Այս հարցը երեկ դարձել էր «Հայելի» ակումբում քաղաքական եւ մշակութային գործիչների քննարկման առարկան: Ի դեպ, արվեստագետներից ու մտավորականներից շատերը հրավիրվել էին այլ թեմայի շուրջ զրուցելու, եւ ոմանք, անակնկալի եկած, լքեցին ակումբը: Ոմանք էլ սպասում էին նախարարի թեկնածուների կոնկրետ անունների բարձրաձայնման, ինչը տեղի չունեցավ:
Բանավիճողների «թիրախը» քննարկմանը ներկա «Իսահակյան» մշակութային միության նախագահ, ՕԵԿ անդամ Գեղամ Մելիքսեթյանն էր: Նա համոզված է, որ ինչպես մշակույթի, այնպես էլ՝ բոլոր նախարարների պաշտոնները պետք է լինեն քաղաքական, քանզի օրենսդրությամբ նշվում է, որ խորհրդարանում մեծամասնություն ձեւավորող քաղաքական ուժերը պետք է կազմավորեն գործադիր իշխանությունը: Սակայն Գ. Մելիքսեթյանը գտնում է, որ հարցը չպետք է կուսակցականացնել: Մեր մշակույթն անվանելով «անդամահատ»՝ նա մեղքը «գցեց» համայնքների վրա, որտեղ «դպրոցներում երգի ուսուցիչներ չկան, այդ պատճառով էլ 7-ամյա երեխան հեռուստացույցով թուրքերեն է երգում»: Երբ «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցության (ԺԱԿ) նախագահ Սպարտակ Մելիքյանը վերջին 2 նախարարներին մեղադրեց մշակութային արժեքները փոշիացնելու մեջ, ՕԵԿ ներկայացուցիչն ասաց. «Մենք չենք փոշիացրել»՝ մոռանալով, որ «պաշտոնը չպետք էր կուսակցականացնել»: Նա ավելացրեց, որ նախարարության գերատեսչությունները բավական լավ են աշխատել՝ որպես ապացույց բերելով քաղաքի «աֆիշների» քանակի ավելացումը: Այս հայտարարությունը ծիծաղ առաջացրեց որոշ մտավորականների մոտ, որոնք միմյանց ասում էին, որ այդ «աֆիշների» որակն այս դեպքում անտեսվեց:
ԺԱԿ նախագահը համոզված է, որ մշակույթի նախարարը պետք է մշակութային գործիչ լինի եւ չպատկանի ոչ մի կուսակցության: «Անհրաժեշտ է դիմել երկրի նախագահին, որպեսզի վերջինս ուղղակիորեն նշանակի նախարարին: Սա Հայաստանի մշակույթը ոտքի կանգնեցնելու միակ ճանապարհն է»,- ասում է Ս. Մելիքյանը: Մշակույթի նախարարի պաշտոնի առնչությամբ «հակա-ՕԵԿ-ական» տրամադրվածություն ուներ նաեւ Հայաստանի երիտասարդական կուսակցության նախագահ Սարգիս Ասատրյանը: Վստահ լինելով, որ իր առաջարկը չի ընդունվի՝ նա, այնուամենայնիվ, իր «խղճի համար» ՕԵԿ-ին խորհուրդ տվեց 2007թ. ընտրությունների համար կուսակցությանն անհրաժեշտ վարկանիշը չգցելու համար այս պաշտոնի վրայից «թաթը հետ քաշել»: Ի դեպ, Ս. Ասատրյանը նախապես հայտարարեց, որ իր կուսակցությունը մինչեւ 2007թ. գործադիր պաշտոնի չի հավակնելու:
«Հզոր Հայրենիք» կուսակցության կենտրոնական վարչության անդամ Շիրակ Թորոսյանի խոսքերով՝ պետք է Մշակույթի նախարարությունն ապաքաղաքականացվի, քանի որ «նույնիսկ հավաքարարներն են այնտեղ ՕԵԿ անդամներ»: Սակայն Գ. Մելիքսեթյանն այս փաստի հետ չհամաձայնեց: Նա պաշտոնապես տեղեկացրեց, որ նախարարությունում ընդամենը 3 ՕԵԿ-ական կա՝ այդ թվում` նախարարը:
Ինչեւէ, քննարկման գործընթացն ինքնին ցույց էր տալիս, որ մշակույթի նախարարի պաշտոնն առաջին հերթին քաղաքական է, քանզի բանավիճողները սկզբում միայն քաղաքական գործիչներ էին: Բացի այն մտքից, որ այսօրվա գլոբալ քաղաքականությունը «վտանգավոր պատերազմ է մշակույթի դեմ», «խաղաղ եղեռն»՝ գրող Արեւշատ Ավագյանն, ըստ էության, ոչինչ չասաց մշակույթի ապագա նախարարի իդեալական պատկերի եւ կուսակցական պատկանելության մասին: Հրապարակախոս Լեւոն Մարգարյանը, սակայն, գտնում է, որ «բերմուդյան եռանկյունին» (խոսքը կոալիցիայի մասին է) այս տարիների ընթացքում արդյունավետ չի գործել, հատկապես՝ ՕԵԿ-ը, որի անդամները, հրապարակախոսի կարծիքով, ղեկավարել չեն կարող:
Բանավիճողներից շատերը վստահ էին, որ մշակույթի նախարարը պետք է լինի «բանիմաց անձնավորություն»: Տեղին էր Կենտրոն համայնքի թիվ 10 երաժշտական դպրոցի տնօրեն Էդուարդ Եսայանի ակնարկն այն մասին, որ Հովիկ Հովեյանը նույնպես բանիմաց նախարար էր: Ուստի մտավոր ունակությունները կամ լավ անձնավորություն լինելը բավարար հիմք չեն նախարար դառնալու համար: Միգուցե հայ մշակույթի նախարարների մոտ բացակայում է հոգեկան կայունությո՞ւնը: