Մասնավորապես, առանձին ընկերություններ «թռիչքային վերելք» են կատարել: Հանրապետության առաջին հարկատուն անցած տարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է եղել, որը պետբյուջե է վճարել 20 մլրդ 980 մլն 394 հազար դրամի չափով հարկ: 2-րդ տեղում երկու ցուցակներում էլ «ԱրմենՏելն» է, իսկ 3-րդ տեղում պատկերն ավելի քան հետաքրքիր է. Բարսեղ Բեգլարյանի ղեկավարած «Ֆլեշ» ընկերությունը առաջին ցուցակի 40-րդ տեղից հասել է 3-րդ տեղ` հետ մղելով «ՀայՌուսգազարդ»-ին: Սակայն «Ֆլեշը» վառելիք ներմուծող միակ ընկերությունը չէ, որը «հանկարծակի» հայտնվել է խոշորագույն հարկատուների շարքում: Ընկերության կողքին են «Էքսիմ պետրոլ գրուպը», որը 3 ամսվա ընթացքում 68-րդ տեղից հայտնվել է 12-րդ տեղում, եւ Աշոտ Սալազարյանի «Քաղ պետրոլ սերվիսը» (7-րդ տեղ): Ծխախոտային արտադրանքի առեւտրով զբաղվող, ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի «ԱրսՕյլ» ընկերությունը նախկին 196-րդ հարկատուից դարձել է 17-րդը, իսկ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ֆլիտֆուդը»` 28-րդից
5-րդը: 8-րդ տեղում Չուբայսի «Հայաստանի էլեկտրական ցանցերն» է, 9-րդ եւ 11-րդ տեղերում` Հրանտ Վարդանյանի «Գրանդ Տոբակոն» եւ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը»: Միխայիլ Բաղդասարովի «Միկա Արմենիա թրեյդինգը» զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:
Ի՞նչն է նման տեղաշարժերի պատճառը: Որպես առաջնային գործոն` պետք է նշել սեզոնայնությունը: Կան վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն` տարվա ընթացքում համաշխարհային առեւտրի շուրջ 40%-ը բաժին է ընկնում միայն դեկտեմբեր ամսին: Ուստի բնական է, որ առեւտրային կազմակերպությունների ապրանքաշրջանառությունը տարվա վերջին կտրուկ աճում է: Իսկ վերոնշյալ գրեթե բոլոր ընկերություններն առեւտրային են: Սակայն այստեղ կա եւս մեկ կարեւոր հանգամանք. շահութահարկը, որը հաշվարկվում է միայն տարին ամփոփելուց հետո: Այստեղից կարելի է ենթադրել, որ այն ընկերությունները, որոնք շեշտակի արագությամբ հայտնվեցին առաջին խոշոր հարկատուների շարքում, աշխատում են գերշահույթով: Սակայն սա կարող է լինել միայն ենթադրություն, քանզի Հարկային պետական ծառայությունը վերջին ցուցակի հրապարակման մեջ «նուրբ» նորամուծություն է մտցրել: Եթե նախորդ եռամսյակներին խոշոր հարկատուների ցուցակում առանձին-առանձին նշվում էր շահութահարկի եւ եկամտահարկի մեծությունը, ապա տարեկան կտրվածքով մի սյունյակի տակ գրված է. «ուղղակի հարկեր, այդ թվում` շահութահարկ, եկամտահարկ»:
Հարկ է հիշել նաեւ անցած տարվա վերջին հանրապետության նախագահի հետ հարկային եւ մաքսային կառույցների ղեկավարների հանդիպումը: Երկրի ղեկավարն, ըստ էության, պետական եկամուտների սակավ հոսքերի համար լրջորեն հանդիմանել էր նրանց (մասնավորապես` հարկադիր մարմնին): Գուցե սա՞ է Հայաստանի գործարարների կտրուկ «հարստացման» պատճառներից մեկը. չէ՞ որ նախագահական յուրաքանչյուր դիտողությունից հետո գերատեսչությունները սովորաբար կարճ ժամանակում իրենց «կարգի են հրավիրում»:
Չպետք է մոռանալ այս երեւույթի քաղաքական հեռահար նպատակը: Չի բացառվում, որ ԱԺ ընտրությունների ժամանակ 300 խոշոր հարկատուներից շատերն ընտրողների առջեւ իրենց գովազդելիս շահարկեն խոշոր հարկատուներ լինելու հանգամանքը:
Ինչպե՞ս կարելի է տրամաբանական համարել այն երեւույթը, որ, օրինակ, 3 ամսում մի քանի ընկերություններ թռիչքային արագությամբ 300 խոշոր հարկատուների ցուցակի վերջից հայտնվում են ցուցակի սկզբում: Միգուցե հիմա տրամաբանական չէ, սակայն 2007թ. ընտրությունների ժամանակ տրամաբանությունը պարզ կլինի:
Ի դեպ, ընթերցողին հիշեցնենք, որ Հարկային ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանն էլ վերջերս իր հաշվետվության ժամանակ շատ գործարարների, ովքեր պրոֆեսիոնալ կերպով թաքցնում էին իրենց շահույթները, անվանեց «լավ թվանկարիչներ»: