Հետանկախության տարիներին, երբ մեզանում ստեղծվեցին առաջին ոչ պետական հանրակրթական դպրոցները, հիմնադիրները վստահեցնում էին, որ նոր դպրոցները ժամանակի հրամայականն են, եւ ժամանակն է հրաժեշտ տալ ավանդական դպրոցի բնազդաբար շարունակվող կրթաոճին:
Առաջին մասնավոր հանրակրթական դպրոցները մեզ մոտ հիմնադրվեցին 15 տարի առաջ: Վիճակագրություն չկա այն մասին, թե այս ժամանակահատվածում մասնավոր քանի կրթօջախ է հիմնվել եւ քանիսն են փակվել, ուսումնասիրված չեն նաեւ այդ դպրոցների փակման պատճառները: Ըստ Կրթության եւ գիտության նախարարության՝ 2004-2005 ուսումնական տարում մասնավոր հանրային կրթություն իրականացնելու լիցենզիա է ունեցել 67 անձ, գործել է 55 դպրոց: Մասնավոր կրթություն նախընտրել են շուրջ 5000 երեխաների ծնողներ: Ուսումնասիրություններ չկան այն մասին, թե 15 տարվա ընթացքում այս դպրոցներն ինչ են արել ավանդական դպրոցից տարբերվելու համար, մանկավարժական ինչ նորարարություններ են կիրառվել եւ ինչ արդյունքներ են գրանցել: Տարբեր մասնավոր կրթօջախներում սովորող երեխաների ծնողների մի մասը նշում է, որ պետական հանրակրթական դպրոցների համեմատությամբ այս դպրոցների ամենամեծ առավելությունն այն է, որ երեխաներին «տեռորի» չեն ենթարկում տարբեր դրամահավաքների պատճառով եւ չեն պարտադրում արտադասարանական պարապմունքներ տարբեր առարկաներից:
Երեւանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը նախընտրած ծնողներից մեկը բողոքում էր, որ անհատական մոտեցում երեխաների հանդեպ առանձնապես չի ցուցաբերվում: Այս կրթահամալիրի յուրաքանչյուր դասարանում, տնօրեն Աշոտ Ալիխանյանի հավաստմամբ, աշակերտների թիվը 14-ը չի գերազանցում: Ծնողներից մեկն, այնուամենայնիվ, պնդում էր, որ անգամ նման քիչ քանակի դեպքում ուսուցիչները չեն կարողանում անհատական աշխատել երեխայի հետ: «Հատկապես եթե այդ երեխան ուսման մեջ ավելի քիչ առաջադիմություն ունի, քան մյուս համադասարանցիները, մեծ է վտանգը, որ նա առհասարակ կկոմպլեքսավորվի»,- նկատում է ծնողներից մեկը: «Ալմանախ» կրթահամալիրը նախընտրած մի ծնող բողոքում էր, որ դպրոցում երեխաներին լավ չեն «զբաղեցնում». «40 րոպեանոց դասամիջոց կա, որի ժամանակ երեխաներին ուղղակի բրախում են հայաթ՝ ով ինչ ուզենա անի, կամ էլ շատ-շատ կարող է մի ուսուցիչ հսկի, որ երեխաները իրար միս չուտեն»: Նույն ծնողը նաեւ բողոքում էր, որ երեխան երբեմն դպրոցից վերադառնում է դասը լավ չյուրացրած եւ, նման դեպքերում, քանի որ իրենք վճարում են իրենց երեխայի կրթության համար, հարկ են համարում գնալ եւ ուսուցչի վրա «մուննաթ» գալ: Մի քանի ծնողներ կարեւորեցին դպրոցում հոգեբանի հաստիքը: «Ես ինչքան էլ փորձում եմ երեխայիս ներարկել, որ «ինտելիգենտը» լավ բան է, միեւնույն է, նա գնում է դպրոց, որտեղ համադասարանցիների մի մասը նրան հակառակն է ապացուցում՝ որ «գողականն» է լավ, ու, քանի որ դպրոցում հոգեբան չկա, որ նրանց հետ աշխատի, երեխաս հոգեբանական բարդույթներ է ունենում»,- ասում է «Ալմանախ»-ից մի ծնող: Այսինքն` ծնողը վճարում է, որպեսզի ավելորդ՝ երեխայի հետ տանը զբաղվելու հոգսից ազատ լինի: Մասնավոր դպրոցներից այլ ակնկալիք ծնողները կարծես թե չունեն էլ: Այնուամենայնիվ, կան ծնողներ, ովքեր հետագայում հրաժարվում են մասնավոր կրթությունից եւ երեխաներին տեղափոխում են պետական դպրոց: Վիճակագրություն չկա նաեւ այն մասին, թե մասնավոր դպրոցից հրաժարումն ինչ տոկոս է կազմում եւ ինչ պատճառներից են թելադրված նման դեպքերը: ԿԳ նախարարության Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Արմինե Օհանյանի հավաստմամբ՝ իրենց ունեցած տեղեկություններով՝ դրանք պայմանավորված են բարձր կրթավճարներով եւ աշակերտների՝ ուսումնական ծրագրերի ծանրաբեռնվածության պատճառով ուսման մեջ թերանալու հետեւանքով: Փաստորեն՝ այս դպրոցները սպասարկում են նրանց, ովքեր կարողանում են մեկ երեխայի ուսման համար ամսական վճարել նվազագույնը 50 ԱՄՆ դոլար եւ ստանալ գիտելիքների մի որոշակի փաթեթ: Մասնավոր դպրոցներից մեծ համարում ունեցող Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը զարմանում է, որ չենք նկատում այն «ահռելի տարբերությունը, որ այսօր կա մասնավոր եւ պետական դպրոցների միջեւ», եւ հատկապես շեշտում է. «Նախ մեզ մոտ բացառվում է, որ ծնողը դասատուին լրացուցիչ վճարի երեխայի հետ առանձին պարապելու համար, իսկ դուք գիտեք, թե ինչ է կատարվում մյուս դպրոցներում՝ այդ դպրոցներում երեխան անպայման լրացուցիչ վճարովի դասերի է գնում, հակառակ դեպքում ոչ մի շանս չի ունենա բուհ ընդունվելու»:
Որպես «անհատական» մոտեցում կրթական պրոցեսին՝ նույն ճեմարանի կրտսեր դպրոցի տնօրեն Զարուհի Ղալթախչյանը նշում է իրենց մոտ կիրառվող նոր մեթոդները. «Մենք էքսկուրսիաներ ենք կազմակերպում, որոնք հեշտացնում են նյութի մատուցումը, օրինակ, առաջին դասարանում «ա» տառի ուսուցումը մենք անցկացնում ենք Օշականում՝ Մաշտոցի գերեզմանի մոտ, «շ» տառի ուսուցման ժամանակ աշնանը Բուսաբանական այգի ենք տանում երեխաներին»: ԿԳ նախարարության Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Արմինե Օհանյանն էլ ասում է՝ «Կարելի է ասել, որ մասնավոր դպրոցներն արդարացնում են իրենց, որովհետեւ նրանց սաները եւ օլիմպիադաներում են լավ հանդես գալիս, եւ բուհական ընդունելության քննությունների ժամանակ»: Մասնավոր դպրոցի մասին ոլորտի ներկայացուցիչների ասելիքն այսքանով սպառված է: Այն տպավորությունն է, որ մասնավոր դպրոցի առաքելությունն այսօր հստակ չեն պատկերացնում ոչ մասնավոր կրթություն իրականացնողները, ոչ այդ մասնավորից օգտվողները:
Երբեմնի ԿԳ նախարար, մասնավոր կրթության ջատագով Աշոտ Բլեյանն ինքնանպատակ է համարում այսօր մասնավոր դաշտում գործող հանրակրթական դպրոցների գոյությունը. «Մասնավոր կրթություն նախաձեռնողների մոտեցումը չի հասկացվում, ամեն մարդ գործում է իր պատկերացումների չափով, մեզանում մասնավոր կրթությունը նոր մեթոդի դպրոց չի, ռեպետիտորական դպրոցներ են երազել ու ստեղծում՝ փոքրաքանակ խմբեր լինեն, բերեն լավ «պրեդմետնիկներ», ովքեր գիտելիքը երեխայի ուղեղն են լցնում ավելի արագ ու կազմակերպված ձեւով, ցույց տան բարձր ցուցանիշներ, գնան բուհ ընդունվեն՝ այսքանը»: Այսինքն, մասնավոր կրթության կազմակերպիչներն այսօր ընդամենը լավ կամ վատ կրկնում են ավանդական դպրոցի փորձը, նոր մանկավարժություն` որպես այդպիսին, չի փորձարկվում եւ, փաստորեն, մի խումբ մասնագետների սոցիալական, զբաղվածության խնդիրն է ընդամենը լուծվում այս դպրոցների գոյությամբ: «Դպրոցն այսօր բազմաձեւ-բազմաոճ պետք է լինի, որպեսզի կարողանա բավարարել տարբեր ընտանիքների, մարդկանց ճաշակն ու կրթական պահանջմունքները, մասնավոր ասելով` չպետք է հասկանալ միայն դպրոցի իրավակազմակերպական ձեւը, նախ պետք է ապահովել այն բազմազանությունը, այլակերպությունը, որ կբավարարի մասնավոր հատվածի անհատական պահանջմունքները»,- գտնում է Ա. Բլեյանը: Ըստ պրն Բլեյանի` մասնավոր դպրոցի հանդեպ մոտեցումներն ի սկզբանե են անարդարացի եղել, երբ առհասարակ տարբերություն է դրվել պետական դպրոցում սովորող ու մասնավոր դպրոցում սովորող երեխաների միջեւ. «Եթե պետությունը երեխային պետականի ու մասնավորի միջեւ ընտրություն կատարելու հնարավորություն է տալիս ու ճանաչում է մասնավոր դպրոցում ստացած նրա կրթության վկայականը, եւ եթե միջնակարգ կրթությունն անվճար է, ապա ինչո՞ւ չի ֆինանսավորվում նաեւ մասնավոր դպրոցը,- պրն Բլեյանն այստեղ երեխաների իրավունքների լուրջ ոտնահարում է տեսնում,- մի կողմից` մասնավոր կրթությունը դիտվում է որպես ձեռնարկատիրական գործունեություն, բիզնես, մյուս կողմից՝ քանի որ դա ի վերջո կրթություն է, այն էլ` հանրային կրթություն, չի կարող բիզնեսի աղբյուր լինել՝ դա բացառվում է, բիզնես կարող է լինել միայն ի հաշիվ որակյալ կրթության, ի հաշիվ երեխայի սոցիալական պայմանների, որովհետեւ այսօր այն վճարունակ խավը չունենք, որ կրթության համար կարողանա վճարել այնքան, որ դպրոցը կարողանա հոգալ բոլոր ծախսերը, իսկ եթե դպրոցը բավարարվում է եղածով, ապա ի՞նչ որակյալ կրթության մասին կարող է լինել խոսքը՝ չմոռանանք նաեւ, որ մեր մասնավոր դպրոցներն ամեն ինչ զրոյից են սկսում, շատերն այսօր չունեն սեփական շենքային պայմաններ ու գույք, նման պայմաններում ինչպե՞ս կարող է մասնավոր կրթություն զարգանալ»: