Հայաստանի գիտնականների հասարակական խորհուրդը երեկ քննարկման էր դրել գիտության ոլորտի բարեփոխումների ծրագրի իր նախագիծը: Որպեսզի գիտությունը ծառայի երկրի սոցիալ-տնտեսական առաջընթացին եւ անվտանգության ապահովմանը, մեր գիտնականները գտնում են, որ հիմնովին պետք է վերակառուցվի ՀՀ ԳԱԱ-ն: Անհրաժեշտ են համարում գիտական գործունեության կազմակերպման, խորհրդատվության եւ փորձաքննության իրականացման նպատակով ստեղծել Հանրապետական Մասնագիտական խորհուրդների սկզբունքորեն նոր համակարգ: Պահանջում են ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները Գիտահետազոտական ինստիտուտների (ԳՀԻ) արդյունավետ գործունեության եւ սերնդափոխության բնականոն ընթացքի համար, արմատական փոփոխության ենթարկել ԲՈՒՀ-ԳՀԻ, ԳԱԱ-ԲՈՒՀ փոխհարաբերությունները եւ այլն: Գիտնականներն, ինչպես միշտ, բողոքեցին գիտության թերֆինանսավորումից եւ պահանջեցին գիտության ֆինանսավորմանը հատկացնել բյուջեի ծախսային մասի 3 տոկոսից ոչ պակաս, բարձրացնել գիտական աստիճանների, կոչումների համար հատկացված հավելավճարներն ու ավելացնել դրանք կենսաթոշակին: Ինչպես նաեւ՝ ստեղծել գիտության համահայկական հիմնադրամ եւ բարենպաստ օրենսդրական դաշտ՝ գիտության մեջ բարեգործական միջոցների ներհոսքի խթանման համար: Գիտնականների կարծիքով` վերջերս գիտության գլխին ամպեր են կուտակվել. գիտության ոլորտում առաջարկվող օպտիմալացման ծրագրերը ոչ այլ ինչ են, քան գիտահետազոտական մի շարք ինստիտուտների շենքերի, գույքի ու տարածքների յուրացում որոշ անձանց կողմից։ Նրանք պահանջում են ԳՀԻ-ների սեփականությունը համարել դրանք՝ առանց օտարելու կամ սեփականաշնորհելու իրավունքի:
Ն.Ա.