Մերզլյակովը ԼՂՀ չի գնա

01/02/2006

Դեռ հայտնի չէ, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջան առաջիկա այցելության ժամանակ կհանդիպե՞ն արդյոք ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Համանախագահները մտադիր են փետրվարի 1-ին ժամանել Բաքու, փետրվարի 2-ին`Երեւան: Ինչպես «Արմինֆո»-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանից համանախագահ Յուրի Մերզլյակովը, համանախագահների ծրագրերի մեջ չի մտնում ԼՂՀ այցելությունը: «Փետրվարի երկուսին, ըստ երեւույթին, կլինենք Երեւանում, իսկ 3-ին արդեն պետք է մեկնենք, քանի որ ֆրանսիացի մեր գործընկերը շտապում է»,- նշել է նա: Պատասխանելով այն հարցին, թե համանախագահները նախատեսո՞ւմ են արդյոք Երեւանում հանդիպել Արկադի Ղուկասյանի հետ`Յուրի Մերզլյակովն ասել է. «Ես նրա հետ խոսել եմ, նա գիտի, որ ժամանակային առումով մենք պարզապես հնարավորություն չենք ունենա այցելել ԼՂՀ՝ հաշվի առնելով նաեւ եղանակային պայմանները: Եթե նրա կողմից հնարավորություն լինի, եթե նա Երեւանում գտնվի, ապա, իհարկե, կհանդիպենք»: