեր իր դերը, նա կարող էր ինքը ֆինանսատնտեսական կամ գիտատեխնիկական համագործակցության ոլորտից դուրս թողնել այնպիսի ոչ բարեկամական երկրների, ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան: Բայց դրա համար երկրի ղեկավարությունը պիտի լինի այնպիսի մարդկանց ձեռքերում, որոնք կարողանային տեսնել այն ամենը, ինչը կարող է բերել գլոբալիզացիան` որպես հակառակորդի վրա ճնշում գործադրելու կարեւորագույն միջոց: Այսօր այդ միջոցը ցեղասպանությունն է միայն: Ի դեպ, մեզ համար լավ օրինակ կարող է լինել Պապ թագավորի սպանությունը, երբ բանիմաց, ողջախոհ, երիտասարդ արքան եկավ Հռոմից` իմանալով իրադարձությունների զարգացման այն միտումները, որոնց մասին այն ժամանակվա Հայաստանի իշխանության գլուխ կանգնածները պատկերացնել անգամ չէին կարող: Գավառական մտածելակերպ ունեցող ու իրենց մասին հոգ տանող այդ կառավարողները ցնցված էին այն համարձակությունից, որով Պապը բարեփոխումներ էր անում` հզորացնելով ու ժամանակակից դարձնելով երկիրը: Եվ Պապ թագավորի դեմ դավադրություն իրականացրին մահացու ելքով, մի մարդու, որը շատ արտոնություններ էր տվել եկեղեցու նոր ինստիտուտին, որպեսզի այդպիսով ամրապնդի երկիրը` նախապես գիտենալով, որ Հռոմը գնում է անխուսափելի կործանման: Ի՞նչ շահեց Հայաստանը այն բանից, որ գտնվում էր քրիստոնյա երկրների բավականին նեղ շրջանակի մեջ, որտեղ գլխավոր դերը պատկանում էր Բյուզանդիային: Կարծում եմ` միայն Հայաստանի հետագա քաղաքական պատմությունը կբացահայտի մեր ինքնագիտակցության, անհեռատեսության, մեր դիվանագիտական ու ռազմավարական կարճատեսության բոլոր թերությունները: Դա միայն մի բացատրություն ունի. Հայոց եկեղեցու իրական իշխանությունը միշտ եղել է կիսագրագետ ու պետության կյանքից քիչ բան հասկացող մարդկանց համար առեւտուրի տեղ, իսկ կրթված ու խելացի մարդիկ թատերաբեմում հազվադեպ են հայտնվել: Միշտ էլ կենցաղային իմաստությունը, իրավիճակային վերլուծությունն ու կասկածամտությունը հաղթում էին ռազմավարական մտածելակերպ ունեցողներին ու պետական կարեւորություն ունեցող խնդիրները հասկացողներին:
Պատմական փորձը ցույց է տալիս, որ պետության ղեկավարման` դարեր առաջ թույլ տված այդպիսի լուրջ սխալները մեզ ոչ մի բան չսովորեցրին, քանի որ դրանք դեռ չեն ներկայացվում այնպես, ինչպես ես ներկայացրեցի: Իսկ չէ՞ որ նույն գլոբալիզացիան տեղի էր ունենում Պապի թագավորության օրոք, բայց մենք չկարողացանք օգուտ քաղել Բյուզանդիայի նման հզոր կայսրության տիրապետությունից, ընդհակառակը, ամեն ինչ արեցինք, որ կայսրությունը լիովին ոչնչացնի Հայաստանի հզորությունը: Հարց է ծագում. Ո՞ւմ հետ էր խաղում Հայաստանը: Գուցե Բյուզանդիայի հակառակորդների՞: Ոչ մի դեպքում: Իրականում Հայաստանը կենտրոնացած էր սեփական խնդիրների վրա, որոնք սոսկ իրադրական բնույթ ունեին: Նույն բանն է տեղի ունենում նաեւ հիմա:
Գլոբալիզացիան հենց մեր սփյուռքն է` երկրագնդով մեկ սփռված հայոց աշխարհը: Պետք է դրանից ճիշտ օգտվել: Չէ՞ որ հասարակությունը ղեկավարելու կարեւոր պայմաններից մեկն ամեն ինչ օբյեկտիվորեն տեսնելն է ու դրանք ճիշտ օգտագործելը: Ոչ մի բան չի կարելի շտկել, պետք է լավ տեսնել հասարակությունն ու ժողովրդին եւ ճիշտ կառուցվածքային սրբագրում անել, ոչ ավելին: ԽՍՀՄ-ի փորձը ցույց է տալիս, որ հսկա երկիրը` Ռուսաստանը, չհասկանալով ու մինչեւ վերջ չճանաչելով իրեն, դաժանաբար անցավ հեղափոխական, ասել է թե` արմատական փոփոխությունների մեկ` մի, ապա եւ` երկրորդ փուլը` 90-ականներին: Եվ մեր սերնդի անցած փորձը, երեւում է, ոչինչ չսովորեցրեց մեզ: Այսօր փողի իշխանության ժամանակներ են, դա նշանակում է, որ հասարակությունը դուրս է եկել հսկողությունից ու մտել զարգացման նոր փուլ: Հայ ժողովուրդը վատ ժամանակներ է ապրում, քանի որ բազմաթիվ հայ ընտանիքներ երկրից երկիր են տեղափոխվում` վաղվա օրվա նկատմամբ գոնե մի քիչ վստահություն ունենալու ակնկալիքով: Երկրի բնակչության մոտ կեսը վերջին 15 տարիներին լքել է երկիրը, ընդ որում` հասարակության տարբեր խավերից: Պատկերավոր ասած` Հայաստանն այսօր բզկտված մարմին է, ոչ թե կայացած հասարակություն, որն արժեքներ ունի: Հենց դա թույլ չի տալիս մտածելու, որ երկրում մոտ ժամանակներս կհայտնվի «լիդեր» կամ լիդերների խումբ, քանի որ ոչ մի սոցիալական խումբ չի կարող ներկայացնել այնպիսի առաջնորդի, որը կբավարարեր բոլորին: Այդպիսիք չկան ոչ այն պատճառով, որ նրանք գոյություն չունեն, այլ որովհետեւ մարդկանց յուրաքանչյուր խմբի արժեքային սանդղակը հայ հասարակության ներսում տարբեր է: Հենց սա է հասարակական գիտակցության կոլապսը:
Ճգնաժամի հաղթահարումը ժամանակակից պայմաններում խոշոր կապիտալի միավորումն է պետությունների կոնֆիգուրացիայի հիմքի վրա եւ խոշոր ներդրումային Հիմնադրամի ու Բանկի ստեղծումը` գրավիչ ֆինանսական ու տնտեսական գաղափարներով, իսկ ավելի լավ է` նախագծերով: Հայաստանի կառավարությունում աշխարհի տարբեր երկրներից երիտասարդ հայ մասնագետների ներգրավումը, նրանց գիտելիքները, կապերն ու երիտասարդ ավյունը թույլ կտան նրանց արագ փոփոխել գործադիր իշխանության կառուցվածքը` ստեղծելով կառավարման կարեւորագույն մեխանիզմ: Երիտասարդ մասնագետները պետք է ստանան այնքան աշխատավարձ, որքան զարգացած երկրներում, միաժամանակ նրանք պետք է վերահսկվեն այդ նորաստեղծ ներդրումային Հիմնադրամի ու Բանկի կողմից: Ներդրումային Հիմնադրամն ու Բանկը պետք է սերտ համագործակցեն գործադիր ու դատական մարմինների հետ` ստեղծելով վստահության ու թափանցիկության ֆոն: Այդ ամենը երկիր կբերի ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլ նաեւ հնարավորություն կտա Հայաստանին խոշոր խաղացող դառնալ միջազգային ասպարեզում` որպես տեղական լիդերի նոր տիպ, որը զարգացման ուղիներ է սահմանում փոքրիկ երկրի համար` որպես իրավահավասար անդամ ինտելեկտուալ, ինֆորմացիոն բումի պայմաններում: