Կանխատեսումներ, թե 2006թ. վճռորոշ է լինելու ԼՂՀ հիմնահարցի կարգավորման համար, միայն Հայաստանի քաղաքական ուժերի կողմից չեն հնչում: Նման հայտարարություններ հնչել են նաեւ միջազգային բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների կողմից, ովքեր հավաստում էին, թե բանակցող կողմերը շատ մոտ են համաձայնությանը: Եղել են նաեւ կանխատեսումներ, թե հարցը կլուծվի 2006-ին:
Փետրվարի 10-ին Ֆրանսիայում կայանալիք Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ հանդիպման ընթացքում, շատերի հավաստմամբ, ի վերջո, ստորագրվելու է «Հիմնարար սկզբունքների մասին փաստաթուղթը», որը բանակցող կողմերին պարտադրվելու է Արեւմուտքի կողմից:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վստահ չէ, թե կա համապատասխան փաստաթուղթ, որը փետրվարի հանդիպման ընթացքում պետք է ստորագրվի նախագահների կողմից: «Ռեալ է, որ քննարկվում է խաղաղապահ ուժերի տեղակայման խնդիրը,- ասաց Գ. Սահակյանը` հավելելով,- մնացած բոլոր բաները եւ՛ Հայաստանում, եւ՛ Ադրբեջանում ստեղծածին մտքեր են, եւ անընդհատ քաղաքական տարբեր նկատառումներով շահարկումների պրոցեսում են: Իրականում կան մարդիկ, ովքեր փորձում են հասարակությանը ներկայանալ այնպես, թե իրենք շա՜տ բան գիտեն ու սկսում են շահարկումներ անել»:
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը գտնում է, որ այս պահին, երբ հանդիպումը կայանալու է մի քանի օր անց, այնքան էլ ճիշտ չէ զբաղվել կանխատեսումներով` ԼՂՀ հիմնահարցի համար 2006թ. բեկումնայի՞ն է, թե՞ ոչ: Իսկ առհասարակ քաղաքագետ պատգամավորը հույսեր ու հիմքեր չունի պնդելու, թե հարցը «մտնելու է կոնկրետ լուծումների փուլ»` իմանալով կողմերի հնարավորություններն ու դիրքորոշումները: «Չնայած Մինսկի խմբի համանախագահները հուսադրող տրամադրություններով հայտարարել են, որ 2006թ. լինելու է բեկումնային, բայց կողմերի դիրքորոշումներն այսօր էապես տարբեր են: Ադրբեջանի ակնկալիքները, պահանջները չափազանցված են: Եթե Ադրբեջանը որպես հիմք ընդունի, որ Հայաստանի դիրքորոշման ձեւավորման մեջ առաջնայինը ԼՂՀ դիրքորոշումն է, (որը չի ենթադրում այն կանխատեսումը, թե հնարավոր կլինի հասնել հանգուցալուծման), ուրեմն պետք է, այնուամենայնիվ, նախատեսել, որ այս փուլում գուցե հաջողվի ավելի մերձեցնել կողմերի պատկերացումներն ու ավելի հանդուժող դարձնել կողմերին միմյանց հարցադրումների նկատմամբ: Բայց չի հաջողվի հասնել վերջնական լուծման»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:
ԱԺ «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը ԼՂՀ հիմնահարցի լուծումն ամենեւին էլ չի պայմանավորում փետրվար ամսին կայանալիք Քոչարյան-Ալիեւ հանդիպումով: Նա շատ ավելի լուրջ վերլուծություններ ունի այս առնչությամբ: «ԵԱՀԿ գործող եւ նախկին նախագահները հայտարարություններ էին արել, որ 2006թ. կարող է վճռական տարի լինել հարցի լուծման առումով: Այսինքն` միջազգային հանրության կողմից նման գնահատականներ կան: Բացի այդ, Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ կա մեկ էջանոց փաստաթուղթ` կապված սկզբունքների հետ, որոնք ինքը մշակել է Մամեդյարովի հետ: Այսինքն` գոյություն ունի սկզբունքների վերաբերյալ մշակված փաստաթուղթ: Ընդ որում` էջերի թիվն այս պարագայում կարեւոր չէ: Օրինակ, սկզբունք կարող է լինել հետեւյալը` ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Բայց երբ արդեն նման փաստաթուղթ կա, ինչը, ըստ Օսկանյանի, կարող է դառնալ հիմնական փաստաթուղթ եւ մնացել է դետալավորումը, ապա դա ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ 2006թ. ընթացքում հնարավոր է հարցի լուծում,- ասաց նա` եզրակացնելով,- մարդիկ հայտարարություն են արել, իսկ նրանք լուրջ մարդիկ են, չէ՞: 2006թ. ընթացքում կարող է ընդհանուր սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվել»:
Իսկ դաշինքի մեկ այլ պատգամավորի` Արամ Գ. Սարգսյանի կարծիքն այս առնչությամբ հետեւյալն է. «Եթե պարոն Քոչարյանն արդեն իսկ որոշել է հեռանալ իր պաշտոնից, ապա կարող է հանգիստ խղճով ստորագրել ցանկացած փաստաթուղթ: Որովհետեւ այդպիսի փաստաթուղթ ստորագրելուց հետո նա դժվար թե կարողանա Հայաստանում գոնե մեկ օր ավելի մնալ»:
Հարցին` հնարավո՞ր է հանդիպման ընթացքում Արեւմուտքի կամ Ռուսաստանի կողմից լուծման որեւէ տարբերակ պարտադրվի, Արամ Գ. Սարգսյանը պատասխանեց. «Պարտադրանքն այս պարագայում, կարծում եմ, կարող է լինել միայն Արեւմուտքի կողմից, որովհետեւ ՌԴ-ն շահագրգիռ չէ, որպեսզի ՆԱՏՕ-ի զորքերը տեղակայվեն տարածաշրջանում: Այստեղ շատ ակտիվ աշխատելու է Իրանի եւ Ռուսաստանի շահը: Այնպես որ` այս տեսանկյունից, այո՛, կարծում եմ` պարտադրանք կարող է լինել հենց ԱՄՆ-ի կամ Արեւմտյան այլ երկրների կողմից, որպեսզի շատ արագ այս տարածաշրջանում փոխեն ուժերի ձեւաչափը: Այս հանդիպումը ճակատագրական չի լինելու, ինչպես ասաց Արկադի Ղուկասյանը, բայց բավականին որոշիչ է լինելու»: ՀԴԿ նախագահը գրեթե վստահ է, որ փետրվարի 10-ի հանդիպմանը վերջնական որեւէ լուծում չի լինի, սակայն համոզված է, որ Ռ. Քոչարյանն այն երկարաձգելու համար ընդամենը մի քանի ամիս ունի: «Մինչեւ մայիս, ոչ ավելի, նա դեռ ժամանակ ունի»: Վ. Դալլաքյանն այս հարցում բավական լավատես է, եւ այն կարծիքին է, թե քաղաքականության մեջ Ադրբեջանի կամ Հայաստանի իշխանությունների նկատմամբ չեն կարող ուղղակի ճնշումներ լինել: «Ենթադրում եմ, որ նրանց քաղաքավարի ձեւով մեծ պետությունները` մասնավորապես ԱՄՆ-ը, կհասկացնեն, թե ինչ կարգի լուծումներ կարող են լինել, եւ չեմ կարծում, թե կոպիտ միջամտություններ կլինեն: Ըստ էության, միջազգային հանրությունն ինչ-որ առումով աչք փակեց Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների եւ Հայաստանում տեղի ունեցած հանրաքվեի անօրինական գործընթացների նկատմամբ: ԵԱՀԿ այդ ժամանակվա նախագահ Ռուպելը Բաքվում հայտարարեց` մեզ պետք է կայունություն, քանի որ ԼՂՀ հիմնախնդրի հետ կապված սպասվում են որոշակի լուծումներ: Սրանից պարզ էլ ինչպե՞ս պետք է միջազգային հանրությունն ասի, որ երկու անօրինական գործընթացի վերաբերյալ կոշտ գնահատականներ չենք տալիս` հնարավորություն տալով, որ այդ «պատուհանի» ընթացքում խնդիրը լուծվի,- իր վերլուծությունները շարունակում է Վ. Դալլաքյանը` ավելացնելով,- իսկ դա նշանակում է, որ առայժմ երկու պետություններին միջազգային հանրությունն ինչ-որ բաներ է հասկացնում: Սա երկու պետությունների գլխին էլ դամոկլյան սրի պես կախված է: Թե ինչ հետեւանքներ կունենա դա` ցույց կտա 2006թ.»: