Երբ կառուցվում էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, շինարարներից մեկն ընկավ եւ մահացավ: Դեպքը Մայր աթոռ սուրբ Էջմիածնից մեկնաբանվեց որպես դժբախտ պատահար: Մայր աթոռից այդ շինարարի ընտանիքին թոշակ նշանակվեց: Խոսակցություններ կային, որ նույն եկեղեցում առաջին հարսանիքի պսակադրության ժամանակ կարիճը խայթել էր հարսնացուին: Հարսնացուն մահացավ, փեսան վշտից ինքնասպան եղավ: Դեպքը նորից որակվեց որպես դժբախտ պատահար: Իսկ եթե մեկը հիմա որոշի գնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի աղոթելու ու չկարողանա տեղ հասնել՝ այս սառցակալած ճանապարհին ընկնի ու ոտուձեռը ջարդի, ինչպե՞ս կորակվի: Նորի՞ց դժբախտ պատահար: Խեղճ հավատացյալը հաստատ կմտածի, թե մեղքերը շատ են, ու Աստված պատժեց: Կամ ենթադրենք հավատացյալին հաջողվել է մի կերպ հաղթահարել այս անանցանելի ճանապարհն ու տեղ հասնել: Աղոթքից, մեղքերի թողությունից ու Աստծո հետ հաղորդակցվելուց հետո թեթեւացած հոգով ու երջանիկ նա եկեղեցուց դուրս է գալիս եւ այս սառցակալած աստիճաններից ընկնում՝ ոտուձեռը ջարդում է: Հավատացյալն ի՞նչ պետք է մտածի, Աստված իրեն չներեց եւ պատժե՞ց: Իսկ պատկան մարմիններն էլ դեպքը նորից դժբախտ պատահար կորակեն: Ի՞նչ անի խեղճ հավատացյալը նման պայմաններում, եկեղեցի չգնա՞ այնքան ժամանակ, մինչեւ բարի արեւը դուրս գա ու հավատքի ճամփան այս հաստ սառույցից ազատի՞: Թե՞ հույսն Աստծո վրա դնի ու գնա՝ մտածելով, որ մեղքերը քիչ լինեն, ճամփան բարեհաջող կանցնի: Իսկ եթե ընկավ ու մի տեղը ջարդեց, ոչինչ՝ ուրեմն Աստված է այդպես կամեցել: Թե այս օրերին եկեղեցի գնացողը պետք է այնքան հավատք ունենա, որ համոզված լինի, թե անպայման եկեղեցի կհասնի, եթե նույնիսկ ճանապարհը սառցակալած լինի, կամ էլ թե կանգառի ու եկեղեցու արանքում խորը ծով լինի: Նրա հավատքը պետք է այնքան ուժեղ լինի, որ կարողանա Քրիստոսի ու առաքյալների նման ծովի վրայով քայլել եւ չընկնել-խեղդվել, սառույցների վրայով քայլել ու չընկնել-ջարդվել: Միգուցե եկեղեցու սպասավորները դիտմա՞մբ են այս աստիճանները սառցակալած թողել, որպեսզի ստուգեն մեր հավատքի ուժը, թե՞ նրանք որոշել են, որ հավատացյալը պետք է տառապի, նոր հասնի իրենց դուռը: