Մի քանի ֆիլմեր Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին ներկայացվել են շատ անվանակարգերում: Պոտենցիալ օսկարակիրների անուններն, ըստ էության, սպասելի էին: Ռեժիսոր Էնգ Լիի «Սապատավոր լեռը» միասեռական սիրային սագան, որ ներկայացվել է 8 անվանակարգերում (այդ թվում` որպես լավագույն ֆիլմ, ռեժիսորական աշխատանք եւ դերասան), հավանաբար իր բազում մրցանակների շարքը կհամալրի նաեւ օսկարներով: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում այս ժապավենի մրցակիցներն են Բենետ Միլերի «Կապոտե»-ն, Ստիվեն Սփիլբերգի «Մյունխեն»-ը, Փոլ Հագիսի «Բախում»-ը եւ Ջորջ Քլունիի «Բարի գիշեր եւ հաջողություն»-ը: Այս հնգյակն ընտրվել է 311 ֆիլմերի ցուցակից: Վերոնշյալ բոլոր ռեժիսորներն Էնգ Լիի հետ պայքարելու են լավագույն ռեժիսոր դառնալու համար: «Լավագույն դերասան» անվանակարգում ներկայացվել են Հիթ Լեջերը («Սապատավոր լեռը»), Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը («Կապոտե»), Խոակին Ֆենիքսը («Քայլել եզրագծին»), Թերենս Հաուարդը («Գողացիր եւ վաճառիր») եւ Դեւիդ Սթրեթեյրնը («Բարի գիշեր եւ հաջողություն»): Ի դեպ, առաջին երեքի շանսերը գնահատվում են հավասար: Ոսկե արձանիկի համար պայքարելու են կանանց գլխավոր դերակատարներ Շարլիզ Թերոնը («Հյուսիսային երկիր»), Կիրա Նայտլին («Մեծամտություն եւ նախապաշարմունք»), Ջուդի Դենչը («Միսիս Հենդերսոնը ներկայացնում է»), Ֆելիսիտա Հաֆմանը («Տրանսամերիկա») եւ Ռիզ Ուիզերսպոունը («Քայլել եզրագծին»): «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ռուսական «Իտալացին» ժապավենը չհայտնվեց: Փոխարենը ներկայացված են պաղեստինյան, գերմանական, հարավաֆրիկյան, ֆրանսիական եւ իտալական ֆիլմեր: 24 անվանակարգերից մի քանիսում, որոնք վերաբերում են տեսաէֆեկտներին, նկարչի, օպերատորի, դիզայների աշխատանքներին, տեղ են գտել նաեւ այնպիսի «դրամարկղային» ֆիլմեր, ինչպիսիք են «Կինգ Կոնգը», «Հարի Փոթերը», «Բեթմենը», «Նարնիայի քրոնիկաները», «Գեյշայի հուշերը»: «Օսկարի» թեկնածուների ընտրությունը կատարվել է 14 փուլերով: Ռեժիսորները քվեարկել են ռեժիսորական աշխատանքի համար, դերասանները` դերասանների եւ այլն: Օսկարյան 78-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 5-ին Լոս-Անջելեսի «Կոդակ» թատրոնում: