Գրքեր, որոնք խոսել եւ պատմել գիտեն

04/02/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Խոսող գրքերը» mp3 ֆորմատով երկու ձայներիզներ են, որոնց մեջ Թումանյանի, Անդերսենի, Գրիմ եղբայրների, Օսկար Ուայլդի մի քանի հեքիաթներ, Չարենցի, Տերյանի, Սեւակի, Սահյանի բանաստեղծություններն ու Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» վիպակն են ընդգրկված:
Գրականության մեծ օվկիանոսի այս մի քանի ալիքները հասու են դառնում տեսողական խանգարումներ ունեցող մանուկների ու պատանիների համար, ովքեր կարդալու կարողությունը կարող են փոխարինել լսելու կարողությամբ եւ հաղորդակից դառնալ լավ գրականությանը: Տիգրան Ներսիսյանը, Հովհաննես Բաբախանյանը, Աննա Էլբակյանը, Ժիրայր Դադասյանը եւ այլ դերասաններ ներկայացնում են իրենց ընթերցումները, որոնք լսելիս հասկանում ես, թե ինչ մանրակրկիտ եւ նուրբ աշխատանք է արված՝ գրական նյութը ճիշտ մատուցելու համար:

«Զարմանալի է, բայց շատերը միանգամից համախմբվեցին այս գաղափարի շուրջը: Ես ոչ մի դերասանի անձամբ չէի ճանաչում, բայց երբ զանգահարեցի եւ առաջարկեցի կարդալ, ոչ ոք չմերժեց, թեեւ ասացի, որ գումար չեմ վճարելու: Բոլորն անշահախնդիր եւ մեծ նվիրումով աշխատեցին»,- ասում է այս նախագծի հեղինակ Գայանե Կլեկչյանը, ով ձեռնարկել է «Խոսող գրքերի» թողարկումն առանց որեւէ գումարի:

«Խոսող գրքերը» շատ որակյալ եւ բարձրաճաշակ են: Բացի լավ գրական նյութից եւ հրաշալի ընթերցումից, նրանք շատ գեղեցիկ եւ նուրբ երաժշտական ձեւավորում ունեն: Երաժշտական եւ էֆեկտային ձեւավորման երիտասարդ հեղինակ Վահան Նահապետյանը` ինքն ունենալով տեսողական խնդիրներ, կարողացել է շատ զուսպ եւ պատկերավոր երաժշտական ֆոն ստեղծել: Ձայներիզներում օգտագործվել են Շոպենի, Գրիգի ստեղծագործությունները, որոնք տեղ-տեղ հնչելով, իրենց տեղը բնության ձայներին եւ հնչյուններին են զիջում: Կրակի ճտճտոցը, թռչունների ծլվլոցը, ալիքների ծփանքը եւ այլ հնչյունները տրամադրող են: Երեխաները գրական նյութն ամբողջական եւ միանգամից են պատկերացնում, քանի որ դերասանական կատարումները անջատ չեն պատկերից: Չտեսնող մարդիկ միշտ սուր զարգացած պատկերավոր մտածողություն են ունենում, եւ հեշտությամբ կարող են որսալ ձայնային կեղծիքները: «Խոսող գրքերը» պահպանել են մատչելիության ու արվեստի հավասարակշռությունը, դրանք լոկ գրական ինֆորմացիա չեն պարունակում, այլ՝ ավարտուն արվեստի գործեր են, որտեղ յուրաքանչյուր հնչերանգ եւ շեշտադրում մտածված ու տեղին է:

«Խոսող գրքերը» չեն վաճառվում: Դա սկզբունքային խնդիր է Գայանե Կլեկչյանի համար: Նա պատրաստ է դրանք անվճար բաժանել բոլորին: Ու թեեւ յուրաքանչյուր գրքից 50-ական օրինակ է պատրաստվել, դրանք կարելի է վերաձայնագրել, բազմացնել կամ համակարգչի մեջ պահել: Տեսողական խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 գիշերօթիկ դպրոցում դրանք գրադարանում են պահվում եւ օգտագործվում են դասերի ժամանակ: Ոչ միայն դպրոցի սաները, այլեւ տեսողական խանգարումներ ունեցող յուրաքանչյուր մարդ կարող է դրանք ինքնուրույն դնել ձայնագրիչի մեջ եւ լսել, քանի որ ձայներիզների տիտղոսաթերթիկները Բրայլյան տպագրությամբ են արված եւ հնարավորություն են տալիս կույր երեխաներին` շոշափելով տեքստը, կարդալ եւ ստեղծագործության անվանումը, եւ կատարողի անունը: «Որպեսզի նրանք կախում չունենան ուրիշներից»,- բացատրում է Գ.Կլեկչյանը: Ձայներիզների շապիկների ձեւավորման համար օգտագործվել են Մանկական գեղագիտական կենտրոնի սաների նկարները, իսկ 13-ամյա Մարիամ Ալիխանովայի նկարը դարձել է այս նախագծի խորհրդանիշը:

Միանշանակ կարելի է ասել, որ այդ ձայներիզները, բացի կույր երեխաներից, շատերը հաճույքով կլսեն, եւ նոր, քիչ կարդացող սերունդը կծանոթանա խոսքի արժեքին: Խոսքի մաքրությունը, ճիշտ շեշտադրումները եւ լավ գրական նյութը մեծ գրականության դռները կբացեն նրանց առաջ: Լսելը խորհել է հորդորում, նաեւ` գիրք կարդալ: Դրան նպաստում է գրական նյութի հետաքրքիր ընտրությունը: Հեքիաթները, բանաստեղծությունները, պատմվածքներն ու վիպակները, արժեքավոր լինելուց բացի, սակավ ծանոթ են երեխաներին: «Ես ուզում եմ, որ նրանք համեմատաբար քիչ ծանոթ եւ քիչ հնչած գործեր լսեն: Թող մեծ պաշարով մտնեն կյանք եւ պատրաստված լինեն»,- այսպիսին է նախագծի հեղինակի մոտեցումը: Ընդ որում, ոչ մի ստեղծագործություն չի կրճատվել եւ չի խմբագրվել: Ո՞վ կարող է ասել՝ թե նյութի որ հատվածն է ավելի տպավորիչ ու ազդեցիկ, եթե ոչ իրենք՝ երեխաները: Այդ պատճառով էլ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստոն ճայը» եւ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հնչել եւ հնչելու են ամբողջությամբ՝ պահպանելով եւ իրենց բազմաշերտությունը, եւ ենթատեքստը:

Շարունակություն լինելու է

«Բոլորն ասում էին, որ կարելի է մեկ կամ երկու ձայներիզ անվճար պատրաստել, սակայն արդեն հաջորդները միայն էնտուզիազմի հաշվին անել չենք կարողանա, դա անտրամաբանական կլինի»,- ասում է Գ.Կլեկչյանը, ով սակայն նույն ոգեւորությամբ արդեն սկսել է հաջորդ մի քանի ձայներիզների ձայնագրման աշխատանքները: Այս անգամ նրան անվճար ստուդիա է տրամադրել Հանրային ռադիոն (առաջին ձայնագրություններն արվել են Mezzo ստուդիայում), որտեղ արդեն նոր ձայնագրություններ են արել Ժիրայր Դադասյանը («Փոքրիկ իշխան» եւ Լեոնիդ Ենգիբարովի նովելները), Տիգրան Ներսիսյանը (Սայաթ-Նովա), Գուժ Մանուկյանը (Սարոյանի «Նարինջները»), Ռուբեն Կարապետյանը (Չարենցի «Նավզիկե»): Ձայնագրվել են նաեւ Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանցը», Ղազարոս Աղայանի «Զանգի-Զրանգին», Անդերսենի «Անագե զինվոր» եւ «Թիթեռնիկներ» հեքիաթները, իսկ մեկ ամբողջական ձայներիզ նվիրվել է ռուսական պոեզիային: Ախմատովայի, Գումիլեւի, Ցվետաեւայի, Եսենինի, Վիսոցկու բանաստեղծությունները ռուսերեն լեզվով կհնչեն Արթուր Ութմազյանի, Աննա Հեքեքյանի կատարմամբ: Լավ գրական նյութն անսահմանափակ է: Ճաշակով եւ պրոֆեսիոնալ արված ձայնագրությունները անպայման իրենց հետքը կթողնեն երեխաների սրտերում:

Իր աշխատանքը մեծ եռանդով, համառությամբ եւ նվիրումով անող Գայանե Կլեկչյանն ասում է. «Ես ոչ հասարակական կազմակերպություն եմ, ոչ էլ գրանտ եմ շահել: Ես մարդ եմ, ով ուզում է ինչ-որ բան անել երեխաների համար: Իմ այս ցանկությունը շատ տրամաբանական եմ համարում, քանի որ աշխատել եմ Խարբերդի մանկատանը, «Փյունիկ» եւ «Զատիկ» հաշմանդամների միություններում: Գումար աշխատելու այլ աղբյուրներ ունեմ, ուզում եմ պարզապես լավ բան անել երեխաների համար»: Ընդ որում, ստեղծված առաջին եւ երկրորդ «Խոսող գրքերից» հետո, որոնք հանրությանն են ներկայացվել անցյալ տարվա մայիսի վերջին, մեկ այլ կազմակերպություն արդեն դրամաշնորհային գումարով նման նախագիծ է իրականացնում` նույնպես «Խոսող գրքեր» անվան տակ: Գաղափարն իհարկե նոր ու բացառիկ չէ, ողջ աշխարհում է այն իրականացվում, սակայն ափսոս որ Գ.Կլեկչյանի նախագիծը կառավարությունից կամ մեկենասներից աջակցություն չի ստանում: «Շատերն են ընկերաբար օգնում մեզ, եւ տպարանը, եւ ստուդիաները մեզանից գրեթե գումար չեն վերցնում: Շնորհակալ եմ Որբերյան, Հակոբյան եւ Տոկատ ընտանիքներին, բոլորը մեծ սիրով էին անում իրենց գործը: Իսկ այլ «Խոսող գրքերը» ես կարող եմ միայն ողջունել: Երեխաներին վերաբերող բոլոր նախաձեռնություններին ես երկու ձեռքով կողմ եմ: Թող անեն», – ասում է նա: Հնարավոր է, որ «Խոսող գրքերին» հետագայում «Խոսող ձեռքեր» գրքերը հաջորդեն, որոնք արդեն նախատեսված կլինեն լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար: Համենայնդեպս, Գայանե Կլեկչյանը կանգ առնել չի ցանկանում, համարելով, որ եթե մանկության մոլորակում ես հայտնվում, կյանքդ նոր գույներ ու երանգներ է ստանում, քանի որ շփվում ես յուրահատուկ ու շփմանը միշտ պատրաստ անձնավորությունների հետ: «Մանուկների աշխարհ մտնելով, ամեն մարդ ինչ-որ նոր բան է գտնում իր համար»,- ասում է նա: