Հունվարի 21-ին, ժամը 01.00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից հաղորդում է ստացվել այն մասին, որ Թամանյան փողոցի 1/ա շենքին մերձակա «Առագաստ» խանութի մոտ դանակահարված ոստիկան կա:
Պարզվել է, որ նույն օրը 3 անհայտ անձինք մարզական գլխարկներով դիմակավորված մուտք են գործել Բաղրամյան փողոցի թիվ 2 շենքի առաջին հարկում գտնվող «Աէրոէքս» ՍՊԸ տարածքում գործող «Ռաֆիկ Ոսկանյան» Ա/Ձ արտարժույթի փոխանակման կետ, հրազենի սպառնալիքի տակ փորձել հափշտակել այնտեղ եղած գումարը: Դիմակավորվածները հանդիպել էին տարադրամի փոխանակման կետում գտնվող ՀՀ Ոստիկանության Պահպանություն միավորման Արաբկիրի բաժնին կից պահպանության բաժնի ոստիկան, 1971թ. ծնված Արթուր Մկրտչյանի դիմադրությանը: (Մեր տեղեկություններով, Ա. Մկրտչյանի եղբայրն աշխատում է նույն տարադրամի փոխանակման կետում եւ այդ պահին նա փոխարինելիս է եղել եղբորը): Դիմակավորվածներին հաջողվել է հափշտակել գումարի մի մասը եւ փախուստի դիմելիս կրակել դանակահարված ոստիկանի վրա, ինչի հետեւանքով կրծքավանդակի աջ շրջանում ստացած հրազենային վնասվածքից Ա. Մկրտչյանը մահացել է: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 9 մմ տրամաչափի մեկ պարկուճ: Հունվարի 22-ին կատարված հանցագործության փաստի առթիվ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (սպանություն` կատարված մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերի (ավազակություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:
Մեր տեղեկություններով, հունվարի 28-ին իրացնելով օպերատիվ տվյալները` ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի եւ Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները Արաբկիրի բաժին նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Վրաստանի հանրապետության քաղաքացիներ 1979թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Անդրանիկ Գեորգիի Թորոսյանին` բնակվող ք. Թբիլիսի, Աթարբեկով 34 տուն, Կարեն Գեորգիի Դավթյանին` ծնված 1977թ., բնակվող ք. Թբիլիսի, Վարգետելիի 33 շենք, 18 բն., նախկինում բանդիտիզմի համար դատված Նուգզար Խոսեթաշվիլիին, եւ Երեւանի բնակիչներ Սերգեյ Վլադիմիրի Մովսիսյանին` ծնված 1983թ., բնակվող Ազատության 8 շենք, բն. 57, եւ Հայկ Հենրիկի Սարգսյանին` ծնվ. 1982թ., բնակվող Տիգրան Մեծի 53 շենք, բն. 15:
Խուզարկությամբ Երեւանում ժամանակավորապես բնակվող Ա. Թորոսյանի բնակարանում հայտնաբերվել եւ առգրավվել է 1 հատ «Մակարով» տեսակի ատրճանակ, 1 հատ «Իժ-79» գազային ատրճանակ` ձեւավորված մարտական 9 մմ հրազենի, դիմակներ եւ մեծաքանակ գումար: Հայտնաբերված զենքերն ուղարկվել է ՀՀ Ոստիկանության Փորձաքրեագիտական կենտրոն` հետքաբանական-ձգաբանական փորձաքննության: Խմբի 4 անդամները կալանավորված են։ Քննությունը վարում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունը: Ի դեպ, պարզվել է, որ այս խումբը հունվարի 27-ին նույն ձեւով զինված հարձակում է կատարել նաեւ Ազատության 1 հասցեում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա։
Գ. Շ.