2007թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական պայքարը սկսվել է: Տարբեր մարդիկ տարբեր ձեւերով են պայքարում հաջորդ խորհրդարանում իրենց տեղերի համար: Մեկը կուսակցություն է բացում, մյուսը «տեր» է փնտրում, իսկ Արշակ Սադոյանի մոտ դա արտահայտվում է հերթական շոուով` հերթական դատական պրոցեսով: Երեւի թե այն պատճառով, որ այլ կերպ պարոն Սադոյանը հայկական հեռուստաէկրաններին չի կարողանում երեւալ, եւ որոշել է մասնակցել տարբեր դատական պրոցեսների, որպեսզի լրատվական հաղորդումներն իրեն գոնե մի երկու վայրկյան ցույց տան: Մազութ, կոնյակ, հեռախոսակապ: Տվյալ դեպքում ամենեւին էլ նպատակ չունենալով պաշտպանել «ԱրմենՏելին», կարելի է փաստել, որ բոլոր դեպքերում էլ Ա. Սադոյանը գիտեր, որ իր բռնած գործը բլեֆ է, պարզապես նմանատիպ վարքագծով նա միշտ էլ ցանկանում է «աչոկ» հավաքել: Եթե այսպես շարունակվի, ապա չի բացառվում, որ պոպուլիզմի հողի վրա կարող է ստեղծվել «Օրինաց երկիր» – Արշակ Սադոյան դաշինքը: Կա նաեւ մեկ ուրիշ վարկած: Պարոն Սադոյանը հասկանում է, որ «Արդարություն» դաշինքը դե ֆակտո այլեւս գոյություն չունի, որպեսզի իրեն տանի խորհրդարան, իսկ մեծամասնականով նա դեռ 2003-ին շանսեր չուներ: Վերջին հույսը նմանօրինակ շոուներն են: Չէ՞ որ նա կարդացած մարդ է եւ գիտի, որ դեռ հին հռոմեացիներն էին ասում, որ ժողովուրդն ուզում է միայն «հաց եւ շոու»:
Ա.Ք.