Երեկ տեղի ունեցած ԵՊՀ խորհրդի նախագահի ընտրության արդյունքում խորհրդի նախագահ է ընտրվել պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: 72 անդամ ունեցող խորհրդից քվեարկությանը մասնակցել են 70-ը, որոնցից Ս. Սարգսյանի ընտրությանը դեմ են եղել ընդամենը 4-ը: Թեկնածուների ցանկում է եղել նաեւ ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, ով սակայն խորհրդի նիստը սկսվելուն պես ինքնաբացարկ է հայտնել:
Երեկ համառ լուրեր էին տարածվում, թե ՀՀԿ նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ Ս. Սարգսյանի միջեւ լուրջ բախում է տեղի ունեցել եւ իբրեւ Ա. Մարգարյանը դեմ է եղել Ս. Սարգսյանի` ԵՊՀ խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելուն, քանի որ այդ պաշտոնը վարչապետը խոստացել էր ՀՀԿ պատգամավոր Հրանուշ Հակոբյանին: Կառավարության լրատվական ծառայությունը հերքեց այդ լուրերը` դրանք որակելով ստահոդ հերյուրանքներ: Մեր հարցին, թե ինչպե՞ս է վարչապետն ընդունել այդ փաստը, լրատվական ծառայությունից պատասխանեցին. «Շատ նորմալ, հանգիստ ու ժպիտով»:
Վերոնշյալ լուրը հերքեց նաեւ Հրանուշ Հակոբյանը. «Դա պարզապես ծիծաղելի է»: Հ. Հակոբյանից հետաքրքրվեցինք` արդյոք վարչապետը նման առաջարկ արե՞լ է իրեն, թե՞ ոչ: Ի պատասխան նա ասաց. «Ո՛չ, վարչապետն ինձ նման առաջարկ չի արել: Նման առաջարկ ինձ արել է անձամբ Սերժ Սարգսյանը, եւ ես հրաժարվել եմ: Ավելին` տեսնելով համալսարանականների ընդհանուր լարվածությունը, ինքս եմ համոզել Ս. Սարգսյանին, որպեսզի նա առաջադրի իր թեկնածությունը»: Պատգամավորի հավաստմամբ, Համալսարանում «հանգստություն էր պետք»: «Ես հասկացա, որ Համալսարանում խորհրդի նախագահի ընտրության հարցն ավելի շատ պայմանավորված էր ապագա ռեկտորի կռիվների հետ, ու այնտեղ ուժեղ ձեռք էր պետք, դրա համար ես բոլորին կոչ արեցի ընտրել Սերժ Սարգսյանին: Եվ, հավատացեք, Ս. Սարգսյանին ընտրելուց հետո Համալսարանը, կարծեք, հանգստացավ»,- ասաց պատգամավոր Հ. Հակոբյանը` ավելացնելով, որ մյուս հաստատություններում շատ ավելի հեշտ էր խորհրդի նախագահ ընտրելը, որովհետեւ նրանք «տեր» ունեին: «Խորհրդի նախագահը շատ սիմվոլիկ դեր ունի: Այսօր ուռճացվել է Համալսարանում նրա ֆունկցիան, այնինչ նա ընդամենը խորհրդի նիստերն է վարում: Դրա համար շատ ճիշտ կլիներ, որ այնտեղ ուժեղ ձեռք լիներ, որպեսզի բոլորը հանգիստ, խաղաղ, առանց ավելորդությունների շարունակեն իրենց աշխատանքը: Համենայնդեպս, այս պահի համար Ս. Սարգսյանը շատ ճիշտ ընտրություն էր,- ասաց Հրանուշ Հակոբյանը` ավելացնելով,- իսկ այդ գործի ակտիվիստը, պահանջողը, նախաձեռնողը ես եմ եղել»: Իսկ ինչ վերաբերում է տարածվող լուրերին, ապա Հ. Հակոբյանն ասաց. «Դրանք սուտ, շինծու խոսքեր են, որովհետեւ վարչապետը չի եղել իմ թեկնածությունը քննարկողը կամ առաջարկողը: Ինձ առաջինը Ս. Սարգսյանն է առաջարկել, որպես համալսարանական: Անկախ ամեն ինչից, ես գտնում եմ, որ ճիշտը Սերժն էր, ուսանողներն էլ էին այդպես գտնում: Ի՞նչ է եղել, երկու ամիս է Համալսարանը լարված էր, հիմա կհանգստանան, ռեկտոր կընտրեն: Ի պատիվ Ս. Սարգսյանի, նրա առաջին խոսքը հենց դա եղավ, որ` ես որեւէ կերպ չեմ խանգարի եւ պայմաններ կստեղծեմ, որ նոր ռեկտորը նորմալ աշխատի»: Իսկ Հ. Հակոբյանը` դիմելով համալսարանականներին, ասել է. «Մենք չպետք է Համալսարանի հոգսը դնենք խորհրդի նախագահի ուսերին ու հեռանանք: Գուցե սա Ս. Սարգսյանի համար հետագայում ավելորդ բարդություն ու հոգս լինի, բայց Համալսարանի համար շատ ճիշտ որոշում էր»: