2005թ. Ղարաբաղի մի շարք շրջաններում իրականացվել են ամրոցների, պատմական կամուրջների եւ առանձին հուշարձանախմբերի ուսումնասիրություններ: Տարվա ընթացքում կատարվել է 320 հուշարձանների հաշվառում եւ վկայագրում, որը 2006թ. կհասնի 480-ի: Այս մասին մեր զրույցում նշել է ԼՂՀ Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության հուշարձանների պահպանման եւ ուսումնասիրման բաժնի պետ Սլավա Սարգսյանը: Նրա խոսքերով, մեծ ուշադրություն է դարձվել քարոզչական աշխատանքներին. հայերեն եւ ռուսերեն լեզուներով տպագրվել են նորովի ձեւավորված ԼՂՀ հուշարձանների քարտեզներ: Մինչ այժմ տպագրվել է շուրջ 7 հազար քարտեզ, որից հազարը` հովանավորների միջոցներով (ամբողջ տպաքանակն ուղարկվել է ԱՄՆ): Ներկայումս Ղարաբաղում կա 10 հազար հուշարձան, որոնցից հիմնականներն են ընդգրկված այդ քարտեզում: Նմանատիպ քարտեզներ ու գրքույկներ են տպագրվել նաեւ ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում: «Քանի որ պահանջարկ կա, այս տարի նախատեսում ենք քարտեզներ տպագրել անգլերեն (անգլերեն լեզվով կտպագրվի արդեն 3-րդ անգամ) եւ արաբերեն լեզուներով: Վերջինիս տպագրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ադրբեջանը, միջազգային մահմեդական ասամբլեայում շահարկելով Ղարաբաղի հարցը, նշում է, թե իբր հայերը տեր են դարձել իրենց պապական հողերին եւ այլն: Եվ արաբերեն լեզվով այդ ձեռնարկների տպագրումը կնպաստի իրականության լուսաբանմանը, ինչո՞ւ չէ՝ նաեւ մահմեդականների շրջանում»,- այս կարծիքն է արտահայտել բաժնի պետը:
Խոսելով անցյալ տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին, նա փաստեց, որ տպագրվել են Ամարաս, Գանձասար, Գտչավանք եւ Դադիվանք գրքույկները, իսկ 2006-ին նախատեսվում է տպագրել Տիգրանակերտ, Պատարա եւ Ավետարանոց գրքույկները:
Ասկերանի շրջանի Պատարա (Բադարա) գյուղի տարածքում վերջերս կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ այդտեղ կան շուրջ 200 հուշարձաններ: Գրեթե այդքան հուշարձան է գրանցված Ասկերանի շրջանում: Սլավա Սարգսյանի խոսքերով, այստեղ բնապատմական արգելոց-թանգարանի ստեղծման կարիք կա, որի նպատակը ոչ միայն հուշարձանների, այլեւ`տարածքի աննախադեպ բնության ու կենդանական աշխարհի պահպանումն է: Նախատեսվում է տարվա ընթացքում կառավարության քննարկմանը ներկայացնել նաեւ «Խաչեն», «Դիզակ» բնապահպանական եւ «Շուշի» պատմամշակութային արգելոց թանգարանների ստեղծման հարցերը: Սրանց ստեղծումը խիստ կարեւոր է ոչ միայն ազգային արժեքների պահպանման, այլեւ` զբոսաշրջության խթանման համար, առավել եւս` երբ տվյալ բնագավառում անելիքները շատ են:
Հայտնի է, որ 2005-ին բավականին աշխատանքներ են կատարվել նաեւ հուշարձանների եւ գերեզմանատների բարեկարգման ուղղությամբ: Բարեկարգվել են Շուշիի 7 հայկական գերեզմանատներից 2-ը: Իսկ այս տարի նախատեսվում է բարեկարգել նաեւ մնացած 5-ը:
2005-ի ամենամեծ հաջողությունը, բաժնի պետի հավաստմամբ, տարեվերջին կատարված աշխատանքներն էին` կապված Ամարաս, Գտչավանք եւ Ավետարանոց հուշարձանախմբերի նախագծային-նախահաշվարկային փաստաթղթերի կազմման հետ, որոնք հնարավորություն կտան մայիս ամսից սկսել վերոնշյալ հուշարձանախմբերի նորոգման եւ բարեկարգման աշխատանքները:
Խոսելով Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձաններ տանող ճանապարհների մասին, Սլավա Սարգսյանը փաստեց, որ դրանք գտնվում են շատ անմխիթար վիճակում, բացառությամբ` մի քանիսի: Այդ իսկ պատճառով հանրապետության մի շարք վայրեր մնում են չճանաչված, ինչպես ղարաբաղցիների, այնպես էլ` արտասահմանյան երկրներից ժամանած հյուրերի համար:
Հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման բաժնի պետի հավաստմամբ` այս տարի, նախորդ տարվա պես, ոլորտին հատկացվել է 100 մլն դրամ, որից 92,5-ը նախատեսված է հուշարձանների բարեկարգման ու նորոգմանը, իսկ մնացածը` քարոզչության համար: