«Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» հնագույն ճշմարտությունը, որն աքսիոմատիկ անառարկելիությամբ նշանակել է հավասարակշռությամբ կայունության պահպանում, կարծես այնքան էլ չի արդարանում։ Չի արդարանում ոչ այն պատճառով, որ ուժեղի վրա չեն հարձակվում, այլ որովհետեւ խաղաղությունը պատերազմի հականիշը չէ։
Եթե շրջենք հնագույն ճշմարտությունը, ասածս միանգամայն պարզ կդառնա, որովհետեւ անհեթեթություն կլինի ասել, թե «Պատրաստվում ես պատերազմի, ուրեմն խաղաղություն ես ուզում»։ Եթե պատրաստվում ես պատերազմի, եթե հայտարարում ես, որ 2006-ին 2005-ի համեմատ, օրինակ, Ադրբեջանի ռազմական ծախսերն ավելանալու են կլոր հարյուր տոկոսով, եթե հայտարարում ես, որ Հայաստանի զինված ուժերը 2005-ին ավելի շատ ռազմամթերք է ձեռք բերել, քան անցած տասը տարում, ուրեմն խաղաղության մասին խոսք լինել չի կարող, ուրեմն պատրաստվում ես պատերազմի։
Չենք ասում, չէ՞. «Հարսանիք ես ուզում, պատրաստվիր հոգեհացի»։ Չնայած այս երկու արարողությունների գաստրոնոմիական բովանդակությունը գրեթե նույնն է, բայց էական տարբերությունը տրամադրությունն է, որով պատրաստվում ենք այս երկուսին։ Եվ չնայած բաստուրման, սուջուխը, ապուխտն ու այլ մսամթերքը նույն մարդիկ են կտրատում, նույն ջանասիրությամբ ու նույն վարպետությամբ, բայց հագուստը կամ երաժիշտներին ընտրելիս մոտեցումները տրամագծորեն տարբերվում են եւ հետեւաբար չես կարող հարսանիքի պատրաստվել՝ առաջնորդվելով սոսկ հոգեհացի գաստրոնոմիական բովանդակությամբ։
Հիմա, եթե խաղաղություն ենք ուզում, բայց պատրաստվում ենք պատերազմի, ուրեմն պատրաստվում ենք ինչ-որ բանի, որը կարելի է անվանել «պատերազմից խույս տալ», բայց ոչ երբեք խաղաղություն։ Հիմա, եթե խաղաղություն ենք ուզում, բայց երկուստեք ինչ-որ թվեր ենք կրակում ռազմական ծախսերի ավելացման մասին, ուրեմն ընդամենը պատրաստվում ենք բարձր մակարդակի առաջիկա հանդիպման ընթացքում երեխայաբար իրար աչք խոթել պատերազմի համար անհրաժեշտ երկաթեղենը, բայց ոչ երբեք` խոսել խաղաղության հասնելու ուղիների մասին։
Փետրվարի տասին այս տրամադրությամբ Փարիզում հանդիպելիս Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն ո՞ւմ են ներկայացնելու՝ իրենց ժողովուրդների՞ն, թե՞ իրենց սպառազինությունը։ Եվ հանդիպումից հետո, երբ համառոտախոսեն մոտավորապես «Լիահույս ենք, որ կարեւոր քայլ կատարեցինք խաղաղ կարգավորման ճանապարհին» բառակույտով, ի՞նչ պիտի նկատի ունենան՝ որ իրար հաթաթա՞ են տվել ռազմական ծախսերով, թե՞ մի այլ բան։
Պարզ է, որ ոչ առաջ, ոչ էլ փետրվարի տասին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չեն ներկայացրել ու չեն ներկայացնելու իրենց ժողովուրդներին։ Ոչ այն պատճառով, որ երկուսն էլ, մեղմ ասած, համաժողովրդական վստահության խնդիրներ ունեն, այլ որովհետեւ իրենց ժողովուրդներին խնամքով պահպանում են որպես «ատկազի» գործոն։
Հակառակ դեպքում երկու պետությունների ղեկավարները բարձր հանդիպումից առաջ ժողովրդական հարցումներ կկազմակերպեին ու Փարիզ գնալիս կներկայացնեին ժողովրդի իրական կարծիքը եւ ոչ թե «Մենք, այո… կարեւոր քայլ, բայց ժողովուրդը պատրաստ չէ» հերթապահ ձեւակերպմամբ խույս կտային եւ կտան խաղաղության մասին խոսելիս։ Հարց է առաջանում, իսկ ո՞վ պիտի պատրաստի ժողովրդին, եթե ոչ պետությունը, եթե, իհարկե, պետության համար խաղաղ կարգավորման բանակցությունները ոչ թե հերթական միջոցառում են, այլ ժողովրդի շահերից բխող քաղաքականություն։
Անցած մոտ ութ տարում քանի՞ անգամ հանդիպած կլինեն Ադրբեջանի նախագահներ հայր եւ որդի Ալիեւներն ու Հայաստանի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։ Այդ հանդիպումներից հետո քանի՞ միլիմետր է տեղից շարժվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը։ Միակ տեղաշարժը եղել է սպառազինության ոլորտում՝ իբր հանուն խաղաղության, բայց իրականում` ի պատրաստություն պատերազմի։
Եթե նախկինում հայ-ադրբեջանական սահմանները երկուստեք հսկում էին ժամկետային զինծառայողները, եւ հույս կար, որ այդ հազարավոր տղաների ծնողները հանուն իրենց երեխաների անվտանգության կարող էին խաղաղության շահագրգիռ կողմ լինել, հիմա երկու կողմում էլ ծավալվում է բանակային ինդուստրիան՝ վարձկան զինվորների գումարտակների տեսքով։ Դե, պարզ է, եթե սահմանամերձ գոտիների բնակիչները մեկուսացվածության եւ նշանառության տակ բիզնես զարգացնելու աննպատակահարմարության պատճառով մատնված են գործազրկության եւ աղքատության, ամենալավ ինդուստրիան կարող է լինել ժամկետային ծառայությունն ավարտած զինվորներին աշխատավարձով գործի վերցնելը, որ համ սահմանը պահեն, համ էլ իրենց տունը։
Տավուշի մարզի մի բնակիչ, ում անունը հասկանալի պատճառներով չեմ տալիս, ասում էր. «Երեք տղա ունեմ, երեքն էլ վարձու զինվոր են, լավ փող են առնում»։ «Ամուսնացա՞ծ են»,- հարցնում եմ։ «Չէ, ինչ ամուսնանալ, մինչեւ պայմանագիր կնքելը պապիրոսի փող չունեին, մտան բանակ, հիմի էլ տասնչորս օր տանը չեն, դրանց հետ ո՞վ կապրի»։ Զրուցակիցս վստահ էր, որ պայմանագրի ավարտից հետո խնայված փողով իր որդիները կգնան Ռուսաստան՝ բախտ որոնելու։
Իսկ մենք ասում ենք, թե հնագույն ճշմարտություն է. «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»։