Հարկեր չեն վճարում

01/02/2006

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը 2005թ. ընթացքում տրամադրել է 18 շահումով խաղի եւ 4 խաղատան լիցենզիա: Ուժը կորցրած են ճանաչվել 11 շահումով խաղերի, 6 խաղատների եւ 2 վիճակախաղի լիցենզիաներ: Անցած տարվա ընթացքում շահումով խաղի, խաղատների եւ վիճակախաղերի գործունեությունից գանձվել եւ պետբյուջե է մուտքագրվել 895 մլն դրամ պետական տուրք, որից 195 մլն-ը` շահումով խաղի, 400 մլն-ը` խաղատների, իսկ 300 մլն-ը` վիճակախաղերի կազմակերպման դիմաց: Տարվա ընթացքում կասեցվել է 5 շահումով խաղերի եւ 2 խաղատների կազմակերպման լիցենզիայի գործողություն: Կազմակերպիչների նկատմամբ կիրառվել է 3.4 մլն դրամի չափով տուգանք: Ինչպես տեղեկացանք նախարարության լրատվական ծառայությունից, կասեցումը դեռ չի նշանակում լիցենզիայի դադարեցում: Այդ ընկերությունները որոշակի ժամանակահատվածում գործունեությունը դադարեցնում են: Այն կվերականգնվի միայն իրենց կողմից կատարված խախտումները վերացնելուց հետո: 7 ընկերություններից 6-ի լիցենզիաները կասեցվել են պետբյուջեի նկատմամբ հարկային պարտավորություններն ուշացնելու համար: Իսկ մեկ ընկերություն «պատժվել» է նրա համար, որ իրավաբանական հասցեի փոփոխության մասին ուշացումով է տեղեկացրել նախարարությանը: Հունվարի 1-ի դրությամբ` ՀՀ-ում ուժի մեջ են 51 շահումով խաղի, 18 խաղատների եւ 3 վիճակախաղերի լիցենզիաներ:

Կ. Թ.