Համատեղել է հաճելին եւ օգտակարը

27/01/2006

Օրերս մամուլում գովազդային հիմունքով տպագրվեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը՝ «Հետհամայնատիրական երկրներում ժողովրդավարության աջակցության ռազմավարություններ» թեմայով, որն ըստ ՀՀ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության՝ միջազգային խորհրդաժողովի շրջանակներում Ավստրիայի վարչապետ Վոլֆգանգ Շյուսելի կողմից տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ է հնչել: ԱԳՆ մեր աղբյուրների հավաստմամբ` Ա. Բաղդասարյանը Ավստրիա է մեկնել հանգստանալու նպատակով, սակայն NDI-ի խորհրդով մասնակցել է այդ խորհրդաժողովին: Այդ պատճառով էլ Ավստրիայում ՀՀ դեսպանատունը Ա. Բաղդասարյանի՝ Ավստրիա ժամանումից ընդամենը մի քանի ժամ առաջ է այդ մասին տեղեկացել: Դեռեւս վերջնականապես հայտնի չէ, թե ով է կազմակերպել այդ հանդիպումը: Խորհրդաժողովից հետո տրված ընթրիքին ներկա են եղել նաեւ Զբիգնեւ Բժեզինսկին, Լեհաստանի ԱԳ նախարարը եւ Ավստրիայի կանցլերը: Եվ մեր աղբյուրները կատակում են, որ Արթուր Բաղդասարյանն իշխանության մեջ ընդդիմություն խաղալով Բժեզինսկուն ուզում էր ցույց տալ, իբրեւ թե ինքն է Հայաստանի ամենադեմոկրատը: Բայց ներկաներն էլ հո՞ գիտեն՝ ինչն ինչոց է:

Ի դեպ, ըստ նույն աղբյուրի` 2006թ. մարտին պաշտոնական Վաշինգտոնի հրավերով կրկին ԱՄՆ կմեկնի ԱԺ նախագահ Ա. Բաղդասարյանը։ Սպիտակ տունն ԱԺ խոսնակին համարում է Ռոբերտ Քոչարյանի հնարավոր իրավահաջորդներից մեկը եւ պրն Բաղդասարյանի այցի շրջանակներում փորձելու է հստակեցնել ՀՀ քաղաքական դաշտում նրա ունեցած ազդեցության շրջանակները։