ԼՂՀ-ն այնքան էլ լավատես չէ

27/01/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Իսկ մինչ այդ, երկու երկրների նախագահների հանդիպումն «ավելի արդյունավետ նախապատրաստելու նպատակով» երկօրյա այցով առաջին անգամ Հայաստան էր ժամանել ԵԱՀԿ նոր նախագահ, Բելգիայի արտաքին գործերի նախարար Կարել դը Գուխտը: Վերջինս նախօրեին ուշ երեկոյան հանդիպեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Իսկ երեկ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ նա համատեղ ասուլիս էր հրավիրել:

Ի տարբերություն միջազգային հանրության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը չի կիսում խնդրի շուտափույթ կարգավորման վերաբերյալ լավատեսությունը: Ընդհանրապես, վերջին շրջանում ամենատարբեր մակարդակներով բավական հաճախ են խոսում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին եւ որպես հարցի լուծման համար առավել հարմար ժամանակ նշում 2006 թվականը: Սակայն ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը հակված է կարծելու, որ կողմերն իրականում հեռու են կարգավորումից: «Ելնելով Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններից` ես չեմ կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը մոտ են կարգավորմանը»,- Կարել դը Գուխտի հետ նախօրեին կայացած հանդիպումից հետո հայտարարեց Արկադի Ղուկասյանը` ավելացնելով. «Երբ ես լսում եմ, թե ինչպես Ադրբեջանի նախագահն իր գիտնականներին հանձնարարում է ապացուցել, որ «ղարաբաղցիները հյուր են իրենց հողում», ապա անհասկանալի է, թե կարգավորման մասին ինչ խոսք կարող է լինել: Բացի այդ, 600 մլն դոլարի ռազմական բյուջեի եւ հարցի ուժային կարգավորման մասին մշտական խոսակցությունները հաստատում են իմ հոռետեսությունը»: Ա. Ղուկասյանը վերստին բարձրացնելով բանակցություններին ԼՂՀ մասնակցության անհրաժեշտությունը` կարծիք հայտնեց, որ առանց ԼՂՀ մասնակցության, հնարավոր չէ լուծել այդ երկրին առնչվող խնդիրները: Ղարաբաղյան կողմը, պարոն Ղուկասյանի խոսքերով, բազմաթիվ հարցեր ունի հակամարտության կարգավորման փաթեթի վերաբերյալ: Իր այդ մտահոգությունը ԼՂՀ նախագահը բարձրաձայնել է Կարել դը Գուխտի հետ հանդիպման ժամանակ: Իսկ ԵԱՀԿ նախագահը չի առարկել` նշելով, որ ԼՂՀ-ն պարտադիր կերպով պետք է մասնակցի բանակցային գործընթացին: «Երբ մեզ հետ չեն խոսում, իսկ հարցը պետք է լուծվի հենց մեզ հետ, ապա դա փոքր-ինչ անհասկանալի է: Ես ԵԱՀԿ նախագահին ասացի, որ եթե Ադրբեջանը ցանկանում է ԼՂՀ-ն տեսնել իր կազմում, դա նրանց ցանկությունն է, իսկ մեր ցանկությունն է` անկախությունը: Երբ Ադրբեջանը բանակցություններ է վարում Հայաստանի հետ եւ հրաժարվում է ԼՂՀ-ի հետ երկխոսությունից, ապա պարզ է դառնում, որ պաշտոնական Բաքվի նպատակը մեկն է՝ Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր: Ես դա համարում եմ քարոզչություն: Երբ Ադրբեջանը սկսի բանակցություններ Լեռնային Ղարաբաղի հետ, դա կնշանակի, որ Բաքուն փորձում է հրաժարվել քարոզչությունից եւ ավելի շատ խոսել հենց հակամարտության կարգավորման մասին: Մենք բազմաթիվ հարցեր ունենք` ուղղված Ադրբեջանին, եւ եթե ադրբեջանական կողմն իրոք ցանկություն ունի արագ հարցը կարգավորել, ապա պետք է արագացնի ԼՂՀ-ի հետ երկխոսություն սկսելու գործընթացը»,- ասաց ղարաբաղյան պետության ղեկավարը: Ինչ վերաբերում է իրենց դիրքորոշմանը, ապա Արկադի Ղուկասյանի խոսքերով՝ Լեռնային Ղարաբաղը տարիներ առաջ հռչակել է իր անկախությունը, ԼՂՀ ղեկավարներն անկախություն հռչակած ժողովրդի ծառաներն են եւ պարտավոր են պաշտպանել այն: «Մենք չենք հրաժարվի մեր անկախությունից: Մնացած բոլոր հարցերը մենք պատրաստ ենք քննարկել բանակցային գործընթացի շրջանակներում: Մեզ համար փակ թեմաներ չկան: Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած խնդիր, որն առաջ քաշի Ադրբեջանը: Բնականաբար, պայմանով, որ Ադրբեջանը քննարկի մեզ հուզող ցանկացած խնդիր: Այստեղ չի կարող լինել միակողմանի շարժում: Բանակցությունները փոխադարձ գործընթաց է: Մեր անկեղծությունն ու փոխզիջումների գնալու պատրաստակամությունը ուղիղ համեմատական են Ադրբեջանի համանման պատրաստակամությանը»,- լրագրողներին ասաց Ա. Ղուկասյանը:

ԼՂՀ-ին պետք է միջազգային ճանաչում

Իսկ ՀՀ ԱԳՆ Վարդան Օսկանյանի հետ երեկ հրավիրած եւ մեկ ժամ ուշացումով կայացած ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ Կարել դը Գուխտն ասաց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը դժվարանում է այն պատճառով, որ ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ չէ: ԵԱՀԿ նախագահն ինքն էլ հասկանում է, որ որոշվում է Լեռնային Ղարաբաղի ապագան: «Սակայն Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված չէ, ինչը ներկայումս դժվարացնում է իրավիճակը երկու կողմերի համար»,- կարծիք հայտնեց նա: Պարոն դը Գուխտը հուսով է, որ Փարիզում երկու երկրների նախագահներն «իմաստություն եւ համարձակություն կցուցաբերեն» համաձայնության գալու համար. «Կարծում եմ, որ շատ կարեւոր է Փարիզում հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումից հետո սկսել դրանք պատշաճ կերպով կիրառել գործնականում: Ես դա նույնպես հստակ կերպով ասել եմ նախագահներին»,- հայտարարեց նա: Ինչ վերաբերում է հիմնախնդրի շուրջ առկա փաստաթղթին, ապա լրագրողների` ԵԱՀԿ նախագահին ուղղված այս հարցին պատասխանեց ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, այսօր բանակցությունների օրակարգում գտնվում է այն մեկ էջանոց փաստաթուղթը, որը մշակվել է ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ: «Այսօր մեկ էջանոց փաստաթուղթ կա: Այդ փաստաթղթի վրա ընդհանուր սկզբունքներ են ամրագրված, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում փաստաթուղթը կարող է նախագծի վերածվել: Հնարավոր է նաեւ, որ բանակցության ընթացքում այդ փաստաթուղթը մի կողմ դրվի, եւ բոլորովին այլ հարցեր քննարկեն,- ասաց Օսկանյանը` ավելացնելով,- նախագահները կապված չեն փաստաթղթերով, նրանք կարող են չընդունել համանախագահների կողմից առաջարկված փաստաթուղթը եւ կենտրոնանալ այն դրույթների վրա, որոնք համարում են կարեւոր եւ ցանկանում են քննարկել»:

Ի դեպ, խոսելով խաղաղապահների տեղակայման մասին, Կարել դը Գուխտն ասաց. «Մենք պետք է խաղաղապահ զորքեր տեղակայենք, վերականգնողական աշխատանքներ իրականացնենք, եւ կողմերը միջազգային կառույցների կողմից պետք է երաշխիքներ ստանան»: Ասուլիսի ժամանակ լրագրողները ԵԱՀԿ նախագահին հիշեցրին, որ 1994թ. կողմերը հրադադարի պայմանագիր են կնքել, սակայն այն բազմիցս խախտվել է: Հիմա ԵԱՀԿ-ն ի՞նչ երաշխիքներ կարող է տալ, որ չի խախտվի նաեւ այս համաձայնությունը, եթե, իհարկե, այն ձեռք բերվի: «ԵԱՀԿ-ն չունի զորքեր, եւ մենք մտադիր էլ չենք ունենալ: ԵԱՀԿ-ն բրոքերի դեր է կատարում: Մենք կարող ենք ասել, թե որ երկրի զորքերը կարող են դրանք լինել, որքան ժամանակով, եւ դա համաձայնեցնել կողմերի հետ»,- պատասխանեց Կարել դը Գուխտը: Իսկ թե որ երկրի զորքերը կարող են տեղակայվել Ղարաբաղի հակամարտության գոտում` պարոն Դը Գուխտը չնշեց: Իսկ Վարդան Օսկանյանն էլ նշեց, որ այդ հարցը քննարկելն առայժմ վաղաժամ է: «Ի վերջո, այդ հարցը պետք է լուծի ԵԱՀԿ-ն կամ այն մարմինը, որն իր վրա կվերցնի խաղաղապահ առաքելության խնդիրները, իհարկե, կողմերի համաձայնությամբ,- ասաց Վարդան Օսկանյանը, բայց եւ միաժամանակ ավելացրեց,- հենց այս պահից ասում եմ, որ տարածաշրջանում մենք չենք կարող ընդունել Թուրքիայի զորքերը»:

Հ.Գ. Ի դեպ, երեկ Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ Հայաստանը շահագրգռված է Իրանում խաղաղության պահպանմամբ, եւ Երեւանում մտահոգված են Հայաստանի անմիջական հարեւան Իրանում իրավիճակի զարգացմամբ: Օսկանյանի խոսքերով, Հայաստանի եւ Իրանի միջեւ լավ հարաբերություններ են հաստատվել՝ կառուցվում է գազատար, որը շատ կարեւոր է Հայաստանի էներգետիկ անվտանգության համար, գոյություն ունեն մի շարք համատեղ նախագծեր, աճում է ապրանքաշրջանառությունը, երկրները համագործակցում են այլ բնագավառներում: Եվ ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ իրանական միջուկային ծրագրի եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցներին առնչվող գործը չի հասնի մինչեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, եւ բոլոր հարցերը կլուծվեն խաղաղ դիվանագիտական ճանապարհով: