Հիշեցնենք, որ թերթը 2005թ. իր 58-րդ համարում հրապարակել էր նոյեմբերյանցիների «Շենքը նվիրել են ավագանուն» վերնագրով բաց նամակն ուղղված ՀՀ վարչապետ, ՀՀ հակակոռուպցիոն խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյանին, ՀՀ նախագահի հակակոռուպցիոն միջոցառումների գծով խորհրդական Բագրատ Եսայանին: Նամակագիրները գրում էին` «…Սերյոժա Ամիրաղյանի նախընտրական ծրագրում ներառված էր Նոյեմբերյանի նախկին բաղնիքի շենքը վերականգնելու եւ համայնքի կարիքների համար օգտագործելու խնդիրը: Ընտրություններից հետո կարծում էինք, որ պրն Ամիրաղյանն անմիջապես կսկսի իր խոստումի կատարումը… սակայն վրդովմունքով տեղեկացանք, որ նորընտիր քաղաքապետը շենքը նվիրել է իր նախընտրական շտաբի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկին՝ նորընտիր ավագանու անդամ Վարուժան Բաբաջանյանին»: Դեկտեմբերի 22-ին ստացանք Ս. Ամիրաղյանի նամակը, որով նա պահանջում էր հերքել հրապարակման մեջ եղած «մեղադրանքները»: Թերթը հրապարակեց նաեւ Ս.Ամիրաղյանի նամակը, սակայն չպարտավորվեց բաց նամակին հերքում տպագրել: Քաղաքապետը հավանաբար չէր կարողացել տարբերել բաց նամակը հոդվածից: Դա ընդամենը նոյեմբերյանցիների բաց նամակն էր, որով փորձել էին իրենց մտահոգությունը մեր թերթի միջոցով լսելի դարձնել: Քաղաքապետի շահերը պաշտպանում էին Սոնա Գուլքանյանը եւ Վարդան Խեչյանը: Վերջինս ամբողջ դատի ընթացքում փորձում էր հասկանալ, թե ինչո՞ւ նամակագրի խոսքը մի դեպքում չակերտների մեջ է, մյուս դեպքում՝ դուրս, կամ կրճատ գրելու դեպքում ինչո՞ւ բազմակետ չի դրվել: Իսկ քաղաքապետն ուզում էր մեր միջոցով տեղեկանալ, թե նոյեմբերյանցիներն այդ նամակն ուղարկե՞լ են արդյոք Ա. Մարգարյանին եւ Բ. Եսայանին: Եվ ամենակարեւորը` ո՞վ է նամակագիրը:
Քաղաքապետը դատարան էր ներկայացրել կադաստրի Նոյեմբերյանի շրջանի բաժնից տեղեկանք այն մասին, թե Կոմիտաս 1 հասցեում գտնվող բաղնիքի շենքը դեռ գտնվում է քաղաքապետարանի հաշվեկշռում: Ավելացնենք, որ այդ շենքը երկհարկանի, առանց դուռ ու լուսամուտների, վերանորոգման կարիք ունեցող կառույց է եւ գտնվում է Նոյեմբերյանի կենտրոնում: Սա նշանակում է, որ վերանորոգումից հետո այն կարող է շատ հարմար լինել խանութի կամ ինչ-որ գրասենյակի համար: Կառույցը կարող էր վերանորոգվել եւ մնալ որպես բաղնիք, մանավանդ, որ Նոյեմբերյանում ջրի վիճակը շատ վատ է, շենքեր կան, որոնց ջրատար խողովակները ձմռանը սառում են, եւ քաղաքի բնակիչների մի մասն այսօր էլ օգտվում է մասնավոր բաղնիքից: Իսկ այն, որ շենքը դեռ գտնվում է քաղաքապետարանի հաշվեկշռում, չի նշանակում, որ ավագանուն հանձնելու մտադրություն չի եղել: Բնակիչների հետ մեր զրույցների ժամանակ նրանք կարծիք էին հայտնում, թե հնարավոր է, այդ բաց նամակը պատճառ է եղել, որ մտադրությունը կամ բանավոր պայմանավորվածությունը գործարք չի դարձել:
Ս. Ամիրաղյանին շատ էր հուզում այն խնդիրը, որ ընդամենը 5500 բնակչություն ունեցող Նոյեմբերյանում բոլորն իրար ճանաչում են, եւ այդ նամակով «արատավորվել» է իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը: Նրան ամենաշատը հուզում էր այն հարցը, թե ո՞վ է եղել նամակագիրը: «Իմանանք ովքեր են, որ նման մարդկանց առաջն առնենք,- ասում էր Նոյեմբերյանի քաղաքապետը: -Մեր ժողովրդին ներկայացնենք, որ մեր մեջ կան այսպիսի մարդիկ, որոնք հարաբերություններ են վատացնում եւ քաղաքում սրում են առաջացնում: Մեր ժողովուրդը տեղական հեռուստատեսությամբ ինձ հարցեր է տալիս, ես պետք է իմանամ ու պատասխանեմ»:
Նա «168 Ժամ»-ի շահերի պաշտպան Լեւոն Բաղդասարյանին անընդհատ հայցապահանջի հետ կապ չունեցող հարցեր էր ուղղում, իսկ խմբագրությունից պահանջում էր հայտնել նամակագրի անունը: «Դուք գո՞հ եք ձեր տպած հոդվածից: Ես հերքում եմ ուզում, որովհետեւ իմ մասին վատ հրապարակումներ տարբեր թերթերում էլի են եղել: Ես ուզում եմ իմանալ էդ ո՞վ ա իմ դեմ գրում: Իմանամ, որ պախարակեմ…»: Լ. Բաղդասարյանը փորձում էր այս հուզիչ հարցադրումներին ըստ էության պատասխանել՝ հղումներ անելով ԶԼՄ-ների մասին օրենքին: «Եթե հայցվորը գտնում է, որ հրապարակված բաց նամակը չի համապատասխանում իրականությանը, որով եւ ոտնահարվել է նրա պատիվն ու արժանապատվությունը, ապա գործող կարգի համաձայն պետք է հերքման պահանջ ներկայացներ,- ասաց Լ. Բաղդասարյանը: -Իսկ իր կողմից ներկայացրած տեքստը բառացի արդեն տպագրվել է «168 Ժամ»-ում, որը ապացուցում է, որ թերթը քաղաքացիների տեսակետները տպագրելիս ղեկավարվում է հավասարության սկզբունքից»:
Դատավոր Գ. Կարախանյանը մերժեց քաղաքապետի հայցը: Իսկ քաղաքապետ Ս. Ամիրաղյանը, որը Հանրապետական կուսակցության անդամ է, դատից հետո հայտարարեց, որ ինքը ոչ թե դիմելու է Վերաքննիչ դատարան, այլ գնալու է վարչապետի եւ Բ. Եսայանի մոտ եւ նրանց խնդրելու է ուսումնասիրել այդ գործը: «Գնալու եմ վարչապետի մոտ խորհրդակցության, եթե համաձայնեն, քրեական գործ կտամ հարուցել, այսպես չեմ թողնի»,- հայտարարեց Ս. Ամիրաղյանը: Քաղաքապետը, սակայն, չասաց, թե «168 Ժամ»-ին դատի տալուց առաջ վարչապետից խորհուրդ հարցրե՞լ էր, թե՞ ոչ: Իսկ «168 Ժամը» չի պատրաստվում իր սկզբնաղբյուրը հայտնել, մանավանդ, որ Ս. Ամիրաղյանն ինքն էր ասում՝ «իմանամ ով ա` պախարակեմ նրան»: