Մեսրոպատառ բջջային

01/02/2006 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Վերջապես բջջային հեռախոսներում հայտնվեց հայերեն այբուբենը, ճիշտ է, դեռեւս միայն «Սամսունգ» մոդելներում։ (Մոտ ինը տարի առաջ Հայաստանում հայտնված բջջային հեռախոսները մինչեւ այս տարի միայն ռուսերեն ու անգլերեն էին):

Նորարարության հեղինակներ Սերգեյ Ավագյանի եւ Հենրիկ Սարգսյանի՝ բջջային հեռախոսների ծառայությունների արհեստանոցում, որ Աբովյան քաղաքում է, այս տարվանից սկսել են «Սամսունգ» մոդելի հեռախոսները հայացնելու պատվերներ ընդունել։

«Քանի որ բազմաթիվ պատվերներ ենք ստանում հեռախոսները ռուսիֆիկացնելու, մտածեցինք՝ ինչո՞ւ բջջայիններում հայերեն չկա։ Ու որոշեցինք հայաֆիկացնելու ծրագրեր մշակել։ Այդ պահին մեր ձեռքի տակ «Սամսունգի» մոդել էր, ու սկսեցինք դրանից,- ասում է 33-ամյա Սերգեյ Ավագյանը,- լսել էինք, որ ոմանք փորձել են «Սիմենսը» հայացնել, բայց հաջող չի եղել։ Որ ստեղծեցինք, առաջին հարցը սա էր՝ նորմալ աշխատո՞ւմ է»։

Երկու ընկերները հինգ ամիս աշխատում են ծրագրի վրա ու ստեղծում «Սամսունգի» 30 մոդելների համար հայացման ծրագիր։ Թերթում արված հայտարարությունից հետո Երեւանից չորս հոգի արդեն նրանց մոտ հայացրել են իրենց հեռախոսները։ Սերգեյն ընտանիքով Հայաստան է տեղափոխվել Ուզբեկստանից 89 թվին։ Հայերեն չի իմացել։ Իսկ հայերեն խոսել սկսել է հինգ տարի առաջ, ամուսնանալուց հետո՝ կնոջ շնորհիվ։ Սերգեյի ձեռքի բջջայինը միացնում ես, հայերեն գրվում է՝ «Բարի գալուստ Աբովյան», որ ցույց է տալիս ծրագրի հայրենիքը։ Նրա ընտանիքը Հայաստան տեղափոխվելով ընտրել է Աբովյանը, որը դարձել է նրանց սիրելի քաղաքը։ Բջջայինի բոլոր հրահանգները հայերեն են՝ թրթռում, վերահասցեավորում, ցանցի ընտրություն եւ այլն։ Երեք հազար տող ու մոտ 7 հազար բառ է հայացվել։ Ամեն մոդելի համար առանձին ծրագիր է մշակվել, քանի որ յուրաքանչյուր մոդելի մեջ հազար տողը տարբեր է լինում։ Հայերեն տողերի բառերը միայն մեծատառ են։ Պատճառն այն է, որ դեռեւս հնարավոր չի եղել միաժամանակ երեք այբուբեն՝ մեծատառ-փոքրատառով տեղավորել (հայերեն, կիրիլիցա եւ լատիներեն)։ Սակայն եթե որեւէ մեկը հրաժարվի կիրիլիցայից, ապա հայերենը կտեղադրվի փոքրատառ-մեծատառով։ Չորս ամսից կավարտվի նաեւ SMS հաղորդագրություն հայերեն տալու ծրագիրը։ Նաեւ սկսելու են աշխատել «Նոկիա» եւ «Սիմենս» հեռախոսները հայացնելու վրա. «Մենք այս աշխատանքը սկսեցինք մեր հավեսի համար, բայց լավ կլիներ, որ հովանավորներ լինեին, եւ ավելի համակարգված աշխատանք ծավալեինք, որպեսզի Հայաստանի ամբողջ բջջային ցանցում հայկական այբուբեն մտցվի»,- ասում է Սերգեյը։ Հայաստանի լեզվի մասին օրենքով հայերենը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները, իսկ բջջայիններում հայերենի բացակայությունը փաստորեն օրենքի խախտում է։ Պետությունը հսկողություն չի իրականացնում, որ կատարվի օրենքը։ Տղաները, նույնիսկ տեղյակ չլինելով օրենքից, ակամա նպաստում են, որ կատարվի այն։

Նրանք սկզբում դիմել են «Սամսունգի» ներկայացուցչին, որ ծրագիրը համատեղ անեն, սակայն նրանց ասել են, որ ներկայացուցիչը իրավունք չունի նման ծրագիր ձեռնարկել, իսկ ֆիրման չի ցանկանա այն ֆինանսավորել, քանի որ Հայաստանը փոքր շուկա է։ Նամակներով դիմել են նաեւ բջջային արտադրող մյուս ֆիրմաներին, սակայն պատասխան չեն ստացել։

www.armenianow.com