Վեյկ-ան-Զեեի մրցաշարն ավարտվեց

01/02/2006

Ավարտվեց հոլանդական Վեյկ-ան-Զեե քաղաքում անցկացվող շախմատային սուպերմրցաշարը, որին մասնակցում էր մեր հայրենակից գրոսմայստեր Լեւոն Արոնյանը։ Վերջին՝ 13-րդ տուրում, Արոնյանը պարտության մատնեց Հոլանդիան ներկայացնող Իվան Սոկոլովին։ Լեւոնը ցույց տվեց 50%-անոց արդյունավետություն՝ 13 հնարավորից վաստակելով 6,5 միավոր եւ բաժանեց 7-9-րդ տեղերը Պետեր Լեկոյի եւ Սերգեյ Տիվյակովի հետ։ Մրցաշարի հաղթող դարձան երկու շախմատիստներ, որոնք ի սկզբանե համարվում էին գլխավոր ֆավորիտներ՝ հնդիկ Վիշվանաթան Անանդն ու Բուլղարիան ներկայացնող Վեսելին Թոփալովը։ Այս գրոսմայստերները վաստակեցին 9 միավոր։ Ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը զբաղեցրել է նախավերջին տեղը։

Դե ինչ, միգուցե շատերն ավելին էին սպասում Լեւոն Արոնյանից, սակայն պետք է խոստովանել, որ առաջին անգամվա համար սա վատ ցուցանիշ չէ։ Ինչպես նշել է գրոսմայստերը՝ առջեւում ոչ միայն նոր մրցաշարեր կան, այլ առջեւում է ողջ կյանքը։ Արտասահմանցի լրագրողներին զարմացրել է նաեւ Լեւոն Արոնյանի անկեղծությունը։ Այն հարցին, թե արդյոք նա չի՞ անհանգստանում, որ իր վարկանիշը կարող է իջնել, Լեւոնը շատ հանգիստ պատասխանել է. «Ես դրան ուշադրություն չեմ դարձնում։ Եթե իջնում է, նշանակում է այն իրականում ավելի բարձր էր, քան իմ խաղամակարդակն է»։ Կարեւորն այն է, որ Լեւոն Արոնյանը չի տառապում շատ մարզիկներին հատուկ մեծամտությամբ եւ ընդունում է, որ դեռ պետք է իր վրա աշխատի։ Հուսով ենք, որ հետագա մրցաշարերում Լեւոնը շատ ավելի հաջող հանդես կգա։