Տեսաերիզների վաճառքով զբաղվող կետերը «Շրեկ», «Մադագասկար» եւ «Էլդորադո» մուլտֆիլմերի հայկական եւ ոչ արտոնագրված DVD-ները ազատ վաճառում եւ մեծ շահույթ են ստանում: Նկուղային պայմաններում թարգմանված եւ «կրկնօրինակված» մուլտֆիլմեր արտադրելու համար մեծ ծախսեր պետք չեն, մանավանդ, որ պատանի սերունդը մեծ հաճույքով գնում է դրանք: Ռուսական թարգմանությունները շատ երեխաների ու դեռահասների համար դժվար հասկանալի են, նրանք նախընտրում են հայերեն տարբերակները դիտել: Եվ քանի որ հայերեն հնչող մուլտֆիլմերի պահանջարկ կա, «պիրատական» շուկան արագ եւ անորակ արձագանքում է այդ պահանջարկին` Երեւանը ողողելով վերափոխված եւ կասկածելի բովանդակություն ունեցող արտադրանքով: Վաճառվող ոչ մի տեսաերիզի տուփին նայելով հնարավոր չէ հասկանալ, թե ովքեր են թարգմանության եւ արտադրության հեղինակները: «Հայ արտ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ օրերս կազմակերպված բանախոսությունը նպատակ ուներ ուշադրություն հրավիրել այդ մուլտֆիլմերի ստեղծման, տարածման եւ դրա վատ հետեւանքների վրա: Այդ մուլտֆիլմերը բոլոր տեսանկյուններով էլ սարսափելի են: Բացի բազմաթիվ (հեղինակային, մտավոր սեփականության) իրավունքների խախտումներից, դրանք դեռ չկոփված հոգեբանություն ունեցող երեխաների համար մեծ վտանգ են պարունակում: «Ոչ մի արտաքին ուժ չի կարող մեզ այնքան վնասել, որքան ինքներս մեզ ենք վնասում», – ասաց դերասան Սոս Սարգսյանը: Իսկապես, այդ մուլտֆիլմերի վատ ազդեցությունն իրեն երկար սպասել չի տա: Արդեն իսկ գռեհիկ եւ ամենաթողությանը համակերպված սերունդ է մեծանում, որն այդ մուլտֆիլմերի հերոսների նման «ճշտով ջոկում է`ով ում կռիշն է, էթում ա կայֆավատ ըլնելու, ուռում ու տժժում ա»: Դա մեր իրականության հիպերբոլացված ու չափազանցված պատկերն է, որը սովոր ենք քողարկել կամ անտեսել: Կենցաղային լեզուն միշտ էլ գոյություն է ունեցել, սակայն վերջերս անթաքույց հնչում է նաեւ հեռուստատեսության եթերից: Կենցաղային եւ գրական լեզվի միջեւ եղած ճեղքվածքն այնքան է մեծացել, որ գործառության մեջ միայն ժարգոնն է մնացել: Այո, շատ երեխաներ այդպես են խոսում` օրինակ վերցնելով «ճշտով ապրող» մեծահասակներից: Հիմա արդեն այդպես են խոսում մուլտֆիլմերի հերոսներ Զեբրը, Առյուծը, Շրեկը, տարբեր միջատներն ու հեքիաթային էակները: Այդ հերոսները հայկական են դարձել եւ իրենց հայավարի էլ պահում են: Որքան էլ խոսենք մեր դարավոր ու հարուստ մշակույթի մասին, դրանք երիտասարդ սերնդի համար դատարկ բաներ են, քանի որ այդ մշակույթի հետքերը նրանք չեն տեսնում հայկական հաղորդումներում, ֆիլմերում եւ «հայերեն» թարգմանված մուլտֆիլմերում: Երեխաների հոգեբանության վրա նման ֆիլմերը կարող են կործանիչ ազդեցություն ունենալ, քանի որ երեխաները միշտ նույնացնում են իրենց ֆիլմի հերոսների հետ: Նրանք դեռ սովոր չեն վերացարկվել կատարվող իրադարձություններից եւ սկսում են կուրորեն կրկնօրինակել հերոսների վարքագիծն ու խոսելաոճը: Արդեն իսկ շատերը կրկնօրինակում են գովազդային կիսագողական, կիսափողոցային լեզուն: Ըստ հոգեբան Մարտին Վարդանյանի` երեխաների համար հուզական ազդեցությունն առաջնային է: Չափազանցված եւ խտացված «ախպերական» մոտեցումը «հայկականացված» մուլտֆիլմերում ապացուցում է երեխաներին, որ փողոցային գռեհիկ լեզուն հատուկ է նաեւ իրենց սիրելի հերոսներին, եւ ուրեմն, այդ լեզուն ու վարքագիծն ընդունելի են: Մուլտֆիլմերը դաստիարակչական մեթոդ են, ըստ որի` բարի էակներին այս կյանքում միշտ լավն է հատուցվում, իսկ չարախոսներն ու նենգերը պատժվում են: «Հայկականացված» մուլտֆիլմերում այդ չափանիշներն արդեն չեն գործում, քանի որ դրանք անճանաչելիորեն վերափոխված են: Մուլտֆիլմերի բնօրինակները դիտած մարդիկ զարմանքով կարող են նկատել, որ «հայերեն» մուլտֆիլմերը բոլորովին այլ սյուժե եւ երաժշտական ձեւավորում ունեն: Այլ են նաեւ հերոսների անունները. Շրեկը Ժորիկ է դարձել, Ֆիոնան` Ֆլորիկ, եւ այլն: Իսկ մուլտֆիլմերում հնչող երգերը ռաբիս կատարումների են վերածվել: Եվ այդ տեսաերիզներն առանց որեւէ օրենսդրական միջամտության տարածվում են:
Կա՞ այլընտրանք
Երեւի թե, ոչ: Թեեւ «պիրատական» ոլորտը կարգավորող օրենքներ կան, սակայն մենք բազմիցս համոզվել ենք, որ դրանք չեն գործում: Կամ, որ ավելի վատ է՝ կիրառվում են ժամանակ առ ժամանակ եւ կոնկրետ մարդկանց նկատմամբ: Կարելի է պատժել ապօրինի արտադրանք վաճառողներին, քանի որ փաստ է՝ Հայաստանում ոչ ոք մուլտֆիլմերի իրավատերերից դրանք թարգմանելու իրավունք ձեռք չի բերել եւ արդեն իսկ խախտել է հեղինակային եւ հարակից իրավունքները պաշտպանող օրենքը: «Հայ արտի» նախաձեռնությամբ կազմվել է բողոք-նամակ եւ ուղարկվել է 6-րդ վարչություն: Սպասում են արձագանքի: Հավանաբար, պատժամիջոցների տեսքով: Պատժել պետք է, սակայն դա դեռ խնդրի լուծում չէ: Վերջիվերջո, նշանակություն չունի, թե ովքեր են «պիրատները»: Քանի դեռ նրանց ապրանքը գնում են, ուրեմն այն պահանջարկ ունի: Իսկ ո՞վ պետք է զբաղվի մուլտֆիլմերի ավելի գրագետ եւ պրոֆեսիոնալ թարգմանությամբ, եթե թարգմանության ու ցուցադրման իրավունքները շատ թանկ են մեր երկրի համար: Պատասխանը միանշանակ է` «պիրատները»: Եթե ոչ` նույն մարդիկ կամ ընկերությունները, ապա ուրիշները: «Պիրատները» կռահել են շուկայի պահանջարկը, եւ նրանց այլեւս անհնար կլինի կանգնեցնել այնքան ժամանակ, մինչեւ նրանց արտադրանքին չհակադրվի ավելի որակյալը: Հետաքրքիրն այն է, որ թերեւս բոլորը «հայերեն» մուլտֆիլմերի տարածումը քրեական հանցագործություն են համարում, սակայն ոչինչ հակադրել չեն կարող: Բացի «հայեցի դաստիարակության պահանջից» ու «ազգային մտածողությունը մշակութային եղեռնից պաշտպանելու» կոչից ոչ ոք չի առաջարկում երեխաներին՝ ի՞նչ դիտել: Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Կարո Վարդանյանն այդ մուլտֆիլմերը «բարբարոսություն» է համարում, սակայն որեւէ ծրագիր առաջարկել չի կարող՝ ասելով. «Դա մեր գործառույթի մեջ չի մտնում: Եթե որեւէ մասնավոր անձ մուլտֆիլմերը թարգմանելու ծրագիր ներկայացնի, մենք կարող ենք այն քննարկել»: Իսկ Լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Միրզոյանը թարգմանությունները վերահսկող օրենք չի տեսնում, ասելով, որ իրենք կարող են հայերեն լեզուն պարտադրել, սակայն չեն կարող ազդել բովանդակության վրա: Իսկ այդ մուլտֆիլմերը հայերեն են եւ լեզվական խախտումներ չկան: Շատ տեղին էր Սոս Սարգսյանի հարցը. «Եթե ազդելու լծակներ չունեք, էլ ինչի՞ համար եք: Պարզվում է՝ ոչ ոք ոչ մի բանի համար պատասխանատու չէ»:
Վերը նշված երեք ամերիկյան մուլտֆիլմերը ցուցադրվել են գրեթե ողջ աշխարհում, եւ բացի խիստ կոմերցիոն նպատակներից հետապնդել են նաեւ բարին սերմանելու նպատակ: Թեեւ այս քննարկմանը մասնակից որոշ պետական կառույցների ներկայացուցիչներ պնդում էին, որ «մեզ հասնում է Ամերիկայի եւ Եվրոպայի աղբը», այնուամենայնիվ, այդ մուլտֆիլմերն աղբ անվանել չի կարելի: Դրանք արդեն իրենց արտասովոր ու ոչ մարդանման հերոսներով հանդերձ, դասական մուլտֆիլմերի շարքն են անցել:
Ի դեպ, շուտով ամերիկյան նոր մուլտֆիլմ կբարձրանա էկրաններ, որը կոչվելու է «Հարսնացուի դիակը» եւ պատմելու է կիսաքայքայված աղջկա դժբախտ սիրո եւ արկածների մասին: Անդրշիրիմյան աշխարհից ժամանած աղջկա գլխում չարաճճի որդ է ապրում, նա գերեզմանոցում ապրող մի անհեթեթ տղայի գողանում եւ իր հետ այն աշխարհ է տանում` երազելով ընտանիք ունենալ: Մուլտֆիլմի հեղինակը շատ յուրահատուկ ոճ ունեցող հոլիվուդյան ռեժիսոր Թիմ Բարտոնն է: Նրա ծիծաղելի եւ միաժամանակ խոցելի հերոսները, որոնք մարդ չեն, բայց շատ են ցանկանում մարդավարի կյանքով ապրել, հնարավոր է նույնպես «հայկականացվեն»: Իսկ ի՞նչ կասեն այդ մուլտֆիլմի մասին մեր պետական այրերը, ովքեր աղբ են համարում յուրաքանչյուր «ոչ հայեցի ու ազգային» ֆիլմ՝ չհասկանալով, որ աշխարհը առաջ է շարժվում, եւ միշտ էլ նորին առաջինը երեխաներն են արձագանքում:
Իսկ երեխաներին որակյալ մուլտֆիլմեր են պետք, քանի որ դրանք մեծ հոգեբանական եւ դաստիարակչական ազդեցություն ունեն: Ստացվել է այնպես, որ երեխաները մուլտֆիլմեր կամ հեռուստացույց դիտելուց բացի` ուրիշ զբաղմունք հաճախ չեն գտնում, իսկ «պիրատների» շնորհիվ ստիպված են խեղաթյուրված ֆիլմեր դիտել: Եվ մի քանի րոպե խորհելու փոխարեն` ստիպված են «հայավարի տժժալ» ամերիկյան մուլտֆիլմերի հայկական տարբերակների այսօրվա եւ վաղվա հերոսների նման: