IBF վարկածով մինչեւ 50.8կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը մարտի 3-ին հերթական անգամ կփորձի պաշտպանել իր տիտղոսը։ Մրցամարտն անց է կացվելու ԱՄՆ-ում՝ Կալիֆոռնիա նահանգի Սանտա-Ինյես քաղաքում։ Չեմպիոնական տիտղոսին տիրանալու նպատակով Վախթանգի դեմ ռինգ է դուրս գալու ֆիլիպինցի Դիոսադո Գաբին, որը IBF-ի վարկանիշային սանդղակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Կայանալիք մարտի մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Էդուարդ Գումաշյանը, որը ներկայացնում է բռնցքամարտիկի շահերը ԱՄՆ-ում։ Գումաշյանի խոսքերով, ներկայումս բանակցություններ են ընթանում հայտնի պրոմոուտեր Հարի Շոուի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Նշենք, որ նախատեսված վերջին մրցամարտը, որի ժամանակ Վ. Դարչինյանը պետք է պաշտպաներ իր տիտղոսը, երկու անգամ հետաձգվեց, իսկ հետո ընդհանրապես չեղյալ հայտարարվեց։ Դրանից հետո բռնցքամարտիկը հայտարարեց, որ կցանկանար կարիերան շարունակել ԱՄՆ-ում, քանի որ ավստրալացի մենեջերները պարբերաբար խնդիրներ են ունենում մրցամարտերը կազմակերպելու հարցում։