Սակայն մի բան ակնհայտ է՝ այս ողջ ընթացքում մեր երկրում առանձնապես դրական տեղաշարժեր չգրանցվեցին, եթե չասենք, որ ընդհակառակը, օրեցօր գնալով մեզանում վիճակը վատանում է: Չնայած ԵԽ առջեւ ստանձնած պարտավորություններին, մեր երկրում ինտենսիվորեն շարունակվում են ոտնահարվել մարդու իրավունքները, ընտրությունները շարունակվում են անցկացվել` կոպտորեն թքած ունենալով ՀՀ Սահմանադրության եւ օրենքների պահանջների` միջազգային հանրության կարծիքի վրա, ԼՂՀ հարցի լուծման ուղղությամբ իշխանությունները շարունակում են վարել հիմնախնդրի սառեցման քաղաքականությունը, եւ հանգուցալուծումն այդպես էլ չի երեւում:
ԱԺ փոխխոսնակ, ԵԽ ԽՎ Հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ վեհաժողովի առջեւ ստանձնած իր բոլոր պարտավորությունները «գործնականում ՀՀ-ն կատարել է»: Ըստ Թորոսյանի` ԱԺ-ի կողմից վավերացվել են բոլոր այն կոնվենցիաները, որոնց վերաբերյալ ՀՀ-ն պարտավորություն էր ստանձնել, այդ պարտավորությունների շրջանակում ընդունվել մի շարք օրենքներ: Մնացել է սահմանադրական փոփոխությունների հետեւանքով առաջացած որոշ օրենսդրական փոփոխություններ կատարել: Ըստ Թորոսյանի` այս առումով լուրջ անելիքներ կան դատական եւ ՏԻՄ համակարգերի բարեփոխման վերաբերյալ: Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման պարտավորությանը, որ ստանձնել են երկու երկրները, ապա Տիգրան Թորոսյանի կարծիքով` չի կարող անհապաղ խնդիրը լուծելու պատճառ դառնալ, եւ բյուրոն առաջիկայում կքննարկի եւ որոշում կկայացնի ժամկետը երկարաձգելու կապակցությամբ: «Խնդրի կարգավորման տեսակետից, կարծում եմ, որ ՀՀ-ն առանձնահատուկ պարտավորություններ չունի»,- կարծում է նա: Իսկ Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ հաջորդ զեկույցը, Տ. Թորոսյանի խոսքերով, հավանաբար կլսվի ԵԽ ԽՎ այս տարվա աշնանային նստաշրջանում` հոկտեմբեր ամսին: Ի դեպ, ՀՀ կողմից ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման գծով մոնիտորինգի հանձնաժողովի նոր զեկուցող է նշանակվել` ֆինն պատգամավոր սոցիալ-դեմոկրատ Միկկո Էլոն: Վերջինս, ինչպես երեկ տեղեկացրեց Տիգրան Թորոսյանը, 2006թ. ամռանը կայցելի Հայաստան: Բացի այդ, 2006թ. ամռանը Հայաստան կժամանեն ԵԽ ԽՎ համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման գծով զեկուցող Լեո Փլատվոյթը, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրներից անհետ կորածների եւ փախստականների գծով ԵԽ ԽՎ զեկուցողները: Իսկ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանն ընտրվել է մոնիտորինգային խմբի փոխնախագահ: Մոնիտորինգային խմբում է ընդգրկված նաեւ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը: Եվ երեկ Տ. Թորոսյանն ասաց, որ իրենք ամեն ինչ կանեն, որպեսզի Ստեփան Դեմիրճյանը եւս անդամակցի մոնիտորինգի խմբին:
Երեկվա ասուլիսի ժամանակ Տ. Թորոսյանը կարծիք հայտնեց նաեւ ԵԽ ԽՎ նստաշրջանում Ադրբեջանի պատվիրակության հետ կապված միջադեպի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում կատարված ընտրախախտումների պատճառով այդ երկրի պատվիրակները կանգնած էին մինչեւ մայիս ԵԽ ԽՎ-ում քվեարկության իրավունքից զրկվելու վտանգի առջեւ, սակայն քննարկումներից հետո պատժամիջոցը կիրառվեց ընդամենը երեք օր: «Ավելի լավ էր՝ մինչեւ մայիս զրկվեին քվեարկելու իրավունքից, քան նման քննարկումների արդյունքում պատժամիջոցը մեղմացվեր»,- հայտարարեց պարոն Թորոսյանն ու ավելացրեց, որ վերջին երկու տարիների ընթացքում նման պատժամիջոց առաջին անգամն է կիրառվում: ԵԽ ԽՎ Հայաստանյան պատվիրակության ղեկավարի խոսքերով` պատժամիջոցի մեղմացմանը շատ են նպաստել կուլիսային գործընթացները. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովն է նիստից երկու օր առաջ եղել ԵԽ-ում, անգամ նախագահական մակարդակով են խնդրել զեկույցի քննարկումը հետաձգել մինչեւ մայիսյան ընտրություններ: «Սակայն սկզբունքորեն դա չի փոխում պատկերը»,- ասաց Թորոսյանը` ամենայն հավանականությամբ մոռանալով, որ այդպիսի խայտառակ հանրաքվե էլ անցկացվեց մեզ մոտ` Հայաստանում:
ԵԽ ԽՎ առջեւ ՀՀ ստանձնած պարտավորությունների ընթացքի վերաբերյալ զրուցեցինք նաեւ ԵԽ ԽՎ Հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար, Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ: Նրա խոսքերով, Հայաստանն իր պարտավորությունները կատարել է միայն ֆորմալ իմաստով: Թեեւ ՀՀ Սահմանադրությունում կատարվել են փոփոխություններ, ԵԽ պահանջով ընդունվել են մի շարք օրենքներ, սակայն դրանք մնացել են թղթի վրա եւ չեն իրագործվում: «Այդ օրենքները, որ կոչված էին բարեփոխելու տնտեսական, քաղաքական դաշտը, չեն աշխատում»,- գտնում է ԵԽ ԽՎ Հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավարը: Եվ այդ փոփոխությունների արդյունքում սպասված հույսերն այդպես էլ չարդարացվեցին: «Լուրջ հետընթաց ենք ապրել: Ընտրությունները այդպես էլ խայտառակ կերպով ընթացան, խոսքի, մամուլի ազատությունը զրոյացվեց, մարդու իրավունքները սահմանափակվեցին եւ պարբերաբար խախտվում են: Այն առաջընթացը, որ ԵԽ-ին անդամակցելիս ակնկալում էինք, չկա»,- գնահատում է Հ. Հովհաննիսյանը: Զրուցակցիս խոսքերով, այս տեսանկյունից միշտ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ զուգահեռներ են անցկացվում: «ՀՀ-ն ոչնչով չկարողացավ ապացուցել, որ ավելի շատ առաջ է Ադրբեջանից, եւ եկավ, հասավ Ադրբեջանին: Նույն կլասի երկրներ դարձան, որտեղ գործում են նույն մաֆիայի օրենքները»,- ասաց Հ. Հովհաննիսյանը: Իսկ այսքանից հետո, Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցության նախագահի խոսքերով. «Եթե սանկցիաներ կիրառեն, ապա կամ երկուսի նկատմամբ զուգահեռ կկիրառեն, կամ էլ երկուսի նկատմամբ էլ չեն կիրառի»:
Հ.Գ. ԵԽ ԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանին այդպես էլ հնարավորություն չի ընձեռվել ելույթ ունենալու: Մեկնաբանելով այս հանգամանքը, երեկ ԵԽ ԽՎ Հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանն ասաց, որ դրանում որեւէ միտում չի եղել: «Որեւէ մեկը որեւէ չար մտադրություն չի ունեցել»,- ասաց նա: Ըստ Թորոսյանի` Ս. Դեմիրճյանը ելույթի հերթագրման նախնական ցուցակում եղել է երկրորդը: «Սակայն քարտուղարությունը որոշակի վերանայումներ անում է, եւ ասեմ, որ նախկինում էլ նման դեպքեր մի քանի անգամ գրանցվել են,- ասաց Տ. Թորոսյանը եւ մեկնաբանեց,- ելույթի ցանկություն ունեցող նոր պատգամավորներին, որ որեւէ խմբում անդամագրված չեն, սովորաբար ցուցակի վերջում են տեղավորում»: Ի դեպ, Ա. Ռուստամյանը, որ ելույթի համար գրանցվել է եւ Ս. Դեմիրճյանից, եւ Տ. Թորոսյանից ուշ, նրանցից ավելի շուտ է ելույթ ունեցել: