«Բրազիլիան ունի երկու թիմ»- ասում է Պելեն

01/02/2006

Պելեն բրազիլացիներին համարում է այս տարի Գերմանիայում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտ։ Այդ մասին Էդսոն Արանտես դու Նասիմենտուն, որն առավել հայտնի է որպես «ֆուտբոլի արքա», լրագրողներին հայտարարել է Դավոսում, որտեղ մասնակցում էր Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված կոնֆերանսին։ «Բրազիլիան ունի երկու թիմ։ Եթե հարկ լինի խաղացողին փոխարինել, խաղի որակը դրանից չի տուժի։ Իսկ եթե, օրինակ, Մեծ Բրիտանիայի կամ Իտալիայի հավաքականները վնասվածքի պատճառով զրկվեն իրենց խաղացողներից որեւէ մեկից, ապա նրանք փոխարինման հետ կապված խնդիրներ կունենան»,- ասել է Պելեն։

Նա խոստովանել է, որ Գերմանիայում խաղալն, իհարկե, դժվար կլինի՝ հաշվի առնելով մարզասերների աջակցությունն ու կլիման։ Ի դեպ, մինչ այժմ միայն Բրազիլիայի հավաքականին է հաջողվել, լինելով ոչ եվրոպական թիմ, հաղթանակ տանել հին աշխարհամասում անցկացվող աշխարհի առաջնությունում։ Դա 1958 թվականին էր, երբ հարձակման գծում խաղում էր երիտասարդ Պելեն։ Թե որքանով ճիշտ դուրս կգան արքայի կանխատեսումները, պարզ կդառնա կարճ ժամանակ անց. աշխարհի առաջնության մեկնարկին մնացել են հաշված ամիսներ։ Սակայն հարկ է նշել, որ ՖԻՖԱ-ի վարկածով 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Պելեի կանխատեսումները հազվադեպ են ճիշտ դուրս եկել։ Այսպես, 1998թ. նա նախապատվությունը տվել էր Սերբիայի հավաքականին, սակայն սերբերը պայքարից դուրս մնացին 1/8 եզրափակիչում։ 1994թ. Պելեն ֆավորիտ էր համարում Կոլումբիային, իսկ 2002թ.՝ Ֆրանսիայի եւ Արգենտինայի թիմերին, որոնք չկարողացան հաղթահարել անգամ խմբային փուլը։